Եթե Հայաստանի քաղաքացիների գնահատականը կարևոր է, ապա ռուսական կողմը թերևս պետք է Հայաստանի քաղաքացիներին չքաղաքականացնելու կոչերի փոխարեն, հանցագործության համար մեղադրյալին կամ կասկածյալին հանձնի Հայաստանի իրավապահներին: Հակառակ պարագայում, խոսքով հետաքրքրված լինելով Հայաստանի հանրության գնահատականով, ռուսական կողմը գործով շարունակում է, մեղմ ասած, արհամարհել այդ գնահատականը, եթե չասենք պարզապես, որ Պերմյակովի դեպքից հետո նույն վերաբերմունքի կրկնությունը ուղղակի Հայաստանի հանրության կարծիքի վրա «թքած ունենալ» է: Առավել ևս, որ Հայաստանի հանրությունը ամենևին չի քաղաքականացնում խնդիրը: Խնդիրն իր պահվածքով քաղաքականացնում է ռուսական կողմը: Իսկ Հայաստանի հասարակությունը պարզապես փորձում է հարցեր տալ օրենքի ոգու և տառի առնչությամբ՝ հասկանալու համար, թե ընդհանրապես ինչքանով է ռուսական կողմը համարժեք առկա խնդիրներին, որքանով է Հայաստանի նոր իշխանությունը տարբերվում նախկին համակարգից՝ առնվազն այդ հարցերում, և ընդհանրապես, ի վերջո, ինչ է ռուսական ռազմակայանը Գյումրիում՝ վտանգի աղբյուր, թե՞ անվտանգության միջոց:
Այդ իմաստով, դեսպանը, թերևս, փոքր-ինչ շեղվում է իրականությունից, խոսելով բնակչության հետ աշխատանքի մասին: Ռուսական ռազմակայանը չունի բնակչության հետ աշխատանքի կարիք, որովհետև Գյումրիի բնակչությունը այդ ռազմակայանի համար ոչ միայն որևէ խնդիր չի ստեղծում, այլ նաև բավական բարյացակամ է տրամադրված ռուսաստանյան զինծառայողների և հրամանատարների հանդեպ: Այդ նրանք են, որ չարաշահում են այդ ամենն ու ժամանակ առ ժամանակ դառնում է մինչև անգամ մահաբեր ողբերգությունների պատճառ: Հետևաբար աշխատանք պետք է տանել սեփական ռազմակայանի անձնակազմի հետ, որպեսզի զինծառայողները երբեք չմոռանան, որ զորամասի պարսպից այն կողմ գործ ունեն ոչ թե հակառակորդի, այլ խաղաղ, քաղաքացիական բնակչության հետ, ինչը պահանջում է հատուկ վարքագիծ, որը բնորոշ է հանրային վայրերում գտնվելու համընդհանուր կանոններին:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում