Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիները դժգոհում են անբարեկարգ կանգառներից

Դեկտեմբեր 18,2018 15:33

Հայաստանի շատ քաղաքների պես, Վանաձորն էլ չունի բարեկարգ կանգառներ: Բնակիչները դժգոհում են, որոշ երթուղայիններ լավ չեն աշխատում, դրա հետ միասին նաեւ կանգառներն են անբարեկարգ: Նրանց խոսքով՝ ստիպված են լինում վատ աշխատող տրանսպորտին սպասել ոտքի վրա, արեւի ու անձրեւի տակ:

«Քիմ գործարանից մինչեւ Խնձորուտ, ամբողջ կանգառներում ո՛չ նստարան կա, ո՛չ ծածկ: Եթե անձրեւոտ եղանակ է լինում, թրջվում ես ու սառչում, եթե մի քիչ վատ ես զգում, տեղ չկա, որ նստես, երթուղայիններն էլ 5-7 րոպե ինտերվալով հազիվ են աշխատում: 18:30-ից հետո էլ առաջին համարի գծում ոչ մի երթուղային չես գտնի: Երեւի երկրորդ համարի ժողովուրդը լավն են, որովհետեւ այդտեղի մի քանի կանգառները ծածկ ու նստարան ունեն, երթուղայիններն էլ շուտ-շուտ են աշխատում»,- ասում է Խնձորուտ թաղամասի բնակիչ Արմեն Հարությունյանը:

Կանգառների վիճակից ու տրանսպորտից դժգոհում է նաեւ Տարոն 4 թաղամասի բնակչուհի Լուսինե Սաղաթելյանը: Ասում է՝ այդ խնդրին ինքն ամեն օր է բախվում. «Կանգառներ չունենք, միայն ինստիտուտի կողքի կանգառն եմ տեսել, որ եւ՛ ծածկ կա, եւ՛ նստարան: Դա շատ վատ է, անձրեւ ու ձյուն է գալիս, ժողովուրդը չի կարողանում կանգնել, թրջվում են ու հիվանդանում: Նստարաններն էլ շատ քիչ են, հիմնականում զիջում ենք, որ ծերերն ու երեխաները նստեն: Բացի այդ, խնդիր է նաեւ Տարոն 4 թաղամասը սպասարկող 7 եւ 8 համարի երթուղայինը: Ժողովուրդը միշտ լիքն է, անգամ կանգնելու տեղ չի լինում, շատ վատ է աշխատում: Իսկ ավտոբուսի մասին չեմ խոսում, անձրեւ օրերին նույնիսկ առաստաղից է կաթում»:

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնական մասում գտնվող կանգառների մեծ մասը տրված են վարձակալությամբ, իսկ մյուսները գտնվում են համայնքային ենթակայության տակ. «Վարձակալները հիմնականում պահպանում են տարածքը, բայց պահպանելու պատասխանատվության կեսն էլ քաղաքացիների վրա է: Անգամ, եթե նորոգում են նստարանը, կարող է անցնի ընդամենը մի շաբաթ եւ նստարանի փայտերն անհետանան»:

Աբովյանն ասաց, որ կանգառների հարցը ներառված է 2017-2021 թթ.-ի քաղաքի քառամյա զարգացման ծրագրում: Իսկ, թե երբ ծրագիրը կյանքի կկոչվի, դեռ պարզ չէ. «Մեր բաժնի կողմից մշակել ենք նաեւ տիպային նախագիծ, որ բոլորը լինեն միանման: Բայց ունենք հիմնական խնդիրը՝ ֆինանսը: Կուզեմ, որ վարձակալներն ավելի նախաձեռնող լինեն, որովհետեւ կան մարդիկ, որ թույլտվություն են ստացել դեռ 10 տարի առաջ, եւ այն ժամանակվա «մոդայով» են սարքել, բայց հիմա տեսքն արդեն այն չէ: Կարելի է մտածել, թեկուզ իրենց բիզնեսի զարգացան համար տեսքն արդիականացնեն, ժամանակակից տեխնոլոգիաներ դնեն, որն ավելի գեղեցիկ տեսք կտա: Քաղաքի կենտրոնում էլի կան նման կանգառներ, իսկ ծայրամասերում՝ ոչ, բացառությամբ մի քանի տեղերի, որովհետեւ այդտեղ բիզնես շահն արդեն չկա: Որտեղ, որ բիզնես չկա, քաղաքացին հենց այնպես ներդրում չի անի»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31