STR մարզական հասարակական կազմակերպության 15-ամյակին նվիրված արարողության ժամանակ աչքի ընկած վարորդներին պարգեւատրողների մեջ էր նաեւ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթեւոսյանը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե մի տեսակ անհամատեղելի են թվում սովորաբար բարձր արագություններ ենթադրող ավտոսպորտը եւ ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը: «Օրինական գրանցում եւ գործունեություն ծավալելու իրավունք ունեցող ավտոկազմակերպությունները, ըստ էության պրոպագանդում են ինչպես ավտոսպորտը, այնպես էլ անվտանգ եւ անխափան ավտոերթեւեկությունը: Ցանկալի է, որ էքստրիմի կարիք ունեցող վարորդները անդամագրվեն այդպիսի կազմակերպություններին եւ դրանց ներսում բավարարեն էքստրեմալ իրավիճակներում հայտնվելու իրենց պահանջները, այլ ոչ թե փողոցներում: Երբ այդ կազմակերպությունները քաղաքի այս կամ այն հատվածում միջոցառումներ անցկացնելու համապատասխան թույլտվություն են ունենում, մենք ճանապարհային ոստիկանության կարգախմբերով ապահովում ենք թե միջոցառման մասնակիցների, թե հանդիսատեսի անվտանգությունը, թե, ընդհանուր առմամբ, անխափան երթեւեկությունը»,-պատասխանեց գնդապետ Հայկազ Մաթեւոսյանը:
Հարցին, թե ինքը ողջունո՞ւմ է ավտոսպորտը քարոզող կազմակերպությունների գոյությունը, նա պատասխանեց. «Ես անձամբ ճանաչում եմ STR-ի ղեկավարությանը: Այդ կազմակերպության վարորդներն ավելի լավ են տիրապետում երթեւեկության կանոններին, ավելի տեղեկացված են էքստրեմալ իրավիճակներում մեքենա վարելու վտանգավորության աստիճանին, երթեւեկության անվտանգության համար անվտանգության պայմաններին: Հետեւաբար, նրանք պրոպագանդում են անվտանգ երթեւեկությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ