Դեկտեմբերի 9-ի ընտրություններին պատգամավորության թեկնածուները կամ նրանց մարդիկ միկրոավտոբուսներով եւ ավտոմեքենաներով ընտրողներին ընտրական տեղամասեր չէին տեղափոխում: Դա եւս պատճառ դարձավ քվեարկությանը ընտրողների մասնակցության տոկոսի փոքր լինելուն:
Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների փորձառու նախագահները մեզ հայտնեցին, որ նախկինում համապետական ընտրությունների ժամանակ ազգային անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից. մարզպետարանից պարբերաբար զանգահարում էին իրենց, հետաքրքրվում, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել ընտրությանը, նաեւ պարզում էին, թե այդ տեղամասում ովքեր չեն ներկայացել քվեարկության եւ նրանց ուղղորդում էին ընտրատեղամաս:
Քվեարկության ավարտից հետո մարզպետարանից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից զանգահարում էին տեղամասային ընտրական հանձնաժողովներ, տվյալներ հարցնում ընտրողների մասնակցության մասին, քվեաթերթիկները հաշվելու ընթացքում պարբերաբար տեղեկանում թեկնածուների ստացած քվեների քանակից:
Այդ կերպ նրանք խանգարում էին քվեաթերթիկները հաշվելու գործընթացը, որը ձգձգվում էր մինչեւ ուշ գիշեր: ՏԸՀ նախագահները եւ քարտուղարներն հայտնեցին, որ այլեւս նման բան չկա, քվեաթերթիկներ հաշվելն արագ, առանց ընդմիջումների է ընթացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ