«Դա տեղավորվում է Ադրբեջանի՝ «կառուցողական» երեւալու մարտավարության շրջանակում: Նա փորձում է դիրքավորվել որպես հակամարտության «կառուցողական» կողմ, որն իբր ընդառաջում է, սակայն իրականում ոչինչ չի անում»,-«Արմենպրեսում»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանի նախագահի հանձնարարականով Տավուշի հետ սահմանագոտում բանակի ուժերը փոխարինվում են սահմանապահ ծառայության ստորաբաժանումներով, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Նա ընդգծեց՝ դեռեւս հայտնի չէ, թե ուր են տեղափոխվելու ԶՈՒ այն ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Տավուշի սահմանագծում, ուստի Ադրբեջանի նշյալ քայլը հարցադրումների տեղիք է տալիս: Քաղաքագետը չի բացառում, որ առաջիկայում էլ Ադրբեջանը նման «խաղաղասիրական» նախաձեռնություններ կսկսի. «Փաստ է, որ ադրբեջանական դիվանագիտությունն ուզում է «կառուցողական» երեւալ, իսկ թե որքան համոզիչ կլինի դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, հարց է: Հայկական կողմի համար այն համոզիչ չէ»:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանն էլ կարծիք հայտնեց, որ Տավուշի սահմանագոտուց բանակային ստորաբաժանումները տեղափոխելով՝ Ադրբեջանը գուցե փորձում է լարվածության օջախ ստեղծել Նախիջեւանի հետ հատվածում. «Գուցե դա մարտավարական գործողությունների միտում ունի, քանի որ Ադրբեջանի կողմից հայտարարվել է՝ տեղափոխվող զորքերը չեն զիջում բանակի այլ ստորաբաժանումներին»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2132489263669095/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ