Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. «Հայտարարում եմ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին»

Դեկտեմբեր 18,2018 17:53

Սիրելի Հայրենակիցներ,

Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ անհրաժեշտ է ձևավորել հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։

Այս հրամայականը առավել արդիականություն է ձեռք բերում նախ և առաջ այն Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և դրանց արդյունքում ձևավորված իրողությունների համատեքստում։

Փաստացի նոր Սահմանադրության գործարկման արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է մի այնպիսի մեկնարկային դիրքում, երբ քաղաքական կուսակցությունները ամբողջովին պետք է լծվեն ձևավորվելիք և վերափոխման ենթակա քաղաքական համակարգի բովանդակային հագեցման բարդագույն խնդրին։

Բովանդակային հագեցում ասելով նախ և առաջ ի նկատի ունեմ նոր քաղաքական մշակույթի ձևավորում, նոր կուսակցական համակարգ և կուսակցականության դերակատարման և առաքելության առավել ամրացում և բյուրեղացում։

Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա։

Կուսակցություններ և քաղաքական ուժեր, որոնք բացարձակապես ձևավորված և ադապտացած են նախորդ քաղաքական համակարգի խաղի կանոններին՝ որոնք «քաղաքական» կարելի է համարել շատ մեծ վերապահումով։

Անհրաժեշտ է փաստել, որ ներկայիս կուսակցությունների գերակշռող մասի գաղափարական հենքերը շատ հեղհեղուկ են և էպիզոդիկ, եթե չխոսեմ բացառապես իշխանություն դառնալու ձգտման մասին։

Հայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով նվազում է պետության և պետականության ընկալման կարևորությունը և դրա փոխարեն անընդմեջ շահարկվում և չարչկվում է «ժողովրդի» գործոնը՝ աստիճանաբար ավելացնելով պոպուլիզմի բաղադրիչը հրապարակային հռետորաբանության մեջ՝ ի հաշիվ պետության և պետականության ամրապնդման բաղադրիչի։

Սա մի ճանապարհ է, որտեղ քաղաքական կոնտենտ ստեղծող գլխավոր սուբյեկտները հարկադրված են լինելու անտեսել արդեն գոյություն ունեցող պետականության և նրա ինստիտուտների կենսական նշանակությունը՝ դրա իրավահաջորդության, քաղաքական իշխանության սահուն և անցնցում փոխանցման, էվոլյուցիոն կայուն զարգացման կարևորագույն առաքելությամբ։

Ցավով պետք է նշեմ, որ մեր կուսակցական համակարգին և մշակույթին հատուկ է լիդերակենտրոնությունը և պսեվդոգաղափարական պատկանելիությունը, որոնք, պետք է խոստովանեմ, հաճախ չեն հաջողում քողարկել այդ լիդերների իշխանատենչությունը….

Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշումը, հայտարարում եմ վերը նշված գաղափարները կիսող և արժևորող համախոհների հետ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10210138142850249

Արթուր Ղազինյան

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31