Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մաթեւոսյանը` «վարչապետին ասա» կոչի եւ մաթեւոսյանական կենտրոնի չլուծված խնդրի մասին

Դեկտեմբեր 19,2018 15:35

Հրանտ Մաթեւոսյանի որդուց` ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակով, հարցրինք, արդյոք որեւէ զարգացում կա՞ այդ առումով, կամ մասնավոր հատվածից` ներդրումներ անելու ցանկություն եղե՞լ է այս ընթացքում:

«Մասնավոր անձանց կոչ չի արվել, որ դրանով զբաղվեն, նոր ժամանակներում համենայն դեպս, նման կոչ չի եղել: Հին ժամանակներում կառավարությունն ինքն էր ստանձնել բոլոր ծախսերը հոգալու պատասխանատվությունը: Այն ժամանակ եւս դարձյալ կոչ չէր արվել մասնավոր անձանց ներդրումներ անել:

ՀՀ նախագահի եւ վարչապետի տիկնոջ այցերի ժամանակ երկուսն էլ խոսեցին մի օր ինչ-որ մի մասի օժանդակելու կամ իրենց կապերի, ընկերների միջոցով նախաձեռնություն ցուցաբերելու եւ հնարավոր ներդրումներ ապահովելու մասին, ինչի համար շնորհակալ եմ, որովհետեւ կենտրոն-թանգարանի ստեղծումը չի սահմանափակվում միայն շենքը ձեւավորելով, մեզ միջավայր է պետք` հայեցակարգին համապատասխան:

Մենք թե կառավարությանը, թե մշակույթի նախարարությանը, թե քաղաքաշինության կոմիտեին եւ քաղաքապետարանին տարբեր ժամանակներում առաջարկներ ենք ներկայացրել շրջակա միջավայրում Լոռվա բնության մոդելավորմամբ բուսաբանական այգի ձեւավորելու, Անտառամեջ, Ծմակուտ կամ Ահնիձոր ստեղծելու համար»,-ասաց Դավիթ Մաթեւոսյանը:

Ապա հավելեց. «Իսկ թե ինչ խմորումներ, գործընթացներ են ընթանում կառավարության խորքերում, ես չեմ կարող ասել: Համոզված եմ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունենում: Գիտեմ, որ այն պահին, երբ «Հայկական Ժամանակ» օրաթերթը հետաքննություն սկսեց հրապարակման նպատակով, անմիջապես 20 րոպեում փորձագիտական եզրակացության հարցը լուծվեց, ինչը 7 ամսվա ընթացքում ոչ մի կերպ չէր լուծվում:

Կարծում եմ, որ հետո էլի ինչ-որ բաներ տեղի կունենան: Բայց այս պահին ես կրկին ահազանգում եմ` ՇԵՆՔՆ ԱՆՏԵՐ Է… Ոչ մեկի բալանսի վրա չէ, եւ ոչ մեկը չի հոգում այն որեւէ մեկի բալանսի վրա դնելու հարցը: Համենայն դեպս, առերեւույթ չի հոգում, ես չեմ տեսնում որեւէ արձագանք: Որեւէ հեռախոսազանգ կամ նամակ չեմ ստանում, որ այդ շենքը պետք է որեւէ մեկի հաշվեկշռին դնել:

Ի դեպ, ես ի պաշտոնե չպետք է ստանամ, ես զուտ որպես ժառանգորդ եմ խոսում: Փաստորեն պետք է քայլեր արվեն, քաղաքաշինության կոմիտեն, պետական գույքի կառավարման կոմիտեն, մշակույթի նախարարությունը նախաձեռնություն պետք է ցուցաբերեն` դիմելով կառավարությանը այդ անհրաժեշտաբար արվելիք որոշումները իրականացնելու համար»:

Հրանտ Մաթեւոսյանի որդին ընդգծում է. «Շենքն առաջնահերթորեն ունի խնդիր, որ եթե սաստիկ ցրտեր լինեն, մենք ի վիճակի չենք լինի այն ջեռուցել, որովհետեւ մեծ ծախսերի հետ է կապված, որոնք չեն կարող թղթավարական առումով մեր` մասնավոր «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից արդարացվել որեւէ կերպ, որովհետեւ այնտեղ 1400 քմ տարածք է, էլեկտրականությունն ու գազը գերածախս կտան մեր համեստ, մանավանդ չձեւակերպված բյուջեի հնարավորությունների առումով»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց. «Երբ շահագործման էին հանձնում, երբ հանձնման-ընդունման ակտ պետք է ստորագրեր քաղշինկոմիտեն մյուս գերատեսչությունների եւ շինարարների հետ, ու քանի որ հնարավոր չէր անտեր, անհասցե շենքում գազ, ջուր, էլեկտրականություն տեղադրել, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը գրանցվեց որպես գազի, ջրի, էլեկտրականության հաշվի տեր, թեեւ որպես մշակութային կենտրոն-թանգարան գրանցված չէ:

Մենք հիմա կարող ենք հրաժարվել դա մուծելուց, կարող ենք մի կողմ քաշվել, կարող ենք նաեւ բանալին դնել ծրարի մեջ եւ ուղարկել կառավարությանը, ասել` ահա ձեր սիմվոլիկ բանալին, արեք ձեր շենքի հետ ինչ ուզում եք, որովհետեւ մենք ընդամենը հողի սեփականատերն ենք, որի վրա շենքը կառուցվել է: Մի ժամանակ այդպես է ստացվել, այդպես է մտածվել: Եվ հողի սեփականատեր լինելը մենք ընկալել ենք որպես հակաերաշխիք հնարավոր մեքենայություններից եւ շենքը տիրապետելու հնարավոր ոտնձգություններից մինչեւ որ հանգիստ, կայուն, նորմալ վիճակ լինի եւ հարցը հստակեցվի, գոյություն ունենա հականե-հանվանե, ի պաշտոնե ձեւակերպված կլինի որպես պետական հիմնադրամ կամ պետական ոչ առեւտրային կազմակերպություն կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն: Բայց դրան դեռ չենք հասել»:

Դավիթ Մաթեւոսյանը նշում է, որ ոչ պաշտոնական խոսակցություններում շարունակաբար խորհուրդ են տալիս դիմել վարչապետին. «Ասում են` վարչապետին ասա: Ես չեմ հասկանում, ինչու պետք է ամեն հարցով դիմել վարչապետին, որը զբաղվում է հանրապետության գլոբալ ներքին քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական խնդիրներով: Ի՞նչ կարիք կա նրան կենտրոնի խնդիրներով անհանգստացնել` ելնելով այն փաստից, որ մենք բարեկամ ենք, մտերիմ ենք, ընկեր ենք:

Ի վերջո, պետության ուշադրությունը հավուր պատշաճի ամրագրված է կառուցի նկատմամբ հենց այն բանով, որ շենքը կառուցվում է, որ ՀՀ նախագահը` լինելով, Հրանտ Մաթեւոսյանի վաղեմի բարեկամը, կամ Աննա Հակոբյանը` լինելով նրա ընթերցողը եւ նրան ճանաչողներից մեկը եւ վարչապետի տիկինը, ուշադրություն դարձրին խնդրին եւ այցելեցին շենք ու շինարարության տարածք:

Դրանից ավել, ոչ էլ կարիք կա, որ ես ակնկալեմ: Իսկ «վարչապետին ասա»-ն իրենց մեկնաբանությամբ կամ տարամեկնաբանությամբ կարող է մի բան նշանակել, որ ինչ-որ հարց կա, որը պետք է վարչապետի հետ խոսել ու պարզաբանել: Բայց այդ դեպքում, թող իրենք անկեղծ լինեն եւ ինձ ասեն դա: Կամ թող որեւէ ազդակ լինի վարչապետի եւ նրա աշխատակազմի կողմից, որ մի բան այն չէ, հասկանանք, թե ինչո՞ւ է այս վիճակը ստեղծվել:

Ի՞նչ է նշանակում առհասարակ միլիոնանոց կապիտալ ներդրում անելուց հետո, մի կողմ քաշվել, որեւէ բյուջեում` 2018, 2019 թթ չընդգրկել, զուտ թղթավարական, բյուրոկրատական հիմար քաշքշուկներով արդարացնել խնդիրը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31