Նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը մեծ սպասելիքներ չունի նոր ձեւավորվելիք խորհրդարանից, ասում է՝ փաստը, որ մեկ ուժը ստացել է 70 տոկոս ձայն, արդեն իսկ նշանակում է «խաչ քաշել» կուսակցական բազմակարծության վրա. «Մնացած 30 տոկոսը, որքան էլ վիճեն ընդդիմության տեղի համար, միեւնույն է՝ նրանք որեւէ որոշման կայացման վրա ազդեցություն ունենալ չեն կարող, եւ դա խորհրդարանական համակարգի կայացմանը խոչընդոտող լուրջ գործոն կլինի»։ ՀՅԴ-ականը հիշեցնում է, որ նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին այդքան ձայն չունեին. «Իսկ սահմանադրական կարեւոր փոփոխություններն առանց 70-ի չեն կարող լինել»։
Տիկին Կյուրեղյանի գնահատմամբ՝ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները մինչեւ ԱԺ լուծարումը սեփական նախաձեռնություններով հանդես չեն եկել, նախագծեր չեն ներկայացրել խորհրդարան, շարունակել են հների աշխատանքը. «Եթե նոր ուժը եկել է հինը մերժելու, մենք ամեն դեպքում դեռեւս դա չենք տեսնում, եթե չասենք, որ նրանք շարունակում են նախորդներին»։ Դաշնակցականը չի ցանկանում ասել, թե ինչ պետք է անի նոր խորհրդարանը, որը հները չեն արել։ «Իրենք թող աշխատեն մի երկու-երեք ամիս, կտեսնենք»,- ասաց Կյուրեղյանը՝ նկատելով. «Այս իշխանությունը մայիսին էլ չտվեց երկրի զարգացման իր տեսլականը, քարոզարշավում էլ ես չտեսա տնտեսական զարգացման այն տեսլականը, որով իրենք պետք է աշխատեն։ Հենց այսօրվա հայտարարությունը, որ մինչեւ 20 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն հարկից, սա նշանակում է՝ 50 միլիոնանոց շրջանառություն ունեցող ընկերությունները կարող են տրոհվել երեքի, եւ նրանք էլ հարկեր չվճարեն։ Այսինքն՝ հարկահավաքման հարցում վաղը, մյուս օրը լուրջ խնդիրներ ենք ունենալու, հետեւաբար բյուջեն լցնելու հարցում՝ եւս, ինչից հետեւանքը կարող է լինել աշխատավարձերի, թոշակների չվճարում։ Եվ ամենակարեւորը՝ ես չեմ տեսել ծրագրային որեւէ դրույթ, որն աշխատատեղերի ավելացման մասին է, հակառակը՝ տեսել եմ կրճատումների մասին»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում