Թեեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 18-ին հայտարարեց, որ Արցախյան հակամարտության հարցում ՀՀ արտգործնախարարի հետ փոխըմբռնման են հասել, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ նմանօրինակ հայտարարությունները չպետք է նորություն համարվեն: Ըստ նրա՝ Ադրբեջանը «հուսադրողի» կերպար է ընդունել, որպեսզի հոգեբանական եւ քաղաքական ճնշում գործադրի ՀՀ նոր իշխանություն վրա: «Չեմ կարծում, որ Ադրբեջանը ՀՀ իշխանություններից կարող է կտրուկ փոփոխություններ ակնկալել, որովհետեւ մեր դիրքորոշումը պարզ է՝ խնդրի լուծման մասին կխոսենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ լինի, իսկ նա պատրաստ չէ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Բորիս Նավասարդյանը:
Նա գտնում է, որ հաջորդ տարում Արցախյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չեն լինի. «Կտրուկ փոփոխություն կարող է լինել հնարավոր ռազմական գործողությունը: Դա երբեք չի կարելի բացառել, իսկ խնդրի լուծման խաղաղ ճանապարհի եւ փոխզիջումների համար նախադրյալներ չկան»:
Չնայած Ադրբեջանից հնչող «կառուցողական» հայտարարություններին՝ Բորիս Նավասարդյանը կոչ է անում չմոռանալ, որ այդ երկիրը նախորդ ամիսներին Նախիջեւանի հատվածում լարվածության օջախ ստեղծեց. «Քանի որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, Ադրբեջանը հույս է տալիս, թե կարող է կառուցողական միջավայրում բանակցել, մյուս կողմից՝ ակնարկում, որ պատրաստ է կտրուկ գործողությունների: Այսինքն, ասում է՝ դուք ընտրեք»:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/957081117810860/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ