Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրիաս Ղուկասյանի գործով «կնքահայր» են Սերժ Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը». պաշտպան

Դեկտեմբեր 18,2018 21:03

Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ գործով տուժողները՝ մեկը ոստիկան, մյուսը՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ենթադրաբար պատանդառված բուժքույր Մալինա Մարգարյանը, չէին ներկայացել ցուցմունք տալու: Դատարանը նրանց հաջորդ նիստում բերման ենթարկելու որոշում է կայացրել: Թե ինչ կապ ունի ՊՊԾ գնդում ենթադրաբար պատանդառված Մալինա Մարգարյանն Անդրիաս Ղուկասյանի գործի հետ, Aravot.am-ը զրուցեց վերջինիս շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ:

Փաստաբանի համար աբսուրդ է այն փաստը, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են ՊՊԾ գնդին միանալու փորձ կատարելու համար. «Մալինա Մարգարյանը պետք է պատմի, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդի ներսում, երբ ինքն այնտեղ է եղել, սա ի՞նչ կապ ունի Անդրիաս Ղուկասյանի հետ: Նրան մեղադրում են, թե փորձել է միանալ խմբին, զինվել եւ պատանդառված պահել Մալինա Մարգարյանին ե մյուս բուժաշխատողներին»:

Ըստ Կարեն Մեժլումյանի, մեղադրող-կողմի որեւէ փաստ հիմնավոր չէ. «Անդրիաս Ղուկասյանը չի էլ ցանկացել գնալ ՊՊԾ գունդ: Հեքիաթ է այս ամենը: Գտնում եմ, որ այս գործով «կնքահայր» են Սերժ Սարգսյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ցավալի է, որ Դավթյանն իր դատախազի միջոցով շարունակում է Ղուկասյանի հանդեպ մեղադրանքը պաշտպանել դատարանում: Դա այն դեպքում, երբ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի (նրանք եւս մասնակցում էին դեպի Սարի թաղ երթին) մասով գործը կարճվել է: Դատախազությունն ապօրինի մեղադրանքը շարունակում է պաշտպանել կեղծված ապացույցների հիման վրա»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանքից ազատվել է «Իմ քայլը» ժողովրդական շարժումից հետո: Նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ ՊՊԾ գնդին միանալու փորձի մեղադրանքը շինծու է ու քաղաքական հետապնդում իր հանդեպ: Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու փորձի համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31