ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է կազմակերպության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Միանգամից ասեմ: Ես ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը չեմ, ուստի սահմանափակ մեկնաբանությունների հնարավորություններ ունեմ: Իմ ըմբռնմամբ՝ ՌԴ դիրքորոշումը հիմնված է բազային շահերի վրա՝ Կազմակերպության ամրապնդում, անդամ-երկրների միջև համաձայնության ամրապնդում, այն շահագրգռվածության վրա, որ այդ հարցը, որն այսօր արդիական է Կազմակերպությունում, որոշվի այնպես, որ ՀԱՊԿ արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև ամրապնդվի, այդ թվում՝ Կազմակերպության գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հաշվին»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ իրենց ընդհանուր շահագրգռվածությունն է ամրապնդել Կազմակերպությունը, որպեսզի այն գործի արդյունավետ:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանում «փափուկ ուժի» կիրառմանը՝ դեսպանը նշել է, որ դա ընդհանուր, համակարգային, ամենօրյա աշխատանք պահանջող հարց է:
Նրա խոսքով՝ այդ «փափուկ ուժի» հիմքում ընկած են այն կապերը, որոնք միավորում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին դարերի ընթացքում, շատ սերտ միջմարդկային շփումներն են, որոնք երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հիմքն են: Այնուամենայնիվ, նա նշել է, որ այսօր իրականացվող քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ:
«Դեսպանատունը և Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունները միտված են նրան, որպեսզի նոր մակարդակի բարձրացնեն երկկողմ կապերը,- ասել է Կոպիրկինը:- Այդ առումով իր դերը կունենա նաև Հայաստանի աճող զբոսաշրջային գրավչությունը: Դա հնարավորություն կտա մեծ թվով ռուսների ծանոթանալ Հայաստանին, իսկ հենց հանրապետությանը՝ զարգացնել տնտեսությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ