2019-ի քաղաքային բյուջեի նախագծով պարգեւատրումներին եւ դրամական խրախուսանքներին հատկացվող գումարը ավելացրել են ավելի քան 2,5 անգամ եւ ընթացիկ տարվա 758 մլն դրամի փոխարեն հասցրել են 1 մլրդ 991 մլն դրամի։ Այսինքն՝ լրացուցիչ 1,2 մլրդ դրամ գումար է հատկացվում այդ նպատակի համար։ Ենթադրվում է, որ դա ուղղվելու է առաջին հերթին քաղաքապետարանի բարձրաստիճան անձանց դրամական պարգեւատրումներին, քանզի Հ.Մարությանն իր առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանի աշխատակիցներին այլեւս չեն պարգեւատրելու։
Գուցե քաղաքապետը չգիտի՞, թե ինչպես կարելի է արդյունավետ ծախսել հավելյալ 1,2 մլրդ դրամը կամ մոտ 2,5 մլն դոլարը։ Հուշենք, որ այդ գումարով հնարավոր է կառուցել 70-80 բնակարանանոց շենք՝ դրա կարիքը ունեցող սոցիալական խմբերի համար որոնց վիճակը շահարկելով, իշխանության եկան «թավշյա» հեղափոխականները։ Հավանաբար նոր քաղաքապետը նոր տոնածառ բերելով՝ իր պարտքը այդ մարդկանց հանդեպ համարում է կատարված՝ «թող ուրախանան նոր տոնածառով» մտածելով։
Ի դեպ, հիշեցնենք, որ նախորդ քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի օրոք մի քանի շենք է կառուցվել եւ հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող շուրջ 600 ընտանիքի։
Սրան հակառակ, նվազել է բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայություններին հատկացվող գումարը մոտ 171 մլն դրամով։
Արտասահմանյան գործուղումների ծախսերը գրեթե կրկնապատկվել են՝ այս տարվա համար նախատեսված 62 մլն դրամի փոխարեն 2019-ին դրանք կկազմեն 112 մլն դրամ։ Դե, եթե 150 հազար դոլար արժողության տոնածառը ինչ մի մեծ ծախս է, ապա 50 մլն դրամով (100 հազար դոլարով) ավելացած արտասահմանյան գործուղումների ծախսն էլ երեւի մի մեծ բան չէ։
Տրանսպորտի թեման առանձնահատուկ է։ Վերջին 5-6 տարիներին Երեւանում ավելի քան 30 ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղի է փակվել ոչ շահութաբեր լինելու պատճառով։ Սրան զուգահեռ՝ երեւանցիների անմխիթար տրանսպորտային սպասարկումն ակներեւ է։ Ուղեվարձի թանկացումը մերժած երեւանցիները ստանում են այն տրանսպորտը, որից ավելին 100 դրամ սակագնով անհնար է ունենալ։
Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նվազեցնում է տրանսպորտի համար նախատեսված բյուջեն եկող տարվա համար գրեթե 2 մլրդ դրամով։ Հավանաբար, տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նոր ձեւ է գտել քաղաքապետը։
Քաղաքային նոր բյուջեով նվազելու են նաեւ վերելակների նորոգման ծախսերը։ Հիշում եք երեւի, թե ինչ բարձրագոչ խոստումներ էր տալիս վերելակներն ամբողջությամբ փոխելու մասին մինչ քաղաքապետ ընտրվելը Հայկ Մարությանը եւ ինչ է անում հիմա։ Երեւանը կանաչապատելու խոստմանը եւս, ընտրվելուց հետո, հաջորդեց կանաչ տարածքների պահպանման ծախսերը նվազեցնելը։
ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում