Aravot.am-ի հարցերին, թե լրատվամիջոցներում կրկին հրապարակումներ կան երկրից գումարների արտահոսքի վերաբերյալ, կա՞ ուսումնասիրություն, ի՞նչ գումարներ են դրանք, մասնավորապես՝ ո՞ր երկրներ են արտահոսում, ի՞նչ չափերի մասին է խոսքը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն ի պատասխան ասաց, որ ինքն էլ է կարդացել այդ տեղեկատվությունը, սակայն վստահեցնում է, որ մեր երկրից գումարների արտահոսքի միտում ԿԲ-ն չի նկատում:
«Մեր բոլոր թվային տվյալները, վերլուծությունները խոսում են մի բանի մասին, որ էական փոփոխություն չկա այս տարվա եւ անցած տարիների ֆինանսական հոսքերի շարժի հետ կապված»:
Ըստ ԿԲ խորհրդի անդամի, այս տարի ներմուծման ծավալներն ավելացել են. «Ֆիզիկական անձինք առեւտրի մեջ են եւ իրականացնում են ներմուծում Չինաստանից, Արաբական Էմիրություններից: Եվ նաեւ մեծ ծավալների ինտերնետ առեւտուր են իրականացնում, ինչը ներառվում է այդ տվյալների մեջ: Ֆիզիկական անձանց փոխանցումները ֆիզիկական անձանց, տեղի են ունենում նաեւ այս երկու գործոնների ավելացման հաշվին»:
Պարոն Ստեփանյանը նաեւ ասաց, որ ՀՆԱ-ի մեջ տրանսֆերտները նվազել են, եւ եթե նախկինում դրանք կազմում էին ՀՆԱ-ի 25-26 տոկոս, ներկայումս 10 տոկոսի շրջանակներում են. «Տրանսֆերտների գործոնը մեր տնտեսության ֆինանսավորման եւ զարգացման առումով այս տարիներին կտրուկ նվազել է»:
Մանրամասները` տեսանյութում
Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցած գների եւ ֆինանսական կայունության թեմայով ասուլիսի ժամանակ,ԿԲ ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ ունենք դոլարիզացիայի մակարդակի դանդաղ նվազում, դրամային ավանդների աճ, ինչն ըստ ԿԲ պաշտոնյայի, նշանակում է, որ մեր քաղաքացիները սկսել են ԿԲ կանխատեսումներին ու դրամին ավելի շատ վստահել. «Մարդիկ սկսում են ավելի շատ իրենց խնայողությունները պահել դրամով: Ժամանակի ընթացքում հավատը դեպի դրամ փոխվում է մարդկանց մոտ: 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ եւ դոլարային, եւ շատ ավելի արագ տեմպով դրամային ավանդների աճ»:
Այն կանխատեսումները, թե մեր երկրին դեֆոլտ է սպասվում, պարոն Ստեփանյանն ասաց՝ ապատեղեկատվություն է, դեֆոլտ չի սպասվում. «Ես որքան կարդացի, չտեսա որեւէ հիմք, հիմնավոր վերլուծություն, թե ինչու են այդպիսի եզրակացության եկել: Ես կարող եմ միանշանակ ասել, որ դրանք զուրկ են որեւէ հիմքից, ապատեղեկատվություն է, չգիտեմ ինչ նպատակներից ելնելով»:
Արթուր Ստեփանյանն ասաց, որ գնաճն այս տարեվերջին կանխատեսվածից ցածր կլինի՝ 1,5-ից 1,8 տոկոսի շրջանակներում: Սակայն եկող տարվա վերջին ԿԲ-ն, ակցիզային հարկի ավելացմամբ, ԵԱՏՄ-ով պայմանավորված որոշ ապրանքների գների բարձրացմամբ եւ այլ գործոններով պայմանավորված՝ գնաճը կանխատեսում է 4 տոկոս:
ԿԲ խորհրդի անդամն անդրադառնալով գյուղատնտեսական ցուցանիշներին, որոնք նոյեմբեր ամսին 20 տոկոսով անկում էին ապրել, ինչի հետեւանքով պետք է գյուղապրանքների պահանջարկ առաջանար եւ գներն աճեին, ասաց, որ գնաճ չարձանագրվեց այն ապրանքային շուկաներում, որոնք մեծ կշիռ ունեն սեզոնային գյուղատնտեսական ապրանքներում. «Ակնհայտ է, որ գյուղատնտեսական ոլորտում որոշակի վիճակագրական խնդիրներ կան»:
Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությանը, պարոն Ստեփանյանն ասաց, որ մոտակա ամիսներին այն չի փոխվի՝ կմնա 6 տոկոսի շրջանակներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ