2017 թվականի ձմեռային եւ 2018 թվականի ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների խախտման դեպքերով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 94 զորակոչիկներ կամ նրանց հարազատներ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Անցած տարվա համեմատ, դիմողների թիվն աճել է 35 տոկոսով:
Խախտված իրավունքների թվի ավելացումը բանախոսը մի քանի գործոններով է պայմանավորում`իրազեկման մակարդակն է բարձրացել, առողջական խնդիրներով բանակ զորակոչվող քաղաքացիների թիվն է ավելացել, նաեւ`քաղաքացիները, մասնավորաբար, զորակոչիկները ավելի իրավագիտակից են դարձել: Իրենց դիմած 94 քաղաքացիներից 67-ը համաձայն չեն բժշկական փորձաքննությունների արդյունքների հետ, պատշաճ բուժզննում չեն անցնում, նրանց առողջական խնդիրները չեն լուծվում եւ այդպես զորակոչվում են: Կազմակերպության աջակցության արդյունքում 19 քաղաքացու տարկետում է տրամադրվել`մինչեւ մեկ տարի ժամկետով, 7 հոգի ճանաչվել են զինվորական ծառայությանը ոչ պիտանի եւ ազատվել են ծառայությունից, մեկ հոգու վերաբերյալ զինծառայությանը պիտանի լինելու մասին որոշումն է փոխվել: Զորակոչիկը վիրահատության է ենթարկվել, հաջորդ զորակոչին նրա`ծառայության պիտանելիության հարցը կքննարկվի: 12-ն էլ զորակոչվել են ծառայության, թեպետ համաձայն չեն եղել իրենց`զինապարտ լինելու մասին որոշման հետ: Նրանցից 10-ը բողոքարկել են այդ որոշումը:
Ազգ-բանակ ծրագրի շրջանակներում մի շարք փոփոխություններ են եղել, որոնց արդյունքում օրենսդրական խնդիրներ են առաջացել կամ օրենքի իրավակիրառականությանը վերաբերվող: Դրականն այն է, որ զինապարտ լինելու չափորոշիչների ցանկն այդ փոփոխություններով պայմանավորված այլեւս ոչ թե պաշտպանության նախարարի հրամանով է սահմանվում, այլ կառավարության որոշմամբ: Բայց, մինչ իրավական ակտի ընդունումը, հանրային հատվածին հնարավորություն չի տրվել առաջարկություններ ներկայացնել: ՊՆ-ում դա պարզաբանել են ժամանակի սղությամբ, առաջիկայում զորակոչ է, պետք է կազմակերպական աշխատանքներ սկսեն: «Որոշ ախտորոշումներ չեն համապատասխանում միջազգային դասակարգումներին, շատ ձեւակերպումներ անորոշ են, հրամանում շատ ժամանակ խտրական կամ նեգատիվ բնույթի արտահայտություններ են պարունակում որոշակի հիվանդությունների ֆունկցիայի աստիճանները հստակ չեն եւ թողնված են բժիշկների սուբյեկտիվ մոտեցմանը, որոշ հիվանդությունների դեպքում անգամ ախտորոշիչ մեթոդները սահմանված չեն, կան վիրահատական ցուցումներ, որոնք մինչ զորակոչը պետք է իրականացվեն, բայց առանց վիրահատության քաղաքացուն զորակոչում են»,- կառավարության որոշման վերաբերյալ վերապահումները թվարկեց Արմինե Սադիկյանը:
Կազմակերպությունն այժմ բողոքարկում է 18 զորակոչիկների գործերը, որոնցից 7-ը դատական, 11-ն`ըստ վերադասության:
Արձանագրված հիմնական խնդիրներն են, որոնք գալիս են նախկինից. բացակայում է միատեսակ իրավակիրառ պրակտիկան, երկակի ստանդարտներ են կիրառվում, քաղաքացիների համար բազմաթիվ խնդիրներ են առաջացել զինկոմիսարիատների օպտիմալացման արդյունքում, առողջության ախտորոշումների եւ չափորոշիչների խնդիրներն են շարունակվում, շատ դեպքերում բժշկական հանձնաժողովները լրացուցիչ փորձաքննություններ չեն իրականացնում, որը կարող է էական ազդեցություն ունենալ զինապարտության պիտանելիության վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի