Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղից «երեւում է» ողջ համակարգը

Դեկտեմբեր 19,2018 11:40

Ավարտվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կառավարման կենտրոնի ձեւավորումը

Շատ հետաքրքիր՝ աշխատանքային քննարկումների մթնոլորտում անցավ հրավիրյալների ծանոթությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Կենտրոնական կարգավարական ծառայության աշխատանքին:
Ասենք՝ այլ կերպ չէր էլ կարող լինել. Վեոլիա Ջրի պատասխանատուների հետ հանդիպել էին ջրամատակարարման բարելավման գործում ամենաշահագրգիռ կողմերը, ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, սպառողների շահերը պաշտպանող մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողների:
Իսկ առիթը այդ նույն կարգավարական ծառայության ձեւավորման ավարտն էր ու լիարժեք գործունեության սկիզբը, որին Վեոլիա Ջուրը համառորեն ձգտում էր անցած ժամանակամիջոցում:
Քաղաք Աշտարակ, Արարատյան 70: Այս հասցեն լավ հայտնի է տեղացիներին՝ որպես Վեոլիա Ջրի տարածքային շահագործման ու առեւտրային ծառայությունների աշխատավայր: Բայց անգամ նրանցից քչերը գիտեն, որ այստեղ գործում է նաեւ ընկերության Կառավարման կենտրոնը՝ որտեղից «երեւում է» ողջ համակարգն ու մշտապես վերահսկվում ջրամատակարարման վիճակը ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերում:

Հյուրերին նախ ներկայացվեց այս «ուղեղային կենտրոնի» տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքի սկզբունքը: Այն ձեւավորվել եւ գործում է 2017թ. ապրիլից, նախկին Երեւան ջրի եւ Հայջրմուղկոյուղու կարգավարական ծառայությունների միավորման արդյունքում արդեն որպես Վեոլիա Ջրի կենտրոնական կարգավարական խումբ: Ընդհանուր թվով 13 աշխատակիցներ 7/24/365 ձեւաչափով այստեղ ստանում են տեղեկատվության համակարգի ավելի քան 900 կետերից, իսկ հակառակ ուղղությամբ տալիս են համապատասխան հրահանգներ՝ ինժեներական կառույցների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Մեր ծորակներից հոսող ջրի շարունակականությունը, դրա ճնշումը, քլորացման աստիճանը ու շատ այլ հանգամանքներ նաեւ կախված են այստեղի աշխատողների մասնագիտական կարողություններից ու պատասխանատվությունից: Այսօրվա կարգավարներից պահանջվում է ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների իմացություն, ինչպես նաեւ վերլուծելու ու օպտիմալ որոշումներ կայացնելու ունակություն: Օրինակ, համակարգում հոսանքի խնայողության ռեժիմի ապահովման գործում նրանք ձգտում են պահպանել ոսկե միջինը. մի կողմից տնտեսել հոսանքը, մյուսից՝ այնպես օգտագործել պոմպերը, որ մղվող ջրի քանակը բավարարի պահանջարկը:

Երկու կարգավար մշտապես (օրական 15-20 անգամ) վերահսկում են իրավիճակն ու պատահարների մասին զեկուցում ավագ մասնագետին, մեկ օպերատոր էլ գրանցում է ստացվող տեղեկատվությունը՝ հետագա վերլուծության համար: Այստեղից հետեւում են պոմպերի, մայրուղային ջրատարների, ճնշումային չափիչ սարքերի /լոգերների/, օրվա կարգավորիչ ջրամբարների, ջրաչափական սարքերի աշխատանքին, բաշխիչ ցանցում քլորի համապատասխանությանը նորմատիվներին: Նրանց օգնում է էլեկտրոնիկան. էկրաններին իրար են հաջորդում բոլոր ինժեներական կառույցները: Ընդ որում՝ ոչ միայն տվյալներն են ինքնաշխատ եղանակով գրանցվում, այլեւ դրանք ցուցադրվում են էկրանին, ինչպես օրինակ՝ ջրամբարների լցվածությունը: Փաստորեն, կարգավարներին մնում է միայն զգոն լինել ու անհրաժեշտության դեպքում ճիշտ որոշում կայացնել: Իր հերթին մշտապես «զգոն է» իրավիճակը վերահսկող համակարգչային ծրագիրը: Չափանիշների թույլատրելի սահմանները հատելու դեպքում, երբ ցուցանիշի սինուսոիդը անցնում է «կարմիր գիծը», անմիջապես հնչում է ձայնային ազդանշան՝ «ալարմ», ու կարգավարը միջամտում է իրավիճակին:
Նախկին Երեւան Ջրի համակարգում հեռատեղեկատվության խնդիրը լուծված էր դեռ մինչ Վեոլիա Ջուրը: «Լոկատոր» ծրագրի օգնությամբ ինժեներական կառույցներից 5 րոպեն մեկ ստացվում են իրավիճակի վերաբերյալ տվյալներ: Ավելին, ներդրվող SCADA ծրագրի օգնությամբ սկսվել էր նաեւ հեռակառավարում իրականացվել: Օրինակ, այստեղից ոչ միայն «տեսնում» են քլորացումը Արզնիի, Արզականի, Ապարանի, Կաթնաղբյուրի, Գառնիի խոշոր աղբյուրներում, այլեւ միջամտում են իրավիճակին: Սակայն նախկին Հայջրմուղկոյուղու համակարգում շատ ինժեներական կառույցներ անգամ «Լոկատոր» ծրագրին միացված չեն եղել: Բայց ձեռնարկված միջոցների շնորհիվ առաջիկա օրերին այս գործը եւս կավարտվի:

Հյուրերին հետքրքրում էր ամեն ինչ, սակայն առավել՝ ջրի կորուստը: Որքա՞ն կենարար հեղուկ է ստացվում աղբյուրներից, ի՞նչ ճանապարհով է այն հասնում սպառողներին, որտե՞ղ, որքա՞ն ու ի՞նչ պատճառով է ջուրը կորչում: Վեոլիա Ջրի մասնագետները կարծես թե «քննությունը բռնեցին»: Իհարկե, խնդիրները շատ են, մասնավորպես զգալի պետական ներդրումների անհրաժեշտություն է զգացվում՝ համակարգը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու համար: Բայց սկիզբը՝ լայն իմաստով, արդեն դրված է՝ ի դեմս կառավարման կենտրոնի, որտեղ մշտապես տեղյակ են, թե ինչպես է «բաբախում զարկերակը» համակարգում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31