Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «15 տարի մենք ձեզ դիմացանք, հիմա երիտասարդների ժամանակն է»

Դեկտեմբեր 18,2018 14:55

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը դեկտեմբերի 18-ին Կինոյի տանը կայացած ասուլիսում հայտարարեց, որ փառատոնի ողջ ղեկավար կազմը փոխվում է: Ասաց, որ ավագները շատ գործ ունեն` Կինոյի մասին  օրենքով պետք է  զբաղվեն, արտադրությամբ ու ջահելներին հաստատ չեն խանգարի:

 «Կյանքը շատ է փոխվել, երիտասարդների ժամանակն է եկել»,- նշեց Հարություն Խաչատրյանը: Նրա ձեւակերպմամբ, 15 տարի երեք հիմնադիր տնօրենները` ինքը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը իրականացրել ու ղեկավարել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ու ժամանակն է տեղը երիտասարդ ուժերին զիջել:

 «15 տարի մենք ձեզ դիմացանք, դուք էլ մեզ դիմացաք, փառք Աստծո, «Ոսկե ծիրանը» անծանոթ, անճանաչելի գյուղական փառատոնից վերածվեց լուրջ, անուն հանած, միջազգային փառատոնի, որ վերջին տարիներին 40-50 հազար հանդիսատես ունի: Հյուրերի անուններն ու թիվն էլ չնշենք… Հիմա ծրագրերը, վերաբերմունքը, ամեն ինչ փոխելու ժամանակն է, որովհետեւ աշխարհը փոխվում է, եւ փառատոներն էլ են անընդհատ փոխվում»,-նշեց Հարություն Խաչատրյանը:

 Մանրամասները` տեսանյութում

«Մենք որոշեցինք փորձել անել նորը, ավելի մտածված, նոր չափանիշերով, ուստի հրավիրեցինք նոր ղեկավարների»,-ասաց Հարություն Խաչատրյանը: Հավելեց, որ նոր կազմի անդամները եւ փառատոնը գիտեն եւ համաշխարհային կինոն, եւ լավ կրթություն են ստացել:

Փառատոնի նոր տնօրենը Հասմիկ Հովհաննիսյանն է, որը ավարտել է համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, աշխատել «Ոսկե ծիրանում», ապա պրոդյուսերական կրթություն ստացել Շվեդիայում, մի քանի բիզնես-մշակութային  ծրագրեր է իրականացրել, իսկ «Ոսկե ծիրանի» ծրագրերի ղեկավարը Կարեն Ավետիսյանն է, որը մի քանի տարի աշխատել է փառատոնում եւ ֆիլմեր է ընտրել:

«Պարոն Միքայել Ստամբոլցյանն իր տեղը առանց խղճի խայթի է զիջում Կարենին, քանի որ նա լավ գիտի կինո եւ պատրաստ է միանալու այս պայքարին, իսկ ամենակարեւոր մասնագետներից մեկը, որը զբաղվում է միջազգային հարցերով, ֆիլմերի ստացման իրավունքներով Վարվառա Հովհաննիսյանն է, որը ավարտել է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը, մասնագիտությամբ կինոգետ է, ավարտել է նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, մեզ մոտ աշխատելով նա տարբեր մասնագիտություններ է յուրացրել…»,-ընդգծեց փառատոնի հիմնադիր տնօրենը:

Մանրամասները` տեսանյութում

Ասաց նաեւ, որ նոր կազմում է Արթուր Վարդիկյանը, որը  հոլանդացի բծախնդիր կինոքննադատ Պիտեր վան Բյուրենի  կարծիքով՝ ամենաշատ կինոյից հասկացող մարդն է: Հարություն Խաչատրյանը պատմեց, որ հենց Պիտեր վան Բյուրենն է եղել «մեղավորը», որ ինքը, Սուսաննա Հարությունյանը եւ Միքայել Ստամբոլցյանը որոշել են փառատոն հիմնել:

«Նա մեզ մեղադրեց, թե ինչ ազգ ենք, ինչ երկիր ենք, որ միջազգային փառատոն չունենք: Մենք երեքով այդ ժամանակ Կառլովի Վարի փառատոնին էինք մասնակցում, որտեղ «Դոկումենտալիստը» մրցանակ էր շահել: Ծղոտագույն մազերով, կարմիր դեմքով լկտի մի մարդ միացավ մեզ հետ խմելու: Ասաց, որ տեսել է մեր ֆիլմը, բայց ի՞նչ օգուտ, որ փառատոն չունենք…Ազգ չենք, երկիր չենք, ես էլ սկսեցի հայհոյել` ինչքան անգլերենս հերիքեց, Միշան էլ որպես խաղաղության աղավնի հանդես եկավ, ես ասացի, որ մյուս տարի հուլիսին ձեզ հրավիրում եմ մեր միջազգային փառատոնին: Եկանք ու մոռացանք, մեկ էլ այդ «սրիկան» գրեց, թե ինչու միջազգային փառատոնի հրավերները չենք ստանում…Եկանք, ու որոշեցինք փառատոն հիմնել: Այս մարդը, որ ոչ ֆիլմեր է հավանում, ոչ ռեժիսորներին, սիրեց մեր փառատոնը, իսկ ամենաշատ սիրեց Արթուր Վարդիկյանին: Ասաց, որ միակ  մարդն է, որ հասկանում է կինոյից, միակ մարդն է, որ կարող է թերթ ղեկավարել»,-նշեց Հարության Խաչատրյանը:

 Նա ներկայացրեց նաեւ կինոգետ Դիանա Մարտիրոսյանին եւ Gaiff Pro-ի ներկայացուցիչ Սոնա Կարապողոսյանին, որը նաեւ ֆեյսբուքյան էջն է վարել ու զբաղվել կայքով:

«Աշխատանքն այնքան շատ է, որ միայն խորհուրդներ տալով չի, որ պետք է օգնենք, կողք կողքի աշխատենք, քանի որ գործը ինչքան անում ես, այնքան ավելանում է: Խելոք, բանիմաց, սիրուն  երեխեք են, եկեք միանգամից չքննադատենք, նրանց համար էլ կարող են սովորական բաները հանկարծ անսովոր թվալ: Շատ կարեւոր է, որ իրենք էլ իրենց սխալվելու իրավունքն ունենան» ,-ասաց փառատոնի արդեն նախկին ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Իսկ Սուսաննա Հարությունյանը խնդրեց, որ երիտասարդները ներկայացնեն «Ոսկե ծիրանի» իրենց տեսլականը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31