Վրաստան այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ոստիկանությունում:
Ծառայության պատասխանատուները ողջունելով հայկական պատվիրակության անդամներին` շնորհակալություն հայտնեցին իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրին ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները: Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է:
Պարեկային ոստիկանության ծառայողները նաև կանխում, նախականխում և բացահայտում են հանցագործություններ: Այն Վրաստանում ընդունված է ոչ թե որպես պատժիչ, այլ ծառայություն մատուցող ստորաբաժանում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու պատվիրակության անդամները շրջեցին պարեկային ոստիկանության շենքում, ծանոթացան պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, պարեկային ծառայության մեքենաներին և այլն:
Քանի որ Երևանում ևս շուտով կազմավորվելու է շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, հայկական պատվիրակության անդամները հետաքրքրվեցին ծառայության դրական ու բացասական կողմերի, տեխնիկական և այլ խնդիրների մասին:
ՀՀ ոստիկանություն