Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքում փոխհամաձայնության են եկել Հայաստանի իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին գրում է Interfax.az-ը:
«Կարծում եմ, որ Միլանում վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ մենք երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»,- ասել է Մամեդյարովը դիվանագիտական կորպուսի ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը:
Նախարարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը Ադրբեջանի համար մնում է 2019թ. համար մեկ առաջնահերթություն:
«Ժամանակի մեծ մասը ես հատկացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիների որոնմանը: Դա կլինի գլխավոր խնդիրը նաև գալիք տարում»,- ընդգծել է Մամեդյարովը՝ հավելելով, որ հիմնական նպատակն է՝ «հասնել շոշափելի արդյունքների»:
Նրա խոսքով՝ 2019թ. հունվարին Մնացականյանի հետ սպասվող հանդիպմանը կքննարկվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:
«Մենք կքննարկենք հակամարտության կարգավորման ճանապարհները: Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է»,- ասել է Մամեդյարովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ