Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների կողմից Հայաստանի Հելսինկյան կոմիտեին ներկայացված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների քաղվածքներում արտացոլված արդյունքների և ԿԸՀ հրապարակած արդյունքների հետ եղել են որոշ անհամապատասխանություններ

Դեկտեմբեր 18,2018 16:42

Նախաբան

Սույն զեկույցն ամփոփում է 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտորդության արդյունքները: Դիտորդությունը իրականացվել է «Ազատ և արդար ընտրությունները` որպես ժողովրդավարական հասարակության կայացման խթան» ծրագրի շրջանակում՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և «Սիսիանի Հելսինկյան ակումբ», «Խորան Արդ», «Նռան հատիկ», «Կանաչ Մասիս» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաշվետվությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Դիտորդությունն իրականացվել է 62 տեղամասային կենտրոններում` քվեարկության ողջ ընթացքում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի մեկնարկից (ժամը 7:00) մինչև քվեարկության արդյունքների ամփոփման ավարտը: Դիտորդությունն իրականացվել է հետևյալ վայրերում.

  1. Ք. Մասիս, Արարատի մարզ, ընտրական տարածք թիվ 5

Տեղամասեր թիվ 11/01, 11/02, 11/03, 11/04, 11/05, 11/06, 11/07, 11/08, 11/09, 11/13, 11/14, 11/15, 11/28, 11/44, 11/48:

  1. Ք. Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք թիվ 8

Տեղամասեր թիվ 20/21, 20/22, 20/23, 20/24, 20/26, 20/28, 20/29, 20/30, 20/31, 20/32, 20/33, 20/34, 20/35, 20/36, 20/37, 20/38:

  1. Ք. Գյումրի, Շիրակի մարզ, ընտրական տարածք թիվ 11

Տեղամասեր թիվ 31/02, 31/06, 31/08, 31/10, 31/11, 31/34, 31/25, 31/27, 31/28, 31/38, 31/44, 31/46, 32/27, 32/28, 32/41:

  1. Ք. Սիսիան, Սյունիքի մարզ, ընտրական տարածք թիվ 12

Տեղամասեր թիվ 34/20, 34/21, 34/22, 34/23, 34/24, 34/25, 34/26, 34/28, 34/31, 34/35, 34/40, 34/45, 34/47, 34/48, 34/54, 34/56:

Ստորև ներկայացնում ենք դիտորդության արդյունքում արձանագրված թերությունները և խախտումները:

 

Քվեարկության ընթացքում արձանագրված թերությունները և խախտումները

Տեղամասային կենտրոններին հարող տարածքը

Դիտարկված տեղամասային կենտրոններից 6-ում մինչև 50 մետր շառավղով եղել են խմբերով հավաքված մարդիկ, իսկ տեղամասերից մեկի հարևանությամբ՝ մեքենաների կուտակում։ Սիսիանի տեղամասային կենտրոններից մեկի մուտքի առջևի մայթին փակցված են եղել Հայաստանի հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության և «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների նախընտրական պաստառներ, որոնք քվեարկության մեկնարկից մի քանի ժամ անց հեռացվել են։

Տեղամասային կենտրոնների կահավորումը

Դիտարկված տեղամասերից 45-ը հարմարեցված չեն եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար (թեքահարթակներ, լայն դռներ), իսկ 16-ում չեն եղել տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ միջոցներ (խոշորացույց, բրայլյան այբուբենով քվեարկության թերթիկներ)։ Տեղամասերից 12-ում քվեարկության խցիկները տեղադրված չեն եղել այնպես, որ ընտրողը քվեարկելիս թիկունքով դեպի պատը լինի: Որոշ դեպքերում քվեախցիկների հետևում եղել են դռներ, միջանցք, դահլիճ կամ այլ բաց տարածություն, որոնք մեծ մասամբ փակված են եղել այլ առարկաներով (վարագույր, սեղաններ և այլն): Երկու տեղամասում քվեարկության խցիկները տեղադրված չեն եղել դեմքով դեպի հանձնաժողովը, իսկ մեկ տեղամասում քվեարկության խցիկների միջև հեռավորությունը եղել է 1 մետրից պակաս: Տեղամասերից 5-ում մինչև քվեարկության մեկնարկը քվեարկության խցիկներում գտնվող չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղերում չեն եղել քվեաթերթիկներ: Եվս մեկ տեղամասում փակցված չեն եղել քվեարկության ընթացակարգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող պաստառներ։ Քվեարկության ընթացքում բազմաթիվ ընտրողներ բողոքել են քվեարկության խցիկի լուսավորության անբավարարությունից:

 

Քվեարկության ընթացքը

Տեխնիկական խնդիրներ

Դիտարկվել են մի շարք խնդիրներ՝ կապված ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորման հետ։ Տեղամասերից 9-ում սարքը մի քանի փորձերից հետո է կարդացել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը, իսկ 13-ում՝ մատնահետքերը։ Եվս 3 տեղամասերում սարքը ժամանակավորապես արգելափակվել է, իսկ տեղամասերից մեկում դժվարությամբ է միացել։

Ընտրողների կողմից թույլ տրված թերություններ և խախտումներ

Դիտարկված տեղամասերից 19-ում արձանագրվել են դեպքեր, երբ քվեարկության են ներկայացել տվյալ տեղամասում չգրանցված քաղաքացիներ։ Տեղամասերից 8-ում ընտրողը անձը հաստատող փաստաթղթի փոխարեն ՀՀ ընտրական օրենսգրքով չնախատեսված այլ փաստաթուղթ է ներկայացրել, իսկ 2-ում՝ ներկայացվել է քվեարկությանը արդեն մասնակցած ընտրողի անձնագիր (ըստ փաստաթուղթը ներկայացնողների՝ տեղի է ունեցել շփոթմունք)։ 15 տեղամասում դիտարկվել են մեկից ավելի անձանց մուտք քվեարկության խցիկ, որոնցից 7-ում՝ եզակի, 8-ում՝ հաճախ (հիմնականում տարեց ընտրողներ)։ 17 տեղամասում տեղի են ունեցել ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեարկության խցիկից դուրս լրացնելու դեպքեր, որոնցից 13-ում՝ եզակի, 4-ում՝ հաճախ (հիմնականում տարեց, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող ընտրողներ՝ կապված քվեարկության խցիկի վատ լուսավորվածության հետ)։ Դիտարկված տեղամասերից 9-ում արձանագրվել են ընտրողների կողմից կատարված քվեարկության մասին բարձրաձայնելու կամ երրորդ անձանց տեղեկացնելու դեպքեր, որոնցից 7-ում ընտրողները բարձրաձայնել են նախընտրած քաղաքական ուժի կամ թեկնածուի անունը, 1-ում ընտրողները քվեարկության մասին հայտնել են տեղամասային կենտրոնում ներկա գտնվող վստահված անձին («Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից)։ Եվս մեկ տեղամասում մի շարք ընտրողներ քվեարկությունից առաջ և հետո մոտեցել էին տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կանգնած անձանց, որոնցից մեկը Խարբերդի գյուղապետն էր, մյուսը՝ իր որդին ՝ ԲՀԿ վստահված անձ:

Դիտարկված տեղամասերից մեկում նույն անձը 4 անգամ օգնել է քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին։

31 տեղամասում դիտարկվել են դեպքեր, երբ 15-ից ավելի ընտրող միաժամանակ ներկա են գտնվել տեղամասային կենտրոնում, որոնցից գրեթե բոլոր դեպքերում ՏԸՀ նախագահը կարգավորել է իրավիճակը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից թույլ տրված թերություններ և խախտումներ

Դիտարկված տեղամասերից 5-ում խախտվել է վիճակահանությամբ սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:

Ըստ դիտորդների՝ 8 տեղամասի ՏԸՀ անդամները լիարժեքորեն չէին տիրապետում իրենց գործառույթներին: Օրինակ՝ տեղամասերից մեկում ՏԸՀ անդամը ընտրողին հանձնել է քվեարկության 2 ծրար, հայտնելով, որ երկուսում էլ պետք է դրվի քվեաթերթիկ, իսկ մեկ այլ տեղամասում ՏԸՀ անդամը ընտրողների անձնագրային տվյալները գրանցել է ստորագրված ցուցակում: Տեղամասերից 6-ում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՏԸՀ անդամների կողմից գրանցամատյանում ոչ միշտ են գրառումներ կատարվել: Երկու տեղամասում ՏԸՀ անդամները քվեարկությամբ կայացրել են որոշում, որ տեղամասային կենտրոնում նույն կազմակերպությունից կարող են ներկա գտնվել մինչև 2 դիտորդ: Մեկ տեղամասում ոչ միշտ են գրանցամատյանում գրանցել քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձանց տվյալները:

Դիտարկված տեղամասերից 5-ում հանձնաժողովի անդամների, ինչպես նաև վերջիններիս և ընտրողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

Տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կողմից թույլ տրված թերություններ և խախտումներ

Տեղամասերից 12-ում ներկա են եղել վկայականը տեսանելի կերպով չկրող անձինք, որոնցից 1-ի դեպքում անձը ՏԸՀ նախագահի կողմից դուրս է հրավիրվել, մյուս դեպքերում ՏԸՀ նախագահի զգուշացումով կամ դիտորդի առաջարկով սկսել են վկայականը տեսանելի կերպով կրել (նշված անձինք եղել են «Միացյալ առաջնորդների պալատ», «Աբովյանի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունների դիտորդներ, ինչպես նաև ԲՀԿ վստահված անձինք): Մեկ տեղամասում միջազգային կազմակերպության դիտորդի թարգմանիչը չի կրել վկայական: Դիտարկված տեղամասերից 5-ում նույն կազմակերպությունից ներկա են եղել կամ փորձել են տեղամաս մուտք գործել մեկից ավելի դիտորդներ («Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Միացյալ առաջնորդների պալատ», «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ»): Եվս 3 տեղամասում ԲՀԿ վստահված անձինք և ԼՀԿ վստահված անձը փորձել են մուտք գործել տեղամասային կենտրոն այն դեպքում, երբ նույն կուսակցությունից արդեն ներկա են եղել 2 վստահված անձինք: Նշված անձանց մուտքը երկու դեպքում կանխվել է, մեկ դեպքում` երրորդ վստահված անձը դուրս է հրավիրվել ՏԸՀ-ի կողմից: Մասիսի տեղամասերից մեկում ԲՀԿ վստահված անձը կարգավորել է ընտրողների հոսքը դեպի տեղամասային կենտրոն: Տեղամասերից մեկում անձը ներկայացել է որպես «Բարգավաճ Հայաստանի» դիտորդ, սակայն վկայականի վրա գրված է եղել «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Մեկ այլ տեղամասում ԲՀԿ վստահված անձը գրանցվել էր առանց վկայականը ներկայացնելու (նրա վկայականը բերել են գրանցվելուց 1 ժամ անց):

4 տեղամասում դիտարկվել են ԶԼՄ ներկայացուցչի կողմից ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու դեպքեր և փորձեր:

Քվեարկության արդյունքների ամփոփման նիստ

Դիտարկված տեղամասերից 2-ում քվեարկության ավարտից մինչև արդյունքների ամփոփման նիստը սկսելը ՏԸՀ անդամներն ընդմիջում են արել: Տեղամասերից 6-ում ամփոփման նիստին ներկա է գտնվել ոստիկանության ծառայող, մեկ այլ տեղամասում ԲՀԿ վստահված անձը անմիջականորեն մասնակցել է ձայների հաշվարկի գործընթացին:

Այլ նշումներ

Դիտորդների կողմից Հայաստանի Հելսինկյան կոմիտեին ներկայացված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների քաղվածքներում արտացոլված արդյունքների և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների հետ եղել են որոշ անհամապատասխանություններ: Տեղամասերից 3-ի դեպքում ԿԸՀ արդյունքների հետ չի համապատասխանել ընտրողների ընդհանուր թիվը, իսկ այլ 3 տեղամասերի դեպքում՝ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:

Ստորև ներկայացնում ենք դիտարկված տեղամասերում տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկա գտնվող վստահված անձանց թիվը՝ ըստ դիտարկված տարածքների:

Առաջարկություններ

  1. Բարձրացնել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների` օրենքով նախատեսված իրենց գործառույթներին տիրապետելու մակարդակը:
  2. Քվեարկության օրը բոլոր տեղամասային կենտրոնները ապահովել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ հարմարություններով, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված պարագաներով:
  3. Բարձրացնել ընտրողների իրազեկվածությունը՝ քվեարկության կարգի և կանոնների վերաբերյալ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31