Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի աշխատողին Երեւանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն ու ռուսերեն սովորեցնել». «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքի բանավեճը

Դեկտեմբեր 19,2018 15:29

Երեւանի 2019-ի բյուջեի հետ կապված այսօր «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ վարչական ծախսերը, որոնց ավելացմանն իրենք դեմ են՝ գործուղումներ, պարգեւատրումներ, աշխատակազմի վերապատրաստման ծախսերը՝ այս բյուջեով ավելացել են շուրջ 1 մլրդ դրամով. «Վերելակների հիմնանորոգման բյուջեն մինչեւ 37 մլն դրամ նվազել է, սրան ի պատասխան ասում են, որ նախկինում անարդյունավետ էին ծախսվում գումարները, մենք արդյունավետությունը բարձրացրել ենք, ծախսը կրճատել են: Մենք ասում էինք, շատ լավ է, որ գտել եք անարդյունավետ ծախս է, բյուջեն պահեք, ավելացրեք շրջանակը»:

Ըստ Խաժակյանի, Տարոն Մարգարյանի «մահվան վերելակները» շարունակելու են լինել Երեւանում ու այս բյուջեն հնարավորություն չի ընձեռում նույնիսկ դրա փոքր մասը կարգավորել. «Եղած բյուջեով հնարավոր չէ ամբողջ ծավալի նույնիսկ մինիմալ մասն ապահովել: Խոսվում է կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման բյուջեի նվազման մասին՝ մինչեւ 76 մլն դրամով: Քաղաքապետարանն ասում է՝ խնդրում եմ մեր գործընկերներին, որոնք թիրախավորել են այս կետը, փորձեն անձամբ ուսումնասիրեն կանաչապատ տարածքները: Այդ տարածքները ավելի են ներկայացված, քան պետք է լինեն»: Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը հավելեց՝ «Ասում են՝ գնացեք նայեք կանաչապատ գոտիները, ի՞նչ գնանք նայենք, ո՞ւր գնանք նայենք, չնայած գնացել ու նայել ենք»:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Հովհաննիսյանը, անդրադառնալով գործընկերների քննադատությանն, ասաց. «Երբ հաստիքացուցակը ներկայացրեցին, «Լույս» դաշինքն ասաց, որ ուռճացված է: Մենք ասացինք՝ այս պահին դեռ չունենք թաղապետեր նշանակած, քաղաքապետի տեղակալներ, մենք ընդունում ենք այս հաստիքացուցակը, հետագայում դրան կանդրադառնանք: Հիմա տեսանք, որ Հայկ Մարությանն ասաց, որ իր խորհրդականների թիվը կրճատել է»:

Խաժակյանը միջամտեց՝ «թիվն էլ հնչեցրեք, 6 խորհրդական ունի»: Հովհաննիսյանն արձագանքեց՝ «Դուք մեր տարբերակին՝ օպտիմիզացիայի կողմ քվեարկեցիք», Խաժակյանն էլ զարմացավ՝ «Այսինքն` պետք է դե՞մ քվեարկեինք, դուք մեզ մղում եք ոչ կառուցողական դա՞շտ»:

Քաղաքապետարանը նաեւ պարգեւավճարների համար կլորիկ գումար է նախատեսել՝ 1 մլրդ 232 մլն: Խաժականը գտնում է, որ աշխատավարձը բարձրացնելու փոխարեն, երբ պարգեւավճարների համար է գումար նախատեսվում, բերելու է նրան, որ վերադասը ունենալու է լիազորություն՝ մեկին բոնուս տալու կամ չտալու. «Եթե շուկայի մասնագետին 120 հազար դրամ աշխատավարձով աշխատանքի են ընդունել, հիմա ուզում են եւս 120 հազար դրամ ծախսեն, որ մոտիվացնեն՝ մենք ասում ենք, որ աշխատավարձը դարձրեք կրկնակի, լավ մասնագետների ընդունեք»:

Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ ուսումնասիրել են ու պարզել են, որ քաղաքապետարանի աշխատողների մեծ մասը անգլերեն ու ռուսերեն չգիտի, իմացության մակարդակը շատ ցածր է: Խաժակյանը քննադատեց. «Եթե դու 120 հազարով աշխատանքի ես ընդունել մեկի, որի տարիքը 35-40 տարեկան է ուզում ես անգլերենի դասընթացի ուղարկի, ուզում ես խորացված անհատական դասընթացի ուղարկիր, դա անարդյունավետ ծախս է: Ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի հողի վարչության վերահսկողության աշխատողին Երեւանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն ու ռուսերեն սովորեցնել՝ 1 մլրդ, 232 մլն-ի շրջանակի»:

Լեւոն Հովհաննիսյանն արդարացրեց այսպես՝ «Աշխատավարձերը ցածր են, մենք ընտրել ենք այդ տարբերակը, քանի որ աշխատավարձի բարձրացում չենք անում: Պարգեւատրումը մոտիվացիոն ճանապարհ է»: «Իմ քայլը» դաշինքը հասկացել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների, այդ թվում՝ քաղաքապետի աշխատավարձը շատ ցածր է, որակյալ մասնագետները այդ ցածր աշխատավարձով չեն գա աշխատի, ուստի պետք է եղած աշխատողներին վերապատրաստել»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանն այս առնչությամբ «Իմ քայլը» դաշինքի մոտեցման կողմնակիցն էր. «Կադրային ջարդ չի լինելու, մոռացե՛ք: Դրանք միավորներ չեն, մարդիկ են, պարտավոր ենք բոլորին էլ տեր կանգնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31