Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է հրապարակել դեկտեմբերի 13-ին կառավարության որոշմամբ ԿԳ նախարարությանը հատկացված գումարների և դրանց նպատակահարմարության վերաբերյալ․
«Սույն թվականի դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 111,399 մլն դրամ, որը կազմում է մոտ 230,000 ԱՄՆ դոլար՝ հետևյալ ծրագրերի իրականացման համար.
✔️ 11 մլն 604 հազար դրամ մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար:
✔️ 82 մլն 795 հազար դրամ մշակույթի նախարարության հետ համատեղ «Քո արվեստը դպրոցում» (50մլն դրամ) և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» (32,795 մլն դրամ) ծրագրերի իրականացման նպատակով:
✔️ 17 մլն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում կրթության ոլորտում հրատապ լուծումներ պահանջող խնդիրների առկայության պարագայում նման ծրագրերի իրականացման համար բյուջետային միջոցների հատկացման վերաբերյալ հետևյալ պատճառներով։ Հայտարարությունը բաց է միանալու համար մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը․
👉Հիշյալ ծրագրերի մանրամասն նկարագրությունը, ներառյալ՝ բյուջետային միջոցների բաշխման և տնօրինման մանրամասները, նախքան որոշման կայացումը չեն հրապարակվել և դրվել հանրային քննարկման: Այսինքն, չեն պահպանվել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները:
👉ԿՔՆ-ը ողջունում և կարևորում է մշակութային կրթությունը և գտնում է, որ այն պետք է մշտապես գտնվի կրթության և մշակույթի ոլորտներում քաղաքականություն մշակողների և որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում: Սակայն, մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային ծրագիրը, որը հաստատվեց Կառավարության կողմից, լիարժեք չէ, քանի որ հասանելի ու մատչելի է հայաստանաբնակ ոչ բոլոր երեխաների համար: Ծրագրի շրջանակում չի նախատեսվում փոխհատուցել աշակերտների և նրանց ուղեկցող չափահասների ուղևորափոխադրման ծախսերը:
Հեռավոր և սահմանամերձ մարզերում բնակվող երեխաների ու նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով ոչ բոլոր ծնողները կարող են հոգալ ուղևորափոխադրման ծախսերը: Արդյունքում, առավել աղքատ կամ սոցիալապես խոցելի ընտանիքի երեխաները չեն կարողանա օգտվել ծրագրից և ծրագիրը կնպաստի երեխաների միջև սոցիալական անարդարության խորացմանը: Բացի այդ, ուղևորափոխադրման համակարգված կազմակերպման մեթոդների և մոտեցումների բացակայության պարագայում երեխաների անվտանգ երթևեկումն ապահովելը բարդ է: Ավելին, ծրագիրը կարող է հանգեցնել դրամահավաքության նոր ալիքի: Հետևաբար, առաջարկում ենք ծրագրի բուն իրականացման փուլը սկսելուց առաջ քննարկել և կենտրոնացված եղանակով կազմակերպել նաև աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը՝ ներառյալ համայնքային կամ մարզային բյուջեների միջոցներից:
👉 «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորման դեպքում հայտնի չէ, թե որքանով այն կարող է ազդել կրթության որակի բարելավման վրա, ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով են մասնակցելու հեռուստախաղին, արդյո՞ք մասնակիցների շարքում են լինելու հայաստանյան բուհերի ուսանողներն ու դասախոսները, որոնք ներկայացնելու են իրենց բուհերը: Այս հարցերը կասկածի տակ են դնում կրթության առանց այն էլ սուղ բյուջետային միջոցներից տվյալ հեռուստանախագծի ֆինանսավորման հիմնավորվածությունը:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ապահովել ծրագրերի դրույթների և բյուջեի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հանրայնությունը, երաշխավորել աշակերտների և նրանց ուղեկցող առնվազն 10 աշակերտի համար 1 չափահաս ուղեկցողի ուղևորափոխադրման ծախսերը՝ առնվազն այցի վայրից 15կմ և ավելի հեռավորության դեպքում: Կոչ ենք անում նաև աջակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի իրականացմանը միայն այն պարագայում, եթե նախագծին կմասնակցեն ուսանողներ և դասախոսներ հայաստանյան բուհերից և եթե այն որևէ կերպ կնպաստի կրթության որակի բարելավմանը հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում:
Կրթության ոլորտում Կառավարության հետագա գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու համար կոչ ենք անում նախաձեռնել հանրային հանդիպումներ ու քննարկումներ՝ նախքան որոշում կայացնելը, և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել այդ հանդիպումներին կամ քննարկումներին:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը բաց հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար: Հարթակում ընդգրկված են անհատ քաղաքացիներ, ծնողներ, ուսուցիչներ, կրթության անհատ փորձագետներ և հետևյալ հասարակական կազմակերպությունները` «Հոդված 3» ակումբ, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ, Հանրային քաղաքականության ինստիտուտ, Թրանսպերանսի Ինթերնեյշնալ, Թուխմանուկ ՀԿ, «Բուն» կրթա-մշակութային հիմնադրամ, Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն, Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն»:
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն