«Ատելության խոսքի մեծ քանակ անցած ընտրություններում չի արձանագրվել. դրա մասին խոսակցություններն ավելի շատ են եղել, քան բուն արձանագրված դեպքերը»,- այս կարծիքն այսօր բարձրաձայնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը: Նա «Մեդիա կենտրոնում» ներկայացնում էր «Ընտրական մրցակցությունը հայաստանյան օնլայն հարթակներում-2018» հետազոտության արդյունքները: Ըստ բանախոսի, սեւ PR-ն ու կոշտ հակաքարոզչությունն ավելի շատ են եղել անցած ընտրություններում:
Ըստ հետազոտության, քարոզչական տրամադրությունների հիմնական առանձնահատկությունները եղել են. վարչապետը քարոզարշավի ժամանակ խոսել է 24 տարբեր խնդիրներից եւ նրա գնահատականները`մրցակից ուժերի հասցեին, երկրի իրավիճակին, գրեթե համաչափ է եղել, ՀՅԴ-ն խոսել է 16 խնդիրներից եւ նրա դրական կամ բացասական գնահատականներն ավելի շատ են եղել, քան չեզոքը, ինչը մշտապես բնորոշ է եղել ՀՅԴ-ի քարոզչական «բնավորությանը», ՕԵԿ-ը 17 խնդիրներից է խոսել, դարձյալ համաչափության սկզբունքը պահելով: «Իմ քայլը», ԼՀԿ-ն, «ՔՈ» ՍԴԿ-ն նույնպես դրական, բացասական եւ չեզոք գնահատականները համաչափ են պահել: ՀՀԿ-ում էականորեն գերակշռել են միայն բացասական գնահատականները: ՀՀԿ-ում 18 խնդիրների մասին են խոսել`բացառապես բացասական արտահայտվելով վարչապետի հասցեին`կոշտ հակաքարոզչության եւ քննադատության տեսքով: «Սասնա ծռերը», ՔԺՎԿ-ն, Ազգային առաջընթացը նույնպես համաչափ քարոզչական գծեր են տարել: «Մենք»-ում`դրականն է գերակշռել: ԲՀԿ-ն մնացել է իր ավանդույթներին հավատարիմ. նախկին քարոզչական ընթացքների հետ համեմատ, այս անգամ էլ մրցակից ուժերի նկատմամբ ԲՀԿ-ից բացասական երանգները քիչ են եղել, գերակշռել է դրական վերաբերմունքը:
Վարչապետը 24 դեպքից 16-ում բացասաբար է հիշատակել ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին: «Իմ քայլը» դաշինքը բացասական է արտահայտվել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Մենք»-ի, անգամ նորաստեղծ «ՔՈ»-ի հասցեին: ՀՀԿ-ն 18 դեպքից 18-ով վարչապետի, 12-ով կառավարության, «Սասնա ծռերի» եւ անգամ նորաստեղծ կուսակցությունների մասով: ՀՅԴ-ն կառավարության մասին միայն բացասական է խոսել, նաեւ վարչապետի, ՀՀԿ-ի եւ ԼՀԿ-ի հասցեին է բացասական խոսել: ԲՀԿ-ն քիչ, բայց բացասական է խոսել`ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի մասին:
Այս ընտրական գործընթացի առաջին գլխավոր առանձնահատկությունն, ըստ հետազոտության, այն է, որ ունեցել ենք սպրինտերային տեմպերով ընթացող քարոզչություն եւ լրատվամիջոցների կողմից, մասնավորաբար, էլեկտրոնային, գերլուսաբանում: Նախորդ ընտրական գործընթացներին սա հատուկ չի եղել: Եղել են ԶԼՄ-ներ, որոնք օրվա ընթացքում 39-98 նյութ են ունեցել`ընտրությունների մասին:
Հաջորդ առանձնահատկությունը`գերվիզուալիզացումն է: Առցանց հարթակներում բավական մեծ թվով տեսանյութեր են եղել, այդ թվում նաեւ սեփական արտադրության, նաեւ ուղիղ միացումներ`30 րոպեից մինչեւ 3,5 ժամ տեւողության: Որոշ լրատվամիջոցների նյութերի 50 տոկոսից ավելին եղել է տեսանյութերի տեսքով: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի էջում էլ 88 տոկոսը տեսանյութերի միջոցով է եղել:
Մյուս առանձնահատկությունը, որը միայն այս ընտրարշավի բնորոշ առանձնահատկություն չէ, ֆեյսբուքյան եւ առհասարակ ուղիղ միացումներն են: Ամռանից են դիտարկվել մի քանի գործիչներ, ովքեր պայքարի մեջ էին մտել «Իմ քայլի» ներկայացուցիչների եւ վարչապետի ուղիղ եթերների հետ` Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան եւ այլն: Այս անգամ նաեւ բովանդակության գերինտենսիվ շրջանառում է եղել`ֆեյսբուքից առցանց լրատվամիջոցներ եւ հեռուստաընկերություններ: Մշտապես ուշադրություն է դարձվել Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներին: Նաեւ տարբեր առցանց հարթակներ, տեղադրել են հեռուստաբանավեճերը: Մասնավորաբար, «Արարատ» TY-ի բանավեճերը`News.am-ն է ամբողջությամբ տեղադրել եւ այլն: Իսկ Հանրային հեռուստաընկերության առաջին դեմքերի 3,5 ժամանոց դեբատը ամբողջությամբ, մաս-մաս կամ սղագրությամբ տեղադրվել են առցանց հարթակներում:
Էլեկտրոնային լրատվամիջոցներից դիտարկվել են Aravot.am, News.am, 1in.am, ArmLur.am, Lragir.am, Tert.am կայքերը:
Դիտարկումները եղել են նոյեմբերի մեկից մինչ այս պահը`տարբեր փուլերով`նախընտրական, ընտրական եւ հետընտրական: Ընտրանքի հարցում մոտեցումներն էլ են տարբեր եղել. «Իմ քայլը» դաշինքից դիտարկվել է վարչապետի էջը, Լենա Նազարյանի եւ դաշինքի պաշտոնական էջը, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյանի եւ կուսակցության պաշտոնական էջերը, ԲՀԿ-ից`Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի էջերը, ՀՀԿ-ից`Վիգեն Սարգսյանի եւ Արմեն Աշոտյանի էջերը, «Մենք» դաշինքից`դաշինքի էջը, Արամ Սարգսյանի եւ Անժելա Խաչատրյանի, նորաբաց կուսակցությունների դեպքում միայն կուսակցությունների պաշտոնական էջերն են դիտարկվել: 22 ֆեյսբուքյան հարթակ է դիտարկվել-ուսումնասիրվել: Նպատակը եղել է սեփական հարթակում տվյալ ուժի կամ գործչի վարքագծի դիտարկումը, լսարանների աճն ու նվազումը արձանագրել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լաուրա Բաղդասարյանի լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի