Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանականների գզվռտոցն ու Գորգիսյանի բացած «գաղտնիքը» Ծառուկյանի գործարքի մասին

Դեկտեմբեր 19,2018 15:30

Գորգիսյանը հորդորում է Նիկոլ Փաշինյանին հարցնել՝  «ինչո՞ւ այդ փաստերն ունենալուց հետո մեզ հետ դաշինք կազմեց»

«Լուսավոր Հայաստան»-ԲՀԿ քաղաքական փոխհրաձգությունը օր օրի ավելի է թեժանում: Բանը հասել է նրան, որ այդ առճակատումներին փորձում են ներգրավել այլ քաղաքական ուժերի եւս:
Օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը 24news-ի հետ զրույցում հայտարարեց. «Մի գաղտնիք բացեմ՝ նախորդ ընտրություններին Ծառուկյանը բոլորին առաջարկում էր ինչ-որ աջակցություն՝ իրենց չփնովելու, չկպնելու համար, մենք միակ ուժն էինք, որ հրաժարվել է այդ գործարքից»: Մենք Գորգիսյանից ճշտեցինք՝ նախորդ ընտրություններ ասելով 2017-ի ԱԺ ընտրություննե՞րը նկատի ունեք, նա հաստատեց, որ՝ այո:

Մինչդեռ այդ ընտրություններին մասնակցած ուժերը հերթով հերքում են Գորգիսյանի խոսքերը, թե իրենք գործարքի են գնացել Ծառուկյանի հետ, ու միայն «Ելքն» է հրաժարվել այդ գործարքից:

Մասնավորապես, ՕՐՕ դաշինքից հերքեցին Գորգիսյանի խոսքերը: Իսկ «Առավոտի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, լսելով, թե ինչ է ասել Գորգիսյանը, չէր կարողանում զսպել ծիծաղը. «Ես ուզում եմ մի բան ֆիքսենք՝ նոր խորհրդարանը, որը ձեւավորվել է, դեռեւս իր աշխատանքները չսկսած՝ արդեն սխալ տեղ է տանում ամբողջ գործընթացը: Նոր խորհրդարանը կազմող ուժերը փոխանակ պատրաստվեն, իրենց ուժերը հավաքեն ու կարողանան այդ մեծ ծանրությունը, այն կարեւոր գործը, որ պետք է անի խորհրդարանը, պատրաստվեն դրան, սկսել են անիմաստ գզվռտոց, որը եղել է նաեւ նախընտրական շրջանում: Դրա մասին մենք ֆիքսել ենք, որ ցավոք սրտի, այո, մենք ունեցել ենք լավ ընտրություններ՝ թափանցիկ, ազատ, առանց կեղծիքների, բայց մենք չենք ունեցել գաղափարական, ծրագրային պայքար: Նույն այդ ուժերը, որոնք իրար վրա հիմա ցեխ են շպրտում խորհրդարանի նիստերը դեռ չսկսած, իրենք էլ չեն տարել գաղափարական, ծրագրային պայքար եւ շարունակում են այդ նույն իմիտացիոն գործընթացը տանել՝ չունենալով գաղափարական, սկզբունքային մոտեցումներ: Հայաստանը որեւէ լավ տեղ չի գնալու, եթե խորհրդարանում ներգրավված ուժերը շարունակեն այսպիսի գործելաոճ: Մենք սկսված փոփոխություններից հետո կանգնած ենք շատ կարեւոր մարտահրավերների առջեւ, եւ դրանց դիմագրավելու համար ոչ միայն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, ամբողջ հասարակությունը պետք է պատրաստ լինի: Իսկ ինչ մնում է 2017-ին ինչ է եղել, կարծում եմ՝ բոլորի հիշողությունը շատ թարմ է, թող քաղաքական որոշ ուժեր դիվիդենդներ քաղելու համար չփորձեն հինը վեր հանել ու հնի հետ կապված ինչ-ինչ դիվիդենդներ ստանալ: Որեւէ նման գործարք չի եղել, ես չգիտեմ ընդհանրապես՝ ինչ գործարքի մասին է խոսքը: Մի բան ֆիքսենք՝ գործարքների մասին խոսում են նրանք, ովքեր եղել են գործարքներում: Իսկ ովքեր չեն եղել գործարքներում, ընդհանրապես չեն էլ լսել այդ գործարքների մասին: «Ազատ դեմոկրատները» ունեցել է բազմաթիվ խոչընդոտներ 2017-ին, սեւ PR-ի երեւույթներ, նույն Գագիկ Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին պատկանող ԶԼՄ-ն՝ «Կենտրոնը», մեր նկատմամբ սեւ PR է իրականացրել ընտրությունների ժամանակ: Դա ֆիքսվել է ԶԼՄ մոնիտորինգով զբաղվող միջազգային կառույցների զեկույցներում, ԵՄԱ զեկույցում: Ի՞նչ գործարքի մասին կարող է խոսք գնալ, գործարքների մասին խոսում են նրանք, ովքեր գիտեն՝ դա ինչ է: Մենք երբեք գործարքի մեջ չենք եղել որեւէ ուժի հետ, որեւէ մեկի հետ: Մենք մեր գործարքները միշտ կապել ենք ՀՀ քաղաքացիների հետ: Այդ ուժերին խորհուրդ կտամ վերջ դնել ապաքաղաքական գործընթացներին ու անցնել զբաղվելու քաղաքականությամբ»:

Երբ Գորգիսյանին փոխանցեցինք, որ իր խոսքերը գործարքի մասին հերքում են քաղաքական ուժերը, նա արձագանքեց. «Դե հիմա, ինչ ասել եմ՝ ասել եմ, ավելացնելու բան չունեմ»:

ԲՀԿ-ականները այս օրերին տարածում են հին տեսանյութերը, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանի հասցեին: Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Լուսավոր Հայաստանը» ընդդիմադի՞ր կուսակցություն է, թե՞ ոչ: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 4 տարի եղել է ԱԺ պատգամավոր ու 4 տարի անընդմեջ քվեարկել է ՀՀԿ բյուջեների նախագծերի օգտին, այն դեպքում, որ եթե կառավարությունը բյուջեի նախագիծը բերում է ԱԺ, ու չի ընդունվում այդ նախագիծը, առաջ է գալիս կառավարության վստահության հարցը՝ լինել-չլինելու հարցը, հետեւաբար բյուջեի նախագծին կողմ քվեարկողը վստահության քվե է տալիս կառավարությանը: Մարուքյանը ե՛ւ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը երկու անգամ տվել է վստահության քվե»:

Գորգիսյանն այս առնչությամբ ասաց. «Դա 2016-ի ընտրապայքարի ժամանակ էր, որից հետո մենք Նիկոլ Փաշինյանի հետ կազմել ենք «Ելք» դաշինք: Բոլոր հարցերով դիմեք Նիկոլ Փաշինյանին: Հարցերն ուղղեք Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ այդ փաստերն ունենալուց հետո մեզ հետ դաշինք կազմեց, հետեւաբար այդ փաստերը չկային»:

Ի դեպ, ինչ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանել է Գագիկ Ծառուկյանին, ԼՀԿ անդամները չեն ուզում այդ թեմայով որեւէ բան խոսել: Գորգիսյանն ասաց, որ թեման արդեն փակված է, Էդմոն Մարուքյանն ինչ պետք է՝ ասել է: Մենք ճշտեցինք՝ պարոն Մարուքյանն ասել է՝ ինձնից հետո բան չպատասխանե՞ք, Գորգիսյանը պատասխանեց. «Չէ, պարոն Մարուքյանն ինչ պետք է՝ պատասխանել է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31