«Ինձ մոտ տպավորություն է, որ կոնկրետ մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչները շարունակում են մնալ հետընտրական դեպրեսիայի մեջ եւ վերջիններիս քաղաքական մարսողությունն ուղղակիորեն խանգարվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցի եւ հանգստի համալիրի կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի: «Գագիկ Ծառուկյանի եւ նրա անգլիացի գործընկերների 100 մլնի-ից ավելի ներդրումների յուրաքանչյուր ցենտը փաստաթղթավորված է, որեւէ անօրինական գործարք չի եղել, չէր էլ կարող լինել: Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական սրացումներն ուղղակի ազդում են նաեւ ոմանց ուղեղի արյան շրջանառության վրա, բայց հերթական անգամ եւ կրկին բարեկամաբար, խորհուրդ եմ տալիս հանգստանալ եւ զբաղվել սեփական քաղաքական ուժի պրոբլեմներով, որոնք, վստահեցնում են ձեզ, բավականին խնդրահարույց են»:
Արձագանքելով այն հրապարակումներին էլ, որ Իվետա Տոնոյանը հեռացվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականություններից, նաեւ այլեւս չի զբաղվելու «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատանքներով, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Սա նույն քաղաքական մարսողության խանգարման հետեւանքի ժանրից է: Իվետա Տոնոյանը շարունակում է կատարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, որովհետեւ, թե Գագիկ Ծառուկյանը, թե մեր ողջ քաղաքական թիմը, Իվետա Տոնոյանի գործունեությունը գնահատում են շատ բարձր»:
Արդեն իբրեւ նախկին լրագրող, Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ինքն այսօր այլընտրանք չի տեսնում Իվետա Տոնոյանին`«այդ կարեւոր եւ պատասխանատու գործառույթը կատարելու»:
Իսկ ընդհանրապես, իր համար առնվազն շարունակում է զարմանալի մնալ, որ «որոշ ուժերի եւ գործիչների մոտ քաղաքական մանրախնդրությունը եւ քաղաքական քինախնդրությունը հասել են պարանոյայի. պարանոյայի դեմ, ՀՀ առողջապահության նախարարությունը հումանիտար օգնություն դեղամիջոցներ է ստացել, հորդորում եմ դիմեն նախարարության հումանիտար ծրագրին`այդ դեղամիջոցը ստանալու եւ սեփական քաղաքական մարսողությունն ու քաղաքական պարանոյան հաղթահարելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ