Վեցերորդ գումարման խորհրդարանում որքան շքեղ էր պատգամավորի աշխատասենյակը, այդքան նա անմասն էր մնում օրենսդրական բուն աշխատանքից։ «Հայկական ժամանակ»-ը Լենա Նազարյանից, որն ամենայն հավանականությամբ զբաղեցնելու է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, հետաքրքրվեց՝ արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցությունում եւս կլինեն պատգամավորներ, ովքեր նման շքեղ պայմաններ կստեղծեն իրենց համար, իսկ օրենքների մշակումը կմղեն հետին պլան։
«Այն սենյակները, որոնք մեծ են եղել եւ տրամադրվել են մեկ պատգամավորի, կվերակառուցվեն եւ աշխատանքային սենյակներ կդառնան նոր պատգամավորների համար։ Որքան ես տեղյակ եմ՝ որոշակի փոփոխություններ աշխատասենյակներում պետք է կատարվեն, բայց ԱԺ-ն պետք է պատգամավորներին տրամադրի գույք ու տեխնիկա։ Ես ինքս իմ աշխատասենյակում որոշ բաներ լրացրել եմ իմ անձնական իրերից, բայց հիմնականում այն գույքը, որ տրամադրել է ԱԺ-ն, բավարար է, որ պատգամավորը կազմակերպի իր աշխատանքը։ Ես կարծում եմ, որ մեր խմբակցության պատգամավորներն իրենց տեղում են եւ շատ արագ կներգրավվեն խորհրդարանի աշխատանքներում։ Բոլորը գալիս են այստեղ աշխատելու»։
Լենա Նազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների աշխատասենյակները խորհրդարանի որ մասում են տեղակայված լինելու։ «Այն հատվածում կունենանք աշխատասենյակներ, որտեղ համախմբված կլինենք, դրանք տեխնիկական հարցեր են եւ դա այդքան էլ էական չէ»։
Նազարյանը նշեց, որ, մասնավորապես, ինքը փոխելու է իր աշխատասենյակը։ «Իմ աշխատասենյակը գտնվում է ԵԼՔ խմբակցությունում, այս հատվածն ավանդաբար ընդդիմադիր խմբակցություններին է տրամադրված եղել, եւ մենք պատրաստ ենք այս հատվածը զիջել մեր ընդդիմադիր գործընկերներին»։
Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նորընտիր պատգամավորների համար հունվարին՝ մինչ նիստերի մեկնարկը, թրեյնինգ-սեմինարներ կկազմակերպվեն, որպեսզի վերջիններս տիրապետեն Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքին։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում