Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ գյումրեցի 57-ամյա հավաքարարին դաժանաբար ծեծելով սպանելու դեպքից

Դեկտեմբեր 18,2018 17:17

Դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասի բնակչուհի, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու մեջ կասկածվող ռուս զինծառայողի մասին հայ իրավապահները համառորեն տվյալներ չեն հայտնում՝ ոչ անուն-ազգանունը, ոչ մասնագիտությունը, ոչ էլ ծննդավայրը։ Մեզ հաջողվեց ճշտել, որ ռուս զինծառայողը 23 տարեկան է, նա ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայող է, որի ծառայության ժամկետն արդեն լրանում էր ու պայմանագիրը չերկարացնելու դեպքում հնարավոր է և հեռանար Հայաստանից։ News.am-ի հաղորդմամբ էլ, նա Ա․Ռ․-ն է, որը ռուսական 102-րդ ռազմաբազայում որպես վարորդ- մեխանիկ է աշխատել։

Նա վարձով բնակվել է Գյումրու Անի թաղամասում։ Դեպքի օրը ողջ գիշեր իր 2 համածառայակիցների հետ Սլաբոդկա թաղամասից ոչ հեռու գտնվող գիշերային ակումբում կերուխում են արել, գինովցել, սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ի դեպ, իրավապահ համակարգի մեր աղբյուրների տեղեկացմամբ, ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ևս տուժող կա։

Ռուս զինծառայողը, զայրացած դուրս գալով ակումբից, սկսել է քայլել Սլաբոդկա թաղամասում ու իր զայրույթը թափել առաջին պատահած մարդու վրա։ Տվյալ դեպքում զոհ էր դարձել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցը, որը վաղ առավոտյան աշխատանքի գնալիս է եղել։

Կան տեղեկություններ, որ կնոջ շորը իջեցված է եղել, արդյոք բռնաբարության փորձ եղե՞լ է, թե՞ ոչ, սրա պատասխանը կտա նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։

Ըստ մեր աղբյուրների, ռուս զինծառայողին դեպքի հենց առաջին օրը ձերբակալել էին հայ իրավապահները, տեսախցիկներն արձանագրել էին կնոջը ծեծելու պահը, սակայն ծեծողի դեմքը կադրերում աղոտ էր երևացել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրների հավաստմամբ, մի քանի օր անց, երբ արդեն եղել են բավարար ապացույցներ, ռուս զինծառայողը նոր միայն խոստովանական ցուցմունք է տվել, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ու խափանման միջոցը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ընտրվել է կալանքը։ Նա այժմ պահվում է ռուսական ռազմաբազայում։

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Հիշեցնենք նաև, որ գյումրեցի կնոջ դեմքն անճանաչելիորեն այլանդակել էին, երբ նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն՝ հիվանդանոցում անակնկալի էին եկել։ Կնոջն այդ վիճակում տեսած բժիշկների հավաստմամբ, նման դաժանությամբ ծեծի դեպք իրենք չէին տեսել։ Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով նոր միայն պարզ կդառնա ծեծի դաժանության աստիճանը։

Համացանցում գյումրեցի օգտատերերի կողմից տեղեկություններ տարածվեցին, որ կնոջը ծեծել են գինու շշով, սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրների ասելով՝ նրան ոտքով են հարվածել։

Ի սկզբանե, հայ կնոջը ռուս զինծառայողի կողմից դաժանաբար ծեծելու ու մահվան հասցնելու փաստը պաշտոնապես հերքող ռուսական կողմն այսօր կոչ է արել չքաղաքականացնել հարցը ու, այսպիսով` չվնասել հետաքննությանը։ Նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Յիշէ՛ք հայեր,
    Այս ճահճից ազատուելու մէկ տարբերակ կայ՝ ՀԵՌԱՆԱԼ ՆՐԱՆՑԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՊԷՍ։
    Մենք խելօք ազգ ենք եւ պիտի հասկանանք, որ մեր կառավարութիւնը բացայայտ առճակատման չի կարող գնալ։ Դա չափազանց դանդաղ պիտի արուի։ Ուստի, մենք՝ շարքային քաղաքացիներս, պիտի օգնենք մեր կառավարութեանը։

    Ձեր երեխաներին աւելի քիչ սովորեցրէք նրանց լեզուն, կինոները, երգերն ու պարերը, գրականութիւնը (քաւ լիցի, ես գրաքննութեան կոչ չեմ անում, բայց նրանց մշակոյթին հաղորդակցուէք այն աստիճան, որ մեր պետականութիւնը չխաթարուի)։
    Սովորէք այլ լեզուներ եւ կրթուէք այլ երկրներում։ Եւ կը տեսնէք, որ փրկութիւնը եկել է։ Նրանց հետ «բարեկամութիւնից» աշխարհում դեռ ՈՉ ՄԻ ազգ չի շահեր։

  2. Ուզում էի ուղղակի մի հարց տալ թերթին, այս հոդվածը հրապարակելուց առաջ մտածեցիք մի պահ, որ սպանված կնոջ դուստրը չուներ այս ինֆորմացիան, և հիմա ձեր հրաշք լրագրողների շնորհիվ իմացա դա թերթից:
    Հոդված գրելուց մի քիչ պետք է ուղղակի մարդկանց մասին և ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼՈՒԹՅԱՆ մասին մտածեք:
    Իսկ մենք հիմա զբաղվում ենք այն հարցով, թե որտեղից է Ձեզ նման ինֆորամցիա, հավաստի է թե ոչ և ով է ձեզանից բացի խախտել նախաքննական գաղտնիքը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31