Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է դիմակայի «դաշնակցային» շանտաժին

Դեկտեմբեր 19,2018 12:00

«Առավոտի» զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում հետընտրական Հայաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտը: ԱԺ ընտրություններից հետո ի՞նչ քաղաքական դաշտ, մթնոլորտ է ձեւավորվել, այն որքանո՞վ կարող է Հայաստանը դեպի զարգացում տանել: Իշխանության կողմից կարճաժամկետ կտրվածքով ի՞նչ անելիքներ եք տեսնում:

– Հայտնի կլանի քսանամյա իշխանությունից հետո վերջապես չկեղծված ընտրությունների անցկացումը եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը չափազանց կարեւոր են: Միաժամանակ, հաղթող ուժի համար առավել պատասխանատու շրջան է սկսվել:

Ընտրություններից հետո նախկին վարչակարգի մնացորդների դիմադրությունը գուցե արդեն աննշան կլինի: Սակայն կառավարությունը կարող է լուրջ խնդիր ունենալ թե՛ հասարակության պահպանողական հատվածի դիմադրության, թե՛ իր թիմի ներսում հին մտածելակերպի, հին գործելաոճի առկայության հետ, ու դրանց հաղթահարումը բարդ գործընթաց է լինելու. նախկին փորձով ու առկա սովորույթներով կանխորոշված վարքագիծ որդեգրելու վտանգ կա: Վստահ չեմ՝ որն է «path dependence» տերմինի լավագույն թարգմանությունը, գուցե «պատմականորեն կանխորոշված վարքագիծ». դրա հաղթահարումն առհասարակ բարեփոխման ենթակա հասարակությունների առջեւ գոյացող բարդագույն խնդիրներից մեկն է, ու այն առավել դժվար հաղթահարելի է դեռեւս խորհրդային ու հետխորհրդային մշակութային ընկալումներից չձերբազատված եւ Ռուսաստանի հետ չափազանց սերտ կապեր ունեցող հասարակությունում:

Բանսկա Բիստրիցայի համալսարանում Վիշեգրադյան կրթաթոշակային ծրագրով հրավիրված փորձագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առարկայի դասախոս, «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը

Բացի այդ, արմատական բարեփոխումներ սկսելու դեպքում դժգոհությունների աճն անխուսափելի է՝ գոնե կարճաժամկետ առումով, քանի որ շատերի անձնական շահերին վնաս է հասցվելու: Սակայն այլընտրանք, ըստ էության, չկա. մասնավորապես, շուտով տրանսֆերտների ծավալներն են նվազելու՝ նավթի գնի անկման ու պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի անխուսափելի տնտեսական անկման հետ կապված, եւ պետք է նոր լուծումներ գտնվեն. ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի խորացման մասին հերթապահ ճառերով խնդիր չի լուծվելու, իսկ հեղափոխական էյֆորիան անվերջ չի տեւելու: Այնպես որ, հարկ է անմիջապես սկսել արմատական բարեփոխումներ, թեկուզ դրանք միանշանակ չեն ընկալվելու:

– Շատերը նշում են, որ ապագա խորհրդարանում գաղափարական պայքար չի կարող ծավալվել, իշխանությանը հակադրվող ուժեղ ընդդիմություն չի լինելու խորհրդարանում, սա վտանգավոր չէ՞ Հայաստանի համար:

– Եթե կառավարությունն իրավիճակին համապատասխան քաղաքականություն վարի, անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնի՝ վտանգավոր չէ: Ամեն դեպքում, ոչ լեգիտիմ իշխանությունն ավելի վտանգավոր էր: Մյուս կողմից՝ իշխանության ոչ պատշաճ պահվածքի դեպքում խորհրդարանից դուրս էլ կարող է ուժեղ ընդդիմություն ձեւավորվել, եթե հասարակական պահանջ լինի: Դա ապացուցվում է ապրիլյան «թավշյա հեղափոխությամբ», որն իրականացվեց մինչ այդ խիստ անհավասար մրցակցության պայմաններում գտնված, ԱԺ-ում նվազագույն ներկայություն ունեցող ուժի կողմից: Լավ օրինակ է նաեւ 2007 թ. ձեւավորված 4-րդ գումարման ԱԺ-ն, որում, բացի «Ժառանգություն» կուսակցության յոթ հոգանոց խմբակցությունից, ընդդիմություն չկար, սակայն նույն տարվա աշնանը ձեւավորվեց արտախորհրդարանական գաղափարական ընդդիմություն, որի դեմն առնել միայն ընտրակեղծիքներով վարչակարգը չկարողացավ եւ կազմակերպեց մարտի 1-ի արյունահեղությունը:

– Իսկ փողոցում կարո՞ղ է ընդդիմադիր հակակշիռ ստեղծվել, արտախորհրդարանական ո՞ր ուժերը հնարավորություն ունեն քաղաքական պայքար ծավալելու:

– Լեգիտիմ, ընտրված իշխանության եւ այն դարձյալ ընտրությունների միջոցով փոխելու հնարավորության առկայության պայմաններում փողոցային պայքարի անհրաժեշտությունն ինքնըստինքյան նվազում է: Սակայն կա Սահմանադրության եւ ընտրական օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն՝ մասնավորապես ռեյտինգային ընտրական համակարգի վերացմամբ: Այդ տեսակ բարեփոխումները պետք է նպաստեն կուսակցությունների կայացմանը եւ մրցակցության ապահովմանը:

– ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը դրական գնահատեցին Հայաստանում անցկացված ընտրությունները, մինչդեռ Մոսկվան չշտապեց շնորհավորել Հայաստանի իշխանությանը: Ռուսաստանը, ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցները առիթը բաց չեն թողնում իրենց քայլերով Հայաստանին «ցույց տալու իր տեղը»: Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի իշխանությունն այս մթնոլորտում:

– ԱԺ-ի կողմից վարչապետի թեկնածությունը հաստատելուց հետո կշնորհավորեն. ինչպես ռուսներն իրենք են ասում՝ «куда они денутся»: Մյուս կողմից՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների պահվածքը հասկանալի է. նրանք համոզված են, որ անփոխարինելի են, իրենց երկրներում բոլոր ընտրությունները ձեւական բնույթ են կրում, իսկ բողոքի արտահայտությունները դաժանաբար ճնշվում են, եւ իրենց համար յուրային Ս. Սարգսյանի հեռացումն անհանգստանալու առիթ է: Չնայած նախկինում էլ Հայաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքն առանձնապես բարեկամական չէր. բավական է վերհիշել 2014 թ. Պուտինին, Լուկաշենկոյին ու Նազարբաեւին ուղղված Ալիեւի նամակի հիման վրա Հայաստանը ԵՏՄ հիմնադիր անդամի կարգավիճակից զրկելը, կամ Լուկաշենկոյի ու Նազարբաեւի պահվածքը քառօրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, եւ այլն: Այնպես որ, Հայաստանը պետք է դիմակայի «դաշնակցային» շանտաժին, եւ իսկապես պետք է ճշտվի՝ արդյո՞ք իրականում դաշնակիցներ ենք։

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հարաբերական անդորրը պահպանվում է շփման գծում: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի կողմից այս բանավոր համաձայնությունն ավելի հարգելու, քան մինչ այդ բոլոր գրավոր պահանջներն ու պայմանավորվածությունները արհամարհելու քաղաքականությունը, ի՞նչ ակնկալիքներ ունի Բաքուն հայկական կողմից:

– Հնարավոր ակնկալիքներից մեկն այն է, որ Ռուսաստանի օգնությամբ կարող է հնարավոր լինել գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից: Չնայած նախկինում դա չէր հաջողվել՝ Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպումների, «Լավրովի պլանի» եւ այլ միջոցներով, Ադրբեջանը, հավանաբար, մտադրված է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31