Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ. «Ես չեմ կարծում, որ Գեղարքունիքի մարզում կան մարդիկ, որոնց կարելի է անվանել ձկնագողեր: Պարզապես նրանց պետք է բերել օրենքի դաշտ»

Դեկտեմբեր 18,2018 14:23

Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» Ազգային պարկի, ՀՀ ընդերքի և բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության , մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության ներկայացուցիչներ, Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ քննարկել եւ որոշել Սևանա լճում սիգ ձկան որսի արգելքի ժամկետները:

Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: « Այստեղ հավաքվել են բոլոր այն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, ովքեր առնչություն ունեն Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների իրականացման հետ: Հաշվի առնելով սիգ ձկան ձվադրման սեզոնը, մենք պետք է համատեղ քննարկենք ու սահմանենք հստակ ժամկետներ՝ արգելքի հետ կապված միջոցառումները խելամիտ ժամկետում և արդյունավետորեն իրագործելու համար»,- իր խոսքում նշեց Գնել Սանոսյանը:

Ինչպես ներկայացրեց բնապահպանության նախարարի խորհրդական Կարեն Ճենտերեճյանը, գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ, նպատակահարմար է ձկնորսության արգելքը սահմանել դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ը: «Մի կողմից մենք գործ ունենք բնապահպանական, մյուս կողմից՝ սոցիալական խնդրի հետ, սակայն պետք է գտնենք ոսկե միջինը և փորձենք կանոնակարգել այս ոլորտը: Աշխատանքները կազմակերպելիս նախևառաջ պետք է շեշտը դնենք ձկնորսների շրջանում իրականացվող բացատրական աշխատանքների վրա, որում կներգրավենք շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին»,- նշեց բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը:

Թեմայի շուրջ մի շարք առաջարկություններով հանդես եկան Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարները, «Սևան» Ազգային պարկի,ՀՀ ընդերքի և բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ներկայացուցիչները: Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը առաջարկեց մինչեւ դեկտեմբերի 20-ը տեղերում կազմակերպել հանդիպումներ ձկնորսների և պատկան մարմինների միջև՝ արգելանքի ռեժիմը պահպանելու նպատակով:

Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկեց մինչև դեկտեմբերի 20-ը նախապատրաստել և ստորագրել Սևանա լճում ձկնորսության արգելման մասին քառակողմ համաձայնագիրը և այն մասսայականացնել տեղերում: «Ես չեմ կարծում, որ Գեղարքունիքի մարզում կան մարդիկ, որոնց կարելի է անվանել ձկնագողեր:Պարզապես նրանց պետք է բերել օրենքի դաշտ, ինչը կարելի է անել կանոնակարգված և բացատրական աշխատանքով: Նրանք պետք է գիտակցեն, որ ձվադրման շրջանում սահմանված արգելանքը ավելի շատ շահեկան է իրենց համար, քանի որ դա իրենց վաղվա ապրուստի միջոցն է: Մեր համատեղ աշխատանքը նաև պետք է բերի նրան, որ արգելանքի ժամանակահատվածում չլինեն որևէ արտոնյալներ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31