Այսօր Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանը հրավիրել էր մամուլի ասուլիս` ամփոփելու նորաստեղծ կուսակցության գործունեության 100 օրը:
Նրա խոսքով` հասարակական քաղաքական գործունեություն ծավալելու համար նախ անհրաժեշտ էր հաղորդակից լինել պետական գերատեսչությունների և հիմնարկների գործունեությանը: Մարսել Պետրոսյանն ընդգծեց, որ կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է Արցախի նախագահի, օրենսդիր և գործադիր մարմինների ուշադրությունը բևեռել հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի և խնդիրների վրա:
«Դիմել ենք ԱՀ նախագահին` ահազանգելով փոքր և միջին բիզնեսի հանդեպ գործող օրենքների անկատար լինելու մասին` առաջարկելով օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են հարկային բեռի թեթևացմանը»,- նշեց Մ. Պետրոսյանը` մանրամասնելով նաև այլ հարցերի մասին, որոնց լուծման նպատակով կուսակցությունն իր մտահոգություններն է հայտնել երկրի իշխանություններին:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` Մ. Պետրոսյանը նշեց, որ կուսակցության դիրքորոշումն այն է, որ բանակցային գործընթացին Արցախը պետք է մասնակցի իր պատվիրակությամբ: Սակայն քանի դեռ բանակցային ձևաչափը շարունակում է մնալ նույնը, ապա ըստ նրա, անհրաժեշտ է հստակեցնել, թե իր անունից բանակցելու համար Արցախը լիազորու՞մ է ՀՀ իշխանություններին, թե՞ ոչ:
Կուսակցության համանախագահը ընդգծեց նաև, որ իրենք անկասկած մասնակցելու են 2020թ. խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա Մ. Պետրոսյանը նշեց, որ կուսակցությունը ունենալու է իր թեկնածուն: Սակայն նա նաև չբացառեց այլ թեկնածուի աջակցելը` հաշվի առնելով նրա քաղաքական ծրագրերն ու գաղափարները:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ