Էջմիածին քաղաքի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ, 1974թ. ծնված Արտակ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. ապրիլի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Սեյրան Միրզոյանի հետ Դիլիջան քաղաքում գտնվելու ժամանակ վերջինիս պատկանող «ՎԱԶ 219110» մակնիշի ավտոմեքենայի պահոցից գաղտնի վերցրել է Սեյրան Միրզոյանին պատկանող «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված 2 բանկային էլեկտրոնային քարտերը եւ ծածկագրերը եւ նույն թվականի ապրիլի 22-ին նշված քարտերի միջոցով «Արդշինբանկ» ՓԲԸ «Դիլիջան» մասնաճյուղի պահեստարան հանդիսացող բանկոմատ ապօրինի մուտք գործելով՝ գաղտնի հափշտակել է 165 հազար դրամ:
Ա. Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Մալխասյանին ուղարկված դատական ծանուցագրերը հետ են ուղարկվել դատարան՝ «տեղափոխված» նշումով: 2018թ. հոկտեմբերի 29-ին եւ նոյեմբերի 26-ին որոշումներ են կայացվել ամբաստանյալին բերման ենթարկելու մասին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի 2018թ. նոյեմբերի 27-ի գրության համաձայն Արտակ Մալխասյանին հնարավոր չի եղել բերման ենթարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,վերջինս բացակայում է բնակության վայրից, գտնվում է անհայտ հասցեում: Դեկտեմբերի 10-ի դատական նիստին նույն պատճառով Ա. Մալխասյանը չի ներկայացել: Այդ օրը դատական նիստը սկսելուց առաջ մեղադրողը միջնորդել է փոխել ամբաստանյալի խափանման միջոցը:
Դեկտեմբերի 10-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Արտակ Մալխասյանի խափանման միջոցը փոխել «կալանավորման», նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ