Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում եւ ԼՀԿ-ում, ի տարբերություն «Իմ քայլի» դեռ պաշտոններ չեն բաժանում

Դեկտեմբեր 19,2018 13:40

«Լռություն, չի նշանակում, որ քննարկումներ չկան: Բայց պարտադիր չէ, որ այդ քննարկումները լինեն հրապարակային կամ մեր ներքին քննարկումներն ամեն օր դառնան մամուլի հրապարակման նյութ: Երբ կկայացվի վերջնական որոշումը, մենք կտեղեկացնենք: Իսկ վերջնական որոշում կայացնելու համար մենք բավական ռացիոնալ ժամանակ ունենք: Վստահ եղեք, որ բոլոր անունները կհրապարակվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին՝ իշխող «Իմ քայլը» դաշինքն արդեն քննարկումներ է անցկացնում, ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններն են բաժանում, հայտնի են խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի անունները, մինչդեռ ԲՀԿ-ում լռություն է:

Հիշեցնենք, այսօր կայանալու է «Իմ քայլի» հերթական հավաքը: «Հայկական ժամանակի» հրապարակման համաձայն, նախնական քննարկումների արդյունքում որոշվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Բաբկեն Թունյանը, որը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր տնտեսական լրագրությամբ, կառաջադրվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Իմ քայլը» խմբակցությունն էլ, արդեն հաղորվել է, որ ղեկավարելու է ՀՀ մշակույթի  նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, իսկ խմբակցության քարտուղար կլինի տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը: Թեեւ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է «ՀԺ»-ի այդ տեղեկությունը, թե Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  Հակոբ Սիմիդյանը. «Կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: Դեռ հստակ որոշումներ չկան»,- ասաց Կոստանյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստանում» դեռ չեն շտապում այսօրինակ քննարկումներ անցկացնել: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ քննարկումներն իրենք ամենայն հավանականությամբ, կանցկացնեն մանդատները ստանալուց հետո: Իսկ մանդատների տրամադրման պաշտոնական արարողությունը հավանաբար կլինի 2019-ի հունվարի առաջին աշխատանքային օրերին:

Ի դեպ, եթե խորհրդարանական հանձնաժողովների այս քանակը պահպանվի, ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կունենա երկու հանձնաժողով, իսկ «Լուսավոր Հայաստանը»`մեկ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31