Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Բլբուլյանին հաջողվել է որսալ գլխավորը»

Դեկտեմբեր 19,2018 12:30

Ընթերցողի սեղանին է Օմար Խայամի քառյակների նորընծա հատորը` Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ

Ակնհայտ է, որ մեր օրերում գրքեր շատ են տպագրվում, ու դրանց հրատարակության առթիվ կազմակերպվող մեծ ու փոքր հանդիսությունների պակաս էլ, կարծես թե, չի զգացվում: Սակայն, կարելի է ասել, Գրողների միության կլոր սրահում օրերս կայացած շնորհանդեսն առանձնահատուկ էր՝ թե սովորականից մարդաշատ լսարանով, թե միջոցառմանն իրենց մասնակցությունը բերած գրող-գրականագետների կազմով, թե, իհարկե, ջերմ ու աշխույժ այն մթնոլորտով, որով առաջին իսկ ելույթներից հետո համակված էին գրեթե բոլոր ներկաները: Եվ երևի այլ կերպ լինել չէր կարող. գրական այդ հանդիպման հաճելի առիթը պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի քառյակների նորընծա հատորն էր, բանաստեղծ, ՀԳՄ և ս. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի դափնեկիր Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ (տողացիները պարսկերենից՝ Էմմա Բեգիջանյանի):

Իսկ Խայամը հայտնի ու սիրված անուն է, ամենաընթերցվող հեղինակներից մեկը ողջ աշխարհում, նրա նշանավոր քառյակները թարգմանվել են 42 լեզուներով, արևելյան մեծ իմաստունի կյանքի ու ստեղծագործության մասին հազարավոր հոդվածներ ու գրքեր են տպագրվել ու շարունակում են տպագրվել շատ երկրներում: Եվ միանգամայն ճիշտ էր այն դիտարկումը, որ արեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր բացման խոսքում. «Այն առնչությունները, խաչաձևումները, որ հատուկ են գրականությանը, դարեր շարունակ իրականացվել ու իրականացվում են նաև Խայամի մասնակցությամբ՝ կեցության բազմակողմանի դիտարկումներով, մասնավորի ու ընդհանուրի բաղդատումներով: Ուստի միանգամայն նոր թարգմանությամբ, առավել ամբողջականորեն ու հրատարակչական պատշաճ մակարդակով տպագրված «Խայամը» հրաշալի նվեր կարելի է համարել և՛ ընթերցողների, և գրողներիս համար»:

Գրականագետ, բանասիրության դոկտոր Պետրոս Դեմիրճյանը նախ նշեց. «Քանի որ թարգմանությունը կատարվել է բնագրի որակյալ տողացիներից և այն իրականացրել է այդ մարզում լուրջ փորձ ու հմտություն ունեցող մի բանաստեղծ, ես, պարսկերեն չիմանալով հանդերձ, վստահում եմ գրքի առաջաբանի՝ պարսկերենի գիտակ հեղինակի կարծիքին, այն է՝ նոր «Խայամը» ոչ միայն ավելի ընդգրկուն է վերջին՝ ավելի քան հիսուն տարվա ընթացքում տպագրվածներից (շուրջ 800 քառյակ), այլև առավել մոտ է բնագրին և գեղագիտական առումով հաջողված: Անշուշտ, ինձ առաջին հերթին այդ համոզման է բերում նորովի հայացված քառյակների հեշտ, միանգամայն անճիգ ընթերցումը»: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ Լ. Բլբուլյանը քառյակներն ընդգրկել է վեց առանձին բաժիններում, ու, որքան էլ այդ բաժանումն, ինչ-որ տեղ, պայմանական է, այնուամենայնիվ, ավելի հեշտ ու հաճելի է դարձնում ընթերցումը: Իսկ անդրադառնալով ընդհանրապես հայ-իրանական գրական կապերին, որ հին պատմություն ունեն, Պ. Դեմիրճյանը նշեց, որ այդ առումով մեծ է Թումանյանի ու Իսահակյանի վաստակը, որոնց գործը հետագայում հաջողությամբ շարունակել է Գեղամ Սարյանը, ավելի ուշ՝ Աբիգ Ավագյանը: Եվ ահա Օմար Խայամի այս հատորը, ի թիվս վերջին տարիներին տպագրված թարգմանական այլ գրքերի, գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ գեղեցիկ ավանդույթներն այսօր էլ հաջողությամբ շարունակվում են ու հարստանում:

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, խոսելով հայ գրականության մեջ քառյակի դրսևորման առանձնահատկությունների մասին, նշեց, որ մեր պոեզիայում այն արտահայտվել է հիմնականում որպես ոճավորում: «Եվ սակայն, եթե մենք խոսում ենք Խայամի մասին, ապա խոսում ենք որպես մեծագույն բանաստեղծի, մտածողի մասին,-ընդգծեց նա,- և այդ իմաստով նա շատ է հարստացրել ու դեռ կարող է հարստացնել մեր պոեզիան: Ես կարծում եմ, որ շնորհիվ նոր այս գրքի մենք կկարողանանք «մերավարի» զգալ, վերապրել տասներորդ դարի խոշոր բանաստեղծին, գրական մեր առօրյայի, կենցաղի մեջ մտցնել նրան»: Իսկ գրքի գեղարվեստական արժանիքներին անդրադառնալով, Հակոբ Մովսեսը նշեց. «Խայամի բանաստեղծություններն առաջին հերթին իմաստակիր են, և եթե թարգմանիչը գեղագիտական, գեղարվեստական խաղերով գլխավորը որսալ չկարողանա, ոչինչ չի ստացվի: Ես ծանոթ եմ Խայամի քառյակների հայերեն նախորդ հրատարակություններին, Խայամ եմ կարդացել նաև ռուսերեն ու գերմաներեն թարգմանություններով, ահա ինչու ինձ իրավունք եմ տալիս ասելու, որ Լևոն Բլբուլյանին այդ գլխավորը որսալ հաջողվել է. նրա թարգմանությունները դիպուկ են, հստակ ու ճշգրիտ»:

Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը ևս ընդգծեց. «Եթե թարգմանված բանաստեղծությունը հայերեն լավ է հնչում, հեշտ ընթերցվում, ուրեմն այն արդեն հաջողված է: Այդպիսիք գրքում շատ կան, իսկ մի շարք քառյակներ, իմ կարծիքով, պարզապես հրաշալի են թարգմանված, ու եթե, ասենք, բնագրի հետ մանրամասն համեմատելիս նույնիսկ ինչ-ինչ շեղումներ հայտնաբերվեն, ըստ իս, ամբողջական դրական տպավորությունը հազիվ թե փոխի: Գրեթե վստահ եմ, Լևոն Բլբուլյանի թարգմանական և հեղինակային գրքերի մեջ այս հատորը լավագույններից մեկն է համարվելու»:

Իրենց գործընկերոջը ջերմորեն շնորհավորեցին, նրա կատարած շնորհակալ աշխատանքը բարձր գնահատեցին նաև բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, թարգմանչուհի Էմմա Բեգիջանյանը:

«Իմ կարծիքով հատկապես պոեզիայի թարգմանիչն, այսպես ասած, «քանդում է» հեղինակին, նրա տվյալ ստեղծագործությունը, ու այն իր միջով անցկացնելով, ինչ-որ տեղ նորովի վերադարձնում ընթերցողին,- ասաց բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը: – Ու եթե թարգմանիչը բանաստեղծ չէ, օժտված չէ բնատուր տաղանդով, ապա թարգմանությունն անպայման կկաղի: Ուրախալի է, որ այս դեպքում, հանձին Լևոն Բլբուլյանի, Խայամը գտել է իր արժանավոր թարգմանչին, ընթերցողներս՝ նույնպես: Լևոնն այնպես է հայացրել Խայամին, որ ընթերցելիս մեր մեջ կասկածներ չեն առաջանում (ինչպես, ցավոք, լինում է ոչ քիչ դեպքերում), կարդում ու մտածում ենք, որ այդ ստեղծագործությունները գրվել են հենց հայերեն: Պիտի թե՛ թարգմանչին, թե՛ հրատարակչին շնորհակալ լինենք նման հրաշալի մի գիրք ստեղծելու համար: Ես պիտի խոստովանեմ, որ այն իմ սեղանի գիրքն է դարձել արդեն» :

Խայամի քառյակների ստվար հատորը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը՝ «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով: Հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ակնհայտորեն գոհ էր իրենց և թարգմանչի համագործակցությունից. «Այստեղ մի քանի անգամ գովեստ հնչեց մեր հասցեին, որ ընդառաջել ենք թարգմանչին, ճանապարհ տվել գրքին, բայց ես ուզում եմ հակառակ մեկնակետից խոսել. այդ մենք ենք շնորհակալ Լևոն Բլբուլյանին իր թարգմանությունը հենց մեզ վստահելու համար, որովհետև այն աշխատանքը, որ կատարվել էր, միանգամայն համահունչ էր հրատարակչության որդեգրած նպատակներին ու ծրագրերին»: Ա. Նիկողոսյանը հավելեց, որ ամենակարևոր նախադրյալը, որ կար գրքին ճանապարհ տալու համար, այն էր, որ թարգմանությունը կատարվել էր բնագրի որակյալ տողացիներից, իսկ Լևոն Բլբուլյանը մեր այն բանաստեղծներից է, որ խորապես տիրապետում է դասական տաղաչափության հմտություններին, բոլոր կանոններին ու նաև ինքը քառյակներ գրելու փորձ ունի: Կանաչ ճանապարհ մաղթելով գրքին, նա նշեց. «Խայամի այս հատորը պարզապես հերթական գիրք չէ, հերթական գրքեր շատ են տպագրվում: Ես կարծում եմ, սա իրադարձություն է մեր թարգմանական, մշակութային, ընդհանրապես գրական կյանքում, որովհետև թարգմանական յուրաքանչյուր հաջողված գիրք հարստացնում է մեր լեզուն, մեր գրական տարածքը, անխուսափելի իր ազդեցությունն է թողնում գրականության, պոեզիայի ընթացքի վրա»: Միջոցառմանը մասնակցում էր և իր խոսքն ասաց Հայաստանում Իրանի Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյեգ Մոհամմադ Ռեզա Հեյդարին: Նա ևս միացավ ջերմ շնորհավորանքներին, արժևորեց հայ-իրանական շարունակվող գրական կապերը, Լ. Բլբուլյանին նվիրելով Օմար Խայամի պարսկերեն գեղեցիկ հրատարակություններից մեկը:

Շնորհանդեսի ավարտին Լևոն Բլբուլյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ելույթ ունեցողներին, մասնավորապես նշելով, որ բոլոր ջերմ խոսքերն ու շնորհավորանքները հասցեագրում է նաև Էմմա Բեգիջանյանին, ով պարսկերենի փայլուն իմացությամբ ու նուրբ ճաշակով ամբողջ երկու տարի եղել է իր կողքին՝ ոչ հեշտ այդ աշխատանքն իրականացնելու ճանապարհին: «Որքան դժվարին ու պատասխանատու, նույնքան նաև հաճելի՛, ստեղծագործական վայելքով ուղեկցվող աշխատանք,- ընդգծեց թարգմանիչը: – Այս գրքի վրա աշխատելն ինձ շատ բան տվեց եւ որպես մարդու, եւ որպես գրողի. մեծապես հարստացած, իմաստնացած եմ զգում ինձ և ուզում եմ հուսալ, որ գիրքը կարդալուց, Խայամի մեկը մյուսից իմաստուն խորհուրդ-խրատներին, փիլիսոփայական խորունկ մտածումներին, գեղեցիկ, դիպուկ ու տպավորիչ խոսքին հաղորդակցվելով, նույն զգացողությունը կունենան նաև ընթերցողներից շատերը»: Ընթացքում ներկաներին խայամյան քառյակների փոքրիկ փնջեր մատուցելով, միջոցառումը գեղեցկացրեց ասմունքողուհի Գայանե Սամվելյանը:

ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

18.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31