Հայաստանի քաղաքացի, Ուկրաինայի զինված ուժերի 130-րդ հետախուզական գումարտակի ամենամարտական խմբերից մեկի հրամանատար, սերժանտ Համլետ Ավագյանի խումբը բաղկացած է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներից, որոնք պայմանագիր են կնքել Ուկրաինայի զինված ուժերի հետ, և առաջին տարին չէ, որ ծառայում են. գրում է ուկրաինական censor.net.ua գործակալության խմբագիր Յուրի Բուտուսովը:
Համլետը պայմանագիր է կնքել 2016թ., Ուկրաինայում նա ունի ընտանիք՝ կին, երեխա, սա նրա երկրորդ ընտանիքն է: Նա բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում,մասնագիտությամբ գեոդեզիստ է: Մասնակցել է Ղարաբաղի 2016թ. ապրիլի մարտերին, իսկ 2016թ. ամառվանից ծառայում է Ուկրաինայում և պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Բուտուսովը:
Համլետի խումբը ռոտացիայի ընթացքում իրականացնում է տասնյակ մարտական խնդիրներ: Ոչ միայն հետախուզություն, այլ նաև պարբերաբար, այսպես կոչված, պատասխան կրակ է բացում Մինսկի համաձայնագրի խախտողների ուղղությամբ, որոնք «վտանգ են ներկայացնում անձնակազմի համար»:
Այժմ Համլետը գործում է այն շրջանում, որտեղից հակառակորդը կանոնավոր կերպով իրականացնում է ուկրաինական դիրքերի գնդակոծում: ՀԱՊԿ-ը գիտի՝ որտեղ է դա, սակայն, ցավոք, հակառակորդի դիպուկահարներին պետք է պատժել, խաղաղապահների հորդորները չեն օգնում: Մեկ տարվա ընթացքում այդ քառակուսում մեր հետևակային բատալիոններից մեկն ունեցել է 11 զոհ և վիրավոր, գրում է Բուտուսովը:
Հայ-վրացական հետախուզական խմբում յուրաքանչյուր կռվող ունի ռադիոկայան, համազգեստը, կոշիկը, հանդերձանքը տրամադրվում է և՛ պետությունից, և՛ կամավորներից, սնունդը նույնպես լավն է, և՛ բանակը, և՛ կամավորները ապահովված են բազմազան սննդով: Կամավորական միջոցներով Համլետը արտասահմանից գնել և Ուկրաինա է բերել ամերիկյան խոշոր՝ 12.7մմ տրամաչափի «Բարրետտ» տեսակի դիպուկազարկ հրացան, գնել է թանկ փամփուշտներ, բացի այդ, նրան փոխանցել են հեռաչափ: Երկու տարվա մշտական փորձի և պատրաստման արդյունքում սովորել է մեծ հեռավորությունների վրա կրակել:
Համլետը հեղինակություն ունի և՛ հետևակի, և՛ հետախույզների ու Միավորված ուժերի օպերացիայի հատուկ ծառայությունների շրջանում: Նա միշտ պատրաստ է գործել, չի սիրում նստել նույն տեղում և արձագանքում է շատ խնդրանքների: 2016թ. նոյեմբերի 24-ին Համլետն ընկել է գնդակոծության տակ, ստացել է ինը վիրավորում, այդ թվում՝ ծանր վնասվածք որովայնի շրջանում, Մենչինկովի հիվանդանոցի բժիշկները փրկել են նրա կյանքը:
Սակայն բարդ բյուրոկրատիայի պատճառով վիրավորումների համար նյութական օգնություն Համլետը դեռ չի ստացել, չնայած նրան և իր ընտանիքին գումարը շատ անհրաժեշտ է: Հարցին՝ ինչու Ուկրաինա, ինչու է նա պատերազմում՝ Համլետը պատասխանել է. «Այստեղ արդեն իմ ընտանիքն է, իմ հայրենիքը: Թեկուզ ես պատիվ չունեմ ուկրաինական անձնագիր ունենալ, սակայն դա ձևականություն է, կռվելու իրավունք ես ստացել եմ, ինձ դա բավարար է: Զգում եմ, որ ճիշտ գործ եմ պաշտպանում, պաշտպանում եմ մարդկանց, ում վրա հարձակվել են ռուսները, և ինձնից շատ բան է կախված: Դա իմ պարտքն է՝ որպես մարդու, որը ցանկանում է լինել Ուկրաինայի քաղաքացի: Այստեղ ես գործընկերներ ունեմ, յուրաքանչյուրն ունի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, կան մարդիկ, որոնց պատերազմը քշել է Աբխազիայից, բոլորն իրենց հաշիվներն ունեն: Ռուսաստանը իր հարևանների մոտ խաղաղությամբ չի գնում, Ռուսաստանը միայն պատերազմով է գալիս: Ահա և ես որոշեցի. պետք է ծառայեմ Ուկրաինայի զինված ուժերում, կխփենք ռուս օկուպանտներին, մինչև ազատենք Ուկրաինան:»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ