Բրիտանական The Economist շաբաթաթերթը տարվա երկիր է ճանաչել Հայաստանը: Այս մասին ասվում է պարբերականի կայքում:
«Մեր ամենամյա «տարվա երկիր» մրցանակը գնում է ոչ թե ամենաազդեցիկ ազգին, ոչ էլ ամենահարուստ, ոչ էլ ամենահամեղ ուտելիք ունեցողին (ներողություն Ճապոնիա)»,- ասվում է հոդվածի նախաբանում:
Հոդվածում նշվում է, որ վերջում ունեին ընտրության երեք տարբերակ՝ Մալայզիա, Եթովպիա և Հայաստան, ի վերջո ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում էր երկարաձգել իր իշխանավարման ժամկետը՝ իրեն դարձնելով վարչապետ: Դա հանգեցրեց զանգվածային ցույցերի, որը գլխավորեց խարիզմատիկ նախկին լրագրող և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա իշխանության եկավ օրինական և պատշաճ ճանապարհով՝ գլխավորելով կոռուպցիայի դեմ պայքարի ալիքը:
«Հայաստանի վտանգավոր տարածքային վեճն Ադրբեջանի հետ չի լուծվել և կարող է նորից բռնկվել: Այնուամենայնիվ, այդ բուռն տարածաշրջանում հնամենի և հաճախ վատ ղեկավարված ազգը ժողովրդավարության և վերականգնման հնարավորություն ունի: Այդ պատճառով էլ տարվա երկիրը Հայաստանն է: Shnorhavorum yem!»,- ասվում է հոդվածում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ