Լրահոս
Օրվա լրահոսը

16-րդ «Ոսկե ծիրանի» նորությունները` «Խելառ կեսգիշեր» եւ ժանրային ոչ մի սահմանափակում`  հիմնական մրցութային ծրագրում

Դեկտեմբեր 18,2018 15:40

«Ամբողջ թիմի համար շատ մեծ պատասխանատվություն է…ի՞նչ պետք է անես արդեն 15 տարի կայացած մեծ փառատոնի հետ, որն ունի միջազգային համբավ: Չնայած երկար մտածելուց հետո հասկացանք, որ կարող ենք մեր թիմով էլ նոր բան բերել փառատոն: Նորություններ կլինեն, սակայն դրանք ծայրահեղ ու կտրուկ չեն լինելու»,- ասաց  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը: Հավելեց, որ զուգահեռ ուսումնասիրությունների փուլում են` աշխատանքը թիրախային եւ նորարարական կազմակերպելու նպատակով:

Նշեց, որ  փորձելու են աշխատել երկարաժամկետ ծրագրով, պատրաստվում են թարմացնել, վերաբրենդավորել փառատոնը, քննարկում են հնարավոր բոլոր տարբերակները, որ «Ոսկե ծիրանը» ինչպես երեւանցիների, այնպես էլ արտասահմանցի այցելուների համար սիրելի փառատոն մնա:

Մանրամասները` տեսանյութում:

Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ փորձելու են Երեւանում ընդլայնել «Ոսկե ծիրանի» ներկայությունը, ինչի նպատակով հանդիպում են ունեցել Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: «Մի քիչ ավելի կանաչ ու բնապահպանական մոտեցում ենք ունենալու, որովհետեւ սովորաբար փառատոները եւ մասշտաբային միջոցառումները մեծ ծավալի տպագրություն են ունենում, մինչդեռ այդ ամենը կարելի է անել խաղայնացված մոտեցումների միջոցով եւ կրճատել տպագրության քանակը փառատոնում»,-ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի նոր տնօրեն Կարեն Ավետիսյանն ընդգծեց, որ կայացած փառատոնում գործի անցնելը պատասխանատվության առումով ունի դրական եւ բացասական կողմեր. «Դրական այն առումով, որ փոխանցվում է մի գործ, որն ունի շատ բարձր նշաձող ու դու պարտավոր ես պահել նշաձողը: Մյուս կողմից էլ՝ հենց դրա մեջ է բարդությունը»:

Հավելեց, որ առայժմ ծրագրերը խմորումների փուլում են, սակայն մի քանի արդեն ուրվագծված կետեր առանձնացրեց. «Մենք ցանկանում ենք, որ 16-րդ «Ոսկե ծիրանում» հիմնական մրցութային ծրագիրը չունենա ժանրային որեւէ սահմանափակում, այսինքն՝ սահմանափակումը պայմանավորված լինի միայն խրոնոմետրաժով: Դա նշանակում է, որ լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրն իր մեջ ներառում է թե խաղարկային, թե վավերագրական, կամ թե կիսախաղարկային, կիսավավերագրական, կիսաանիմացիոն եւ այլ ֆիլմեր»:

Մանրամասները` տեսանյութում:

 Ի թիվս այլնի, Կարեն Ավետիսյանը նշեց, որ լիամետրաժ կինոնկարների կողքին կլինի նաեւ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր. «Եթե լիամետրաժ ֆիլմերի աշխարհագրությունն անսահմանափակ է, կարճամետրաժ ֆիլմերի դեպքում մրցույթը կվերաբերվի տարածաշրջանին: Այդպիսով հայ կինոն կդիտարկվի տարածաշրջանային համատեքստում, եւ եւս մեկ անգամ առիթ կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր եւ հարեւան երկրների կինոինդուստրիայում:

Որտե՞ղ է մեր դերը եւ նշանակությունն այնտեղ: Նույն տարածաշրջանային տրամաբանությունը շարունակելով կունենանք մեկ այլ ծրագիր, որը կլինի ոչ մրցութային լիամետրաժ ֆիլմերի, որը լինելով ոչ մրցութային՝ կունենա ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակ»:

«Ոսկե ծիրանի» երիտասարդ ղեկավար կազմը նաեւ տեղեկացրեց, որ 16-րդ «Ոսկե ծիրանը» կունենա «Խելառ կեսգիշեր» ծրագիրը, որի շրջանակում կեսգիշերից հետո կցուցադրվեն ռադիկալ, էքսպերիմենտալ կինոյի նմուշներ, այդ թվում՝ սարսափ, էրոտիկ ֆիլմեր: «Ոսկե ծիրանի» ֆիլմերի հայտերը կընդունվեն հունվարի 10-ից, իսկ փառատոնը, ինչպես միշտ, կկայանա հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում` հուլիսի 7-14-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31