Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանն արձանագրում է, որ Ադրբեջանում փորձում են նսեմացնել ՀՀ-ում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունների նշանակությունը: «Ադրբեջանի որոշ պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ ասում են, թե ՀՀ ԱԺ ընտրությունները կեղծված էին, որ մասնակցության ցուցանիշը ցածր էր, բայց ընդդիմադիր գործիչները հետաքրքիր գրառումներ են արել սոցցանցերում: Նրանք շեշտում են, որ Հայաստանը վերջապես ժողովրդավարական ընտրություններ ունեցավ»,-«Արմենպրեսում»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տաթեւ Հայրապետյանը:
Նա մեջբերեց Ադրբեջանի ընդդիմադիր գործիչներից մեկի այն խոսքը, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը լինելու է գործընթաց՝ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ:
Ըստ Տաթեւ Հայրապետյանի՝ Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները հասկանում են, որ Հայաստանն Արցախի հարցում իր դիրքորոշումն արդյունավետ ներկայացնելու հնարավորություն ունի: Իսկ թե հայաստանյան վերջին իրադարձությունները որպես օրինակ ազդակ հանդիսացե՞լ են Ադրբեջանի ընդդիմադիրների միավորման համար, Տաթեւ Հայրապետյանը նշեց. «Ներկայումս ընդդիմադիրների միավորման միտում չեմ տեսնում, քանի որ հայտնի ընդդիմադիրների դիրքորոշումները հակասական են: Մրցակցություն է, թե ով կստանձնի առաջնորդի դերը, եթե զարգացումներ լինեն»:
Որպես օրինակ փորձագետը մատնանշեց, որ նոյեմբերին ընդդիմադիր Ալի Քերիմլին փորձեց առաջնորդել սոցիալական բողոքի ալիքը, սակայն ձերբակալվեց. «Սա Ադրբեջանի իշխանության ազդակն է առ այն, որ չփորձեք սոցիալական բողոքն օգտագործել քաղաքական նպատակների համար»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2132489263669095/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ