Օրեր առաջ կյանքից հեռացավ մեր ժամանակի ականավոր ռուս գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ, «Հայաստանի դասերը» նշանավոր գրքի հեղինակ Անդրեյ Բիտովը: Դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ նվիրված Անդրեյ Բիտովի հիշատակին: Համերգը նախաձեռնել է կոմպոզիտոր, դաշնակահար Արփինե Կալինինան: Արփինեին խնդրեցինք պատմել այս համերգի եւ գրողի հետ նրա առնչության մասին:
«Ինձ երջանիկ եմ համարում, որ առնչվել եմ տիեզերական լայնախոհությամբ օժտված Անդրեյ Բիտով գրողի հետ: Առնչությունս նրա ստեղծագործության հետ սկսվել է մանկուց, քանի որ մայրս՝ թարգմանիչ Անահիտ Խաչատրյանը, հայերեն է թարգմանել Բիտովի «Ապրելու մտադրություն» ժողովածուն:
2007 թ. առաջին անգամ անձամբ հանդիպեցի գրողին Երեւանում, եւ այդ հանդիպումը դարձավ իմ ստեղծագործական կյանքի առանցքային իրադարձություններից մեկը եւ ուղենշեց մի լուսավոր ճանապարհ, որի ընթացքում սկսեցի առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել իմ ստեղծագործական աշխատանքին եւ միաժամանակ ձեռք բերել սեփական գործին նվիրվելու ուժ եւ հաստատակամություն:
2007 թ. համերգ նվիրեցի գրողի 70-ամյակին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որին եւ ներկա էր Բիտովը: Համերգից հետո մնացել են լուսավոր հուշեր… Բոլոր երաժիշտներս սրտի տրոփյունով ենք հիշում, թե ինչպես Բիտովը հուզվեց հատկապես Կոմիտաս լսելիս…Ինձ թվում է՝ իսկապես Մեծ մարդն է ունակ իր զգացմունքներն այդպես անթաքույց արտահայտելու: Մինչեւ հիմա պահում եմ համերգի ազդագիրը, որի վրա գրողը թողեց իր մակագրությունը…
Այդ համերգից հետո նա ինձ առաջարկեց երաժշտություն գրել իր ստեղծագործությունների հիման վրա: Ես խորապես զարմացա, շատ մեծ պատասխանատվություն զգացի եւ նրան ասացի՝ կարծում եմ՝ դեռ փոքր եմ այդպիսի պատասխանատվություն ստանձնելու համար: Երկու տարի անց միայն զգացի, որ գուցե արդեն պատրաստ եմ, եւ Բիտով արձակագիրն ուղարկեց իր բանաստեղծություններից մի քանիսն ընտրության համար: Ընտրեցի նրա «Զատկական շարքը եւ «Սանդուղք» բանաստեղծությունը, որը նույնպես խոսք է՝ առ Աստված:
2009 թ. Երեւանում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում Անդրեյ Բիտովի «Ապրելու մտադրություն» գրքի շնորհանդեսի ժամանակ Բիտովի մոգական ասմունքի ներքո հնչեցին իմ ստեղծագործությունները՝ գրված ասմունքողի, սոպրանոյի, սաքսոֆոնի, թավջութակի եւ դաշնամուրի համար: Բոլոր երաժիշտները հուզված-զարմացած էին, թե ինչպիս էր Բիտովն ասմունքում. նա թափանցում էր մարդու սրտի խորքը: Ահա «Ծաղկազարդ» բանաստեղծության հիման վրա գրված իմ երաժշտական իլյուստրացիան, որը համերգային տեսագրություն է:
2010 թ.-ին Անդրեյ Բիտովն ինձ՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար, առաջադրեց ՌԴ Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակին, որին եւ արժանացա Մոսկվայի Պուշկինյան թանգարանում, որտեղ, որպես ժյուրիի անդամ, ներկա էր Բիտովը: «Տրիումֆ» մրցանակն ինձ համար դարձավ ստեղծագործական հզոր խթան եւ մղեց կատարելագործման, այն գրեթե ամբողջությամբ ծառայեցրի ուսումս Մեծ Բրիտանիայում կատարելագործելուն:
Իմ ստեղծագործական կյանքի եւ ընդհանրապես կյանքի կարեւոր պահերը շաղկապվում են Անդրեյ Բիտովի եւ նրա լուսավոր, բացառիկ մարդկային կերպարի հետ…
Այս համերգով փորձում եմ իմ հարգանքի եւ սիրո տուրքը մատուցել Մեծ գրողին եւ Մեծ մարդուն: Համերգին կհնչեն վոկալ-գործիքային ստեղծագործություններ, կկատարեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի մենակատարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո) եւ Պերճ Քարազյանը (տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ), դաշնամուրի պարտիան կկատարեմ ես: Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլորին, այդ թվում եւ Անդրեյ Բիտովի ընթերցողներին»:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
19.12.2018