Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը
Հանրային քննարկման է դրվել Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Այս փաստաթղթից տեղեկանում ենք, որ եկող տարվա` 2019 թվականի բյուջեում եկամուտները կկազմեն 83 միլիարդ 077,572.0 դրամ, ծախսերը` 84 միլիարդ 346,812.0 դրամ, դեֆիցիտը` 1 միլիարդ 269.240 հազար դրամ:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը նախագծի վերաբերյալ իր ուսումնասիրության արդյունքներն է հրապարակել:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ 2018 թվականի բյուջեի համեմատությամբ եկող տարվա բյուջեում կրճատվել են Երեւանի բնակիչների համար կարեւոր խնդիրների լուծման ծախսերը։
«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը մանրամասն ուսումնասիրելով նախագիծը՝ արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երեւանի բյուջեի, որը այդքան քննադատեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը եւ մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս»:
Անի Սամսոնյանը մտահոգություն է հայտնում, որ պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 միլիոնից աճել է մինչեւ 1 միլիարդ 991.4 միլիոն դրամ: Այսինքն` ծախսային այս հոդվածը ավելացվել է 1 միլիարդ 232.9 միլիոն դրամով:
Անի Սամսոնյանը նաեւ ուշադրություն է հրավիրում բյուջեի նախագծում ամրագրված արտասահմանյան գործուղումների գծով ծախսերին. բյուջեն նախորդ տարվա 62.7 միլիոն դրամից աճել է մինչեւ 112.7 միլիոն դրամի: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:
Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն, ըստ Անի Սամսոնյանի, նախորդ տարվա 9.2 միլիոն դրամից աճել է` դառնալով 169.1 միլիոն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 միլիոն դրամով:
Բյուջեի նախագծում այս ծախսումների ավելացմանը զուգահեռ՝ նվազեցվել են կարեւոր ոլորտների ծախսեր: Օրինակ` ըստ Անի Սամսոնյանի, տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 միլիարդ 196 միլիոնից նվազել է մինչեւ 13 միլիարդ 275 միլիոն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 միլիարդ 920 միլիոն դրամով:
2019-ի բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ կրճատվել են նաեւ վերելակների հիմնանորոգման ծախսերը: Խմբակցության ավագանու անդամները հաշվել են եւ պարզել, որ նախորդ տարվա 108.7 միլիոն դրամից վերելակների հիմնանորոգման համար ծախսերը նվազել են մինչեւ 30.7 միլիոն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:
Կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 միլիարդ 669 միլիոն դրամից նվազել է մինչեւ 1 միլիարդ 93 միլիոն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 միլիոն դրամով:
Անի Սամսոնյանի ներկայացմամբ՝ փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 միլիարդ 538 միլիոնից նվազել է մինչեւ 3 միլիարդ 565 միլիոն դրամ: Շուրջ 1 միլիարդով էլ նվազել է ծախսային այս հոդվածը:
Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 միլիարդ 28.8 միլիոնից նվազել է` դառնալով 2 միլիարդ 857.5 միլիոն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 միլիոն դրամով:
«Աշխատակազմի վրա ծախսվող գումարների ավելացումը պետք է տեղի ունենար օպտիմալացման արդյունքում եւ ոչ թե հարկատուների կողմից վճարվող գումարներից՝ թվաբանական ավելացմամբ:
Իհարկե, բազմաթիվ կարեւոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ, ավելացվել են: Սակայն մենք ներկայացնում ենք քաղաքային տնտեսության այն կարեւորագույն բաղադրիչները (տրանսպորտ, վերելակներ, կանաչապատում, փողոցների լուսավորություն, բազմաբնակարան շենքերի պահպանում), որոնցից բխում են քաղաքի զարգացումը եւ անվտանգության պահպանումը, եւ որոնց ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարեւոր հոդվածների մեծացմամբ»,- նշել է Անի Սամսոնյանը: Ըստ նրա՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը այս մասով առաջարկություններ քաղաքապետարանին չի ներկայացրել եւ չի ներկայացնելու. «Քանզի ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Այսպիսով մենք դիմում ենք Երեւանի բնակիչներին եւ ավագանու մեր գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2018