Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է շշնջացել Նիկոլն Ալիեւի ականջին. ասել է պատին կծեփեմ կամ էլ ասֆալտին կփռեմ». Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 18,2018 16:17
aram sargsyan

«Հետհեղափոխական Հայաստանը հետխորհրդային այդ խմբում տեղ չունի։ Նրանք կամ պետք է հեռացնեն Հայաստանին, կամ հեղափոխական ուժերին»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նախկին ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն`անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի`վերջին աղմկահարույց հայտարարություններին: Ասուլիսի մյուս բանախոս`Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ երրորդ տարբերակը հավելեց`Ալեքսանդր Լուկաշենկոն եւ մյուսները փորձելու են Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց նման։

Ազատ Արշակյանը հիշեցնում է`20 տարի առաջ Բելառուսի նախագահը ՌԴ-ի հետ ընդհանուր պետության մասին փաստաթուղթ է ստորագրել եւ Լուկաշենկոն դիմադրում է: Խոսքը Հայաստան-Բելառուս-ՌԴ միության մասին է: Հայաստանում անհրաժեշտ ստորագրություններ չհավաքվեցին: Հետո ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով կասեցրեց Բելառուսի ինտեգրումը ՌԴ-ին: Վերջերս ՌԴ-ն փորձում է վերակենդանացնել այդ ծրագիրը`Բելառուսին ասելով, եթե ցանկանում ես էժան գազ, միացիր ՌԴ-ին: Իր վերջին ակտիվությամբ, ըստ Ազատ Արշակյանի, Լուկաշենկոն փորձում է իր առջեւ դրված օրակարգը շեղել: Ազատ Արշակյանը զգուշացնում է`Նազարբաեւն էլ պանթուրքիզմի գաղափարի լիդեր է իրեն համարում եւ գործոն է համարում: «Ես կարծում եմ, որ Լուկաշենկոյի ակտիվությունը բլեֆ է, հակապուտինյան, հակառուսաստանյան ակցիա է, ոչ թե Հայաստանի դեմ է: Թիրախը Հայաստանն է, բայց նա օրակարգն է ուզում փոխել»,- ասաց նա:

Այս բանավեճերը Արամ Սարգսյանը կապում է Արցախի հարցի հետ: Նա կարծում է, որ բոլորի մոտ էլ առաջանում է հարցը`այդ ի՞նչ պատահեց Ալիեւին, ի՞նչ շշնջաց Նիկոլը նրա ականջին, որ միանգամից բարիացավ եւ որոշեց, որ հակասությունները կարելի է լուծել. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլն ասել է՝ պատին կծեփեմ կամ էլ ասֆալտին կփռեմ: Թե չէ ինչի՞ց ելնելով Ալիեւը միանգամից ագրեսորից դարձավ ամենաբարին»:

Արամ Սարգսյանը հստակեցնում է Արցախի հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքը`պետք է քննարկումների արդյունքում հստակ օրակարգ ձեւավորվի, որում մադրիդյան սկզբունքները տեղ չունեն: Նա կարծում է, որ հարցի նկատմամբ հատվածական մոտեցումներով վտանգում են պետությունն ու պետականությունը: Այս համատեքստում, իր համար անհասկանալի են նաեւ Արցախում կադրային շարժերը: Նա ուզում է հասկանալ`պատրաստվո՞ւմ է այսօրվա իշխանությունը Արցախի հարցի միասնական տեսակետ ներկայացնել: Բայց, տեսնում է, որ ՀՀ նոր իշխանությունը նույն ուղղությամբ է գնում եւ զգուշացնում է, որ իրենք ավելի մեծ վտանգի են ենթարկում Հայաստանն ու Արցախը: «Մենք բազմիցս ասել ենք, որ տարածքներ հանձնելու հարց չկա։ Այնինչ այսօր, կառավարության նիստի ժամանակ այնպիսի վտանգավոր հայտարարություններ են արվում, որ բանակն արդիականացվելու համար 2.5 միլիարդ դոլարի կարիք ունի։ Սա միտումնավո՞ր է, անփորձությո՞ւն է, չեմ հասկանում: Բայց եթե դուք այսօր հայտարարում եք, որ ձեր բանակն այնպիսի վիճակում է, որ 2,5 միլիարդի արդիականացման կարիք ունի, հակառակորդին ուղիղ կերպով ցույց են տալիս զինված ուժերի վիճակը: Ֆեյքերն այնքան են գժվել, հայտարարում են`«Նիկոլը գիտի ինչ ա անում»: Բայց մենք էլ պիտի իմանանք`ի՞նչ է անում»,- ասաց բանախոսը` հավելելով, որ միջազգային հանրությունն իր հերթին ուզում է հասկանալ՝ ինչպե՞ս է Հայաստանը փորձում դիմագրավել այս խնդիրներին։

Արամ Սարգսյանն ուզում է, որ այսօրվա իշխանությունը հաջողի, քանի որ այդ հաջողությունից է կախված մեր պետության հաջողությունները: Իսկ թե ինչո՞ւ են «այժմվա երիտասարդները» անհանդուրժող եւ չեն ցանկանում ընդունել, որ իրենց «աչքից վերեւ էլ ունք կա», Արամ Սարգսյանը ժպիտով է վերաբերվում. «Ֆեյքերը հիբրիդային պատերազմի են անցել»:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարությանը՝ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց` որքան դրանց գործունեությունը բաց լինի, այնքան ավելի լավ։

Մինչդեռ Ազատ Արշակյանը նվաստացուցիչ է համարում այն, որ եթե այլ երկրի արտգործնախարարը պարտադրողական հայտարարություն է անում, ըստ որի Հայաստանում չպետք է օտարերկրյա զինվորականներ լինեն. «Հայաստանն այստեղ կարծես նմանվում է ՌԴ կալվածքի»։

Ինչ վերաբերվում է արտախորհրդարանական ուժերի հնարավոր միավորմանը, Դեմկուսի նախագահը նկատում է`միավորում կարող է լինել բացարձակ կեղծիքներով ընդունված Սահմանադրության վերանայման եւ պետական անվտանգության խնդիրների շուրջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31