«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն- թանգարանը, որի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում՝ ավարտվել են, բայց շենքը փաստացի կիսատ է։
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի վիճահարույց երրորդ հարկն այդպես էլ չկառուցվեց։ Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ, բազմաթիվ բանակցություններից հետո այն այդպես էլ չշարունակվեց։
ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հարցը ներկայացրել են ՀՀ կառավարություն եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ առաջարկելով, հնարավորության դեպքում, կենտրոնի վերանորոգման հարցը ներառել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում։
Նշում են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում 2019 թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ եւս բարձրաձայնվել է կենտրոնի վերնահարկի կառուցման անհրաժեշտությունը։ Սակայն, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով այն չի ներառվել 2019 թ. պետբյուջեում։
«Հայկական ժամանակ»-ը բազմիցս անդրադարձել է խնդրին, եւ, ըստ մեզ տրամադրված պատասխանների, այն պետք է ավարտվեր 2018 թ. վերջին, սակայն այսօր պարզվում է, որ անգամ 2019 թ. բյուջեով նախատեսված չէ շենքի շինարարության ավարտը։ Մեկ միլիոն ԱՍՆ դոլար կապիտալ ներդրմամբ կառուցված շենքի շինարարությունն անժամկետ դադարեցված է եւ այն անտեր է։
«Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամ»-ի ներկայացուցիչ եւ Մաթեւոսյանի ժառանգ, մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը շինարարության սկզբնական փուլում ակտիվ ներգրավվածություն ուներ։ Նա ոգեւորված սպասում էր շենքի կառուցման վերջնական ավարտին, սակայն վերջին շրջանում բավականին պասիվ է։
ՀԺ-ի հետ զրույցում Դավիթ Մաթեւոսյանը հայտնեց, որ մինչեւ այս պահը, իր պասիվությունը պայմանավորված էր մշակույթի նախարարի խորհրդական լինելով։ Նրա խոսքով՝ մինչեւ վերջերս լիահույս է եղել, որ մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը մինչեւ հեղափոխությունը վստահված է եղել ՀՀ կառավարության հոգածությանն ու որոշակի ընթացք է ունեցել եւ այսուհետ էլ շարունակվելու ու իր տրամաբանական ավարտին է հասցվելու։ Դավիթ Մաթեւոսյանը մեր զրույցում հայտնեց, որ 2018 թ. մարտից մինչ օրս քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության հանձնարարությամբ հանդես է եկել որպես Հրանտ Մաթեւոսյան կենտրոնի պատվիրատու, սակայն զլացել է իր լիազորությունները կատարելու մեջ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում