Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինս այդ պատմության մեջ զոհ է եւ տուժող»

Դեկտեմբեր 19,2018 13:00

«Քննիչը լրագրողներին տալով ամուսնուս տվյալները՝ նրանց միջոցով ամբողջ մամուլով եւ հեռուստատեսությամբ հրապարակել են ամուսնուս լուսանկարները եւ նրան ներկայացրել են որպես սպանությունը կատարած անձի: Բացի այդ, ներկայումս վտանգված է ամուսնուս, մեր երեխաների կյանքը, առողջությունը եւ ճակատագիրը: Երեխաներս եւ մենք խուսափում ենք դուրս գալ փողոց, գնալ դպրոց, քանի որ քննիչի գործելաոճի արդյունքում բոլորը մեզ, երեխաներին մատնացույց են անում որպես մարդասպանի ընտանիք: Սա մի կերպ տանելի կլիներ, եթե որեւէ չնչին մասով իրական լիներ, սակայն անտանելի է, քանի որ կապ չունի իրականության հետ»,-ասում է «Առավոտի» զրուցակիցը՝ Արեւիկ Շախբարյանը, որը չորս ամիս առաջ կալանավորված «ՊԱՆՏԵՌԱ ՍԻՔՅՈՒՐԻԹԻ» աշխատակից Կարեն Հովհաննիսյանի կինն է: Վերջինս կալանավորվել է Մարիամ Դանիելյանին առանձին դաժանությամբ սպանելու կասկածանքով:

Կարենը տուժողի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, նրանից ուներ երեքամյա դուստր:

«Բացի այդ երեխայից, ես եւ Կարենը համատեղ ամուսնական կյանքում ունենք նաեւ երեք անչափահաս երեխա: Ինչպես երեխաներս, այնպես էլ ես ու Կարենի հիվանդ մայրը արդեն չորս ամիս է՝ զրկված ենք նրա խնամքից: Մեզ նաեւ անօրինական կերպով քննիչն արգելել է, որ տեսակցենք Կարենին: Այդքան կապված երեխաների եւ մեզ հետ, Կարենը, բացի նրանից, որ անօրինական կերպով մեղադրվում է սպանության մեջ, նաեւ զրկված է իր երեխաներին, ծնողին, կնոջը տեսնելու հնարավորությունից: Երեխաներս գիշերները վեր են թռչում, նրանք իրենց հորն են կարոտել, բայցի այդ, նրանք դասի չեն կարողանում գնալ, քանի որ հեռուստացույցով մեր ՖԲ էջից քաշելով մեր անձնական նկարները, ցույց են տվել, թե հայրիկն է սպանությունը կատարել»,-ասում է զրուցակիցս՝ տիկին Արեւիկը:

«Ամուսինս Շենգավիթի քննչական բաժնի անօրինական գործողությունների արդյունքում գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Մեղադրվում է Մարիամ Դանիելյանին սպանելու մեջ, որի հետ որեւէ առնչություն չունի: Դեպքի օրն առավոտյան ամուսինս Մ. Դանիելյանի խնդրանքով գնացել էր նրանց տուն, որպեսզի օգնի Մարիամին իրերը տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան, քանի որ ամուսնուս մեկ օր առաջ նա հայտնել էր, որ պետք է մեկնի Ռուսաստան, խնդրել էր, որպեսզի ամուսինս ճանապարհի իրեն: Ամուսինս էլ համաձայնել էր, քանի որ այնպես էր ստացվել, որ Մ. Դանիելյանը ամուսնուցս երեխա էր ունեցել եւ ամուսինս նրան օգնում էր որպես իր երեխայի մոր: Մինչ դեպքը ամուսինս ինձ հետ կիսվելով պատմում էր, որ երբ երեխայի հետ կապված հանդիպում են, Մարիամն իրեն տարօրինակ է պահում այս վերջերս, կարծես վախեցած լիներ ինչ-որ բանից կամ մարդկանցից, քանի որ խառնվածքով այնպիսին է եղել, որ ոչ կանոնավոր անձնական ու գործնական հարաբերություններ է ունեցել ում հետ ասես եւ ով ասես, բացի ամուսնուցս, կարող էր նրան վնասելու պատճառ ունենալ»,-պատմում է Արեւիկը:

Նրա տեղեկացմամբ, մինչ օրս սպանության գործիքը չի հայտնաբերվել, տեղյակ է, որ անցկացվել են մի քանի փորձաքննություններ:

Կարենը երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» էր, դատահոգեբուժական փորձաքննության էր ենթարկվել:

Զրուցակիս վրդովված է, որ նախաքննություն իրականացնող մարմինը միայն մի վարկած է առաջ քաշել՝ ամուսնու կողմից սպանությունն իրականացնելու, այլ վարկած չեն փորձում ուսումնասիրել:
«Տեղյակ ենք, որ պաշտպանները պայքարում են այս անարդարությունների դեմ, սակայն՝ անարդյունք: Քննիչը եւ դատախազը, չգիտես ինչու, կենտրոնացել են ամուսնուս վրա, մինչդեռ, նա եւս այդ պատմության մեջ զոհ է եւ տուժող: Դեպքի օրը, երբ Կարենը գնաց Մարիամին ճանապարհելու, տուն վերադարձավ վախեցած, ձեռքի ափը կտրված: Երբ սարսափած հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց, որ Մարիամենց տանը իր վրա հարձակվել եւ ծեծի են ենթարկել չորս տղամարդ, որից մեկը նաեւ ուզեցել է դանակով իրեն հարվածել, սակայն, քանի որ ամուսինս երկար տարիներ զբաղվում է անձանց եւ կազմակերպությունների անվտանգությունը ապահովելով, կարողացել է կանխել այդ հարվածը՝ ձեռքի ափով բռնելով դանակը: Իր ձեռքը վնասած՝ մի կերպ նրան հաջողվել է դուրս գալ Մարիամենց տնից, սակայն, իր դուրս գալուց Մարիամը կենդանի է եղել, իսկ այդ 4 երիտասարդները եղել են նրա տանը: Ամուսինս դուրս գալով՝ այդ դուռը բանալիով չի ծածկել, չէր էլ կարող ծածկել, քանի որ բանալի չունի: Մինչդեռ, զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Մարիամի դիակը հայտնաբերել են միայն այն ժամանակ, երբ դուռը բանալիով բացել են: Այսինքն, Մարիամին, եթե իրոք սպանել են, դա կատարել են այն անձինք, ովքեր հետո դուռը բանալիով փակել են: Չնայած այդ ամենին՝ ամուսնուս մինչ օրս քննիչը տուժող չի ճանաչել»,- ասում է տիկին Արեւիկը:

Ըստ կալանավորվածի կնոջ, որեւէ գործողություն չի կատարվում, որպեսզի պարզեն այն անձանց ինքնությունը, որոնք դեպքի օրը մտել են Մարիամի տուն եւ վնասել ամուսնուն: Քննչական խումբը գլխացավանքից իրեն ազատելու համար, որպեսզի թաքցնի իրական հանցագործներին, կամ չկարողանալով գտնել՝ Կարենին գտնի քավության նոխազ, նրան է մեղադրանք առաջադրել՝ խախտելով նրա անմեղության կանխավարկածը եւ այդ ամենը հայտնել լրագրողներին, որի իրավունքը չուներ, մինչեւ չպարզեր իրական հանցագործների վերաբերյալ տեղեկությունները. «Ամուսնուս չեն հարցրել՝ ցանկանո՞ւմ է արդյոք նա, որպեսզի իր նկարը եւ իր տվյալները, այն էլ այդպիսի մեղադրանքի պայմաններում, ցուցադրվեն լրատվամիջոցներով»:

Չորս անչափահաս երեխաների մայրը ասում է, որ դիմելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որպեսզի իր ընտանիքի նկատմամբ խախտումներ թույլ տված անձինք ենթարկվեն պատասխանատվության:

«Մեղադրանքը շինծու է: Ամուսինս չէր կարող կատարել նման արարք, քանի որ նա որեւէ պատճառ չուներ Մարիամին սպանելու համար, այն էլ, ինչպես նշված է մամուլում, 65-ից ավելի հարվածներ հասցնելով: Դա կարող է կատարել միայն այն անձը, որն ունի հոգեկան խնդիրներ կամ կատարած լինի խմբի կողմից, որովհետեւ մեկ անձ չէր կարող նման արարք կատարել: Քննիչը, համոզված եմ, որ չի առգրավել դեպքի օրվա հետ կապված հայտնաբերված տեսանկարահանող սարքերը: Իսկ թե ինչու չի կատարել, ակնհայտ է, որ չի ցանկանում բացահայտել իրական մեղավորներին»,-ասում է տիկին Արեւիկը:

Ի դեպ, այս գործով «Առավոտն» իր անդրանիկ հրապարակման մեջ պաշտպանական կողմի տեղեկությունն էր գրել, որ դեպքի օրը Կարենն ինքն է զանգահարել ոստիկանություն, պատմել իրեն ծեծի ենթարկելու եւ դանակահարելու փորձի մասին, խնդրել է հայտնաբերել մեղավորներին, պարզել իր հետ կատարվածի պատճառներն ու անձանց եւ պատասխանատվության ենթարկել նրանց, հայտնել է իր գտնվելու վայրի մասին: Զանգից հետո էին եկել ոստիկանության աշխատողները, Կարենին հրավիրել են ոստիկանություն, որպեսզի գրի այդ ամենի մասին:

«Ամուսինս իր կամքով, իր աշխատավայրի մեքենայով, մոտը մեծ գումար, թանկարժեք հեռախոս՝ իր օգտագործման քարտերով, գնացել է ոստիկանություն, որ գրի իր հետ տեղի ունեցածը: Սակայն ոստիկանությունում իրենից վերցրել են իր իրերը, թույլ չեն տվել զանգել, ասել են, որ Մարիամը մահացած է եւ պնդել են, որ Կ. Հովհաննիսյանը ընդունի, որ ինքն է կատարել սպանությունը»,-նշում է տիկին Արեւիկը: Նկատենք, որ ոստիկանությունը հայտնել է, թե Կարենը բերման է ենթարկվել:

Տեղեկացնեմ, որ Կարենի պաշտպանությունը ստանձնել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Գայանե Գրիգորյանը եւ Ելենա Կասպարովան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

18.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31