«Ցաաա՜վդդ»,- ահա այսպես այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի ընկերներն ու հարազատներն արձագանքեցին դատարանի որոշմանը:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց Նորատուսցի Ալիկի ու իր ընկերների գործով վճիռը եւ արդարացրեց Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Նրանց սպանության համար մեղադրվում են Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Ալիկ Բանդուրյանը եւ Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ: Ըստ մեղադրանքի՝ «Լիա»-ի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով նաեւ Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը, ապա Պետրոս Իսրայելյանը եւ Գևորգ Ավետիսյանը սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի միջոցով հարվածել են Մուշեղ Մուշեղյանին, որն էլ ի պատասխան ատրճանակով կրակոցներ է արձակել. մահացել է Գևորգ Ավետիսյանը, ծանր վիրավորվել՝ Արամ Պետրոսյանը (որը Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շրջապատից է):
Արմեն Գասպարյանը նույնպես արդարացվեց ու ազատ արձակվեց:
Պետրոս Իսրայելյանը՝ Չարբախցի Գեղամը մարմնական վնասվածք հասցնելու համար 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց, բայց նոյեմբերի 6-ին ընդունված համաներմամբ նա էլ ազատ արձակվեց:
Ուշագրավ է, որ Նորատուսցի Ալիկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ «Գասպարյան Վովայի պատվերը չեղավ»:
Նրա հարազատներն ու ընկերները բացականչում էին՝ «կեցցե Նիկոլը, ժողովուրդ ջան, արդարություն կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ