Հայաստանում այսօր դժվար է գտնել մի մարդու, որը չի հասկանում, թե ինչու չեն շնորհավորում Փաշինյանին։ Ավելին ասեմ։ Հայաստանում այսօր բոլորը գիտեն, որ չշնորհավորելու պատճառները տարբեր են՝ Ռուսաստանը, օրինակ, իր պատճառներն ունի, Արեւմուտքը՝ իր եւ այսպես շարունակ։
Այս համընդհանուր լռության մեջ Գերմանիայի կանցլերի, Կանադայի վարչապետի եւ Վրաստանի նախագահի ու վարչապետի շնորհավորանքները թվում են կա՛մ շտապողականության, կա՛մ նշվածների՝ քնից միամիտ արթնանալու հետեւանք։ Ի դեպ, Վրաստանի վարչապետն էլ երեւի չշնորհավորեր, եթե Նիկոլ Փաշինյանն այս օրերին բոլորովին կողմնակի հարցով չզանգահարեր նրան։ Այս ամենը միով բանիվ նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն այնքան էլ հասկանալի չեն մեր օտարերկրյա գործընկերներին, ռուսներին՝ մի տեսանկյունից, ամերիկացիներին՝ մեկ այլ, ԵՄ-ին՝ բոլորովին այլ տեսանկյունից։
Մեր քաղաքագետներն այս օրերին ամեն ինչ ասացին, միայն թե «սխալ հանեն» չշնորհավորողներին։ Հայրենասիրության այս տեսակը, հավանաբար, պետք է կոչել «քաղաքագիտական հայրենասիրություն»։ Չգիտես ինչու, սակայն, մեր քաղաքագետ հայրենասերներն ավելի շատ սեւեռված են Ռուսաստանի չշնորհավորելու փաստի վրա, ասում են՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չշնորհավորել Նիկոլ Փաշինյանին։
Իհարկե, ոչ մի խոսք այն մասին, որ ընդամենը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ռազմավարական դաշնակից Պուտինին ասաց՝ Հայաստանում բան է փոխվել, եւ դուք ստիպված եք ադապտացվել դրան։ Հայտնի է, չէ՞, որ Պուտինի հետ նման տոնով խոսել նույնիսկ Թրամփը չի համարձակվում։ Այսքանից հետո էլ փողոցում ընտրված վարչապետը բռնում ու կալանավորում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որ, այսպես ասած, վերազգային կառույցի ղեկավար էր։ Բնականաբար, ոչ մեկը Պուտինին չէր կարող նախանձել դրանից հետո, խայտառակվել էր նրա իսկ ձեռքով ստեղծված ռազմական բլոկը, որն այսօր ՆԱՏՕ-ի միակ հակակշիռը լինելուց զատ նաեւ ՌԴ արտաքին քաղաքականության ամենակարեւոր ուղղություններից մեկն է։ Դե եկ ու ադապտացվիր այս ամենին։ Հայաստանից Փաշինյանը «գոռում է»՝ ՀԱՊԿ-ն անկարեւոր կառույց է։ Հայ քաղաքագետներն էլ ձայնակցում են՝ ճիշտ է ասում մեր Նիկոլը, ո՞ւմ է պետք այդ կառույցը, որտեղ ամեն մեկն իր շահերն ունի։ Անմեղսունակների ինչպիսի շքերթ։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում