Դեկտեմբերի 21-ին Երեւան համայնքը նվեր կստանա Հանրապետության հրապարակի նոր տոնածառը: 85 միլիոն 32 հազար դրամ արժողությամբ տոնածառը, որի շուրջ գնի վերաբերյալ բուռն քննարկումներ ծավալվեցին, ավագանու որոշմամբ որպես նվեր կհանձնվի Երեւան համայնքին: Այս մասին կհայտարարվի դեկտեմբերի 21-ի Երեւանի ավագանու արտահերթ նիստին:
Տոնածառը համայնքին կտրամադրվի լույսերով ու խաղալիքներով հանդերձ: Այս պահին տոնածառը գտնվում է «Երեւան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում: Տոնածառը ձեռք է բերել նշյալ հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից` Երեւանի 2800-ամյակի մշակութային միջոցառումների շրջանակում: Այն արհեստական է, 35 մ բարձրությամբ` լույսերով եւ զարդարանքով միասին հիմնադրամին արժեցել է 85 միլիոն 32 հազար դրամ:
Ավագանու նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ «Երեւան 2800» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը համապատասխան գրությամբ խնդրել է նշված գույքը Երեւան համայնքին նվիրելու համաձայնություն տալ:
Նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նվիրառուն, այսինքն` Երեւան համայնքը՝ ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի, իրավունք ունի մինչեւ նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության (նվիրաբերության) պայմանագիրը համարվում է լուծված:
«Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ ընդունել Երեւան համայնքին որպես նվիրատվություն հանձնվող գույքը»,- նշված է նիստի օրակարգում:
Լ. Բ.
«Առավոտ» օրաթերթ
18.12.2018