«168 ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը փորձեց մեկնաբանել, թե ինչու հանկարծ ակտիվացան խոսակցությունները կարգավորման մասին։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Դուշանբեի սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ և պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։ Նրա գնահատմամբ՝ կարևոր է այս փուլի համար, որ երկու կողմն էլ զսպվածություն է ցուցաբերում իր գնահատականներում, ինչը, չի բացառվում, որ այն պատճառով է, որ կողմերը դեռ ծանոթ չեն միմյանց իրական մտադրություններին կամ ակնկալիքներին։ Ըստ նրա՝ պատահական չէ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին։
«Բելառուսի նախագահի այս հայտարարությունների պատճառներից մեկն էլ ռուս-բելառուսական տարաձայնություններն են գազի գնի շուրջ, տարաձայնությունը ՀՀ իշխանությունների հետ ՀԱՊԿ-ում։ Բելառուսի նախագահը պայքարում է հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հասկացնելով, որ եղել է կարգավորման ծրագիր, և, եթե այն անցյալում է, այդ մասին չէր խոսի։ Ամենահարմար պահին այս ծրագիրը կրկին կհայտնվի բանակցային սեղանին, և ըստ էության Ադրբեջանը դեմ չէ այդ ծրագրին։ Կարծում եմ՝ այս փուլում գուցե սրվի մրցակցությունը բանակցային առաջնորդության համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Ընտրություններից հետո Ռուսաստանը գործընթացը փորձում է իր ձեռքը վերցնել, Ադրբեջանը համերաշխ է ՌԴ-ի հետ, իսկ հայկական կողմը հասկացնում է, որ հակամարտության կարգավորման համար զիջումներ են հարկավոր բոլոր կողմերից։ Իմ կարծիքով՝ կարգավորում տարածաշրջանին հարկավոր է, բայց ոչ՝ կողմերից մեկի շահերի և անվտանգության հաշվին, հենց այդ պատճառով է հարկավոր գործընթացը պահել միջազգային համանախագահության շրջանակում, քանի որ այս ծրագրով ՌԴ-ն փորձում է ազդեցությունը պահել այս տարածաշրջանում։ Այս իրավիճակում ՀՀ իշխանություններից է պահանջվում զգոնություն և սեփական շահերի բարձր գիտակցում։ Ընտրությունները ցույց տվեցին, որ կա հանրային աջակցություն, ինչը հավելյալ գործոն է՝ ի նպաստ իշխանությունների»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, թե սպասելի էին այս փուլում նման խոսակցությունների ակտիվացումներ։ Ուստի, նրա խոսքով, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմագրավել։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում