Այսօր՝ դեկտեմբերի 18-ին մեզ զանգահարեց Հովքի միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Սեդա Ասիրյանը: Նա հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում հովքցի ծնողների մեզ հայտնած այն տեղեկությունը, որ երեկ՝ դեկտեմբերի 17-ին Հովքի դպրոցի 15 աշակերտ դասերին չի մասնակցել: Նա ասաց, որ դեկտեմբերի 17-ին դասերից բացակայել է Հովքի դպրոցի 5, դեկտեմբերի 18-ին՝ 2 աշակերտ:
Մեզ զանգահարեցին Հովքից ծնողներ, որոնք ցանկանում էին այդ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնել Սամվել Սիմոնյանին: Նրանք ասացին, որ Հովքի դպրոցի դասղեկները զանգահարել են դասերից բացակայող աշակերտներին, ասել, որ դասերից բացակայելու դեպքում նրանք առարկաներից անբավարար կստանան, ծնողներից մեկն էլ պարզաբանել է, որ դասերից բացակայող աշակերտին չեն կարող ցածր գնահատական նշանակել:
Հովքի դպրոցի ծնողները մեզ ուղարկել են վերջին 6 տարիներին, երբ Սեդա Ասիրյանը այդ դպրոցի ուսմասվար էր, Հովքի դպրոց չհաճախած, սակայն դպրոցից ավարտական ատեստատ ստացած աշակերտների 5 հոգանոց ցուցակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ