Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «դաշնակիցները»՝ սպառնալիքի գլխավոր աղբյուր

Դեկտեմբեր 18,2018 22:00

Այսպես այլեւս շարունակվել չի կարող

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արձանագրեցին եւ իրավաբանորեն արձանագրեցին օրինաչափական եւ կանխորոշված իշխանափոխությունը նաեւ Ազգային ժողովում՝ խաղից դուրս դնելով գրեթե բոլոր այն ուժերին, որոնց միջոցով, նաեւ՝ որոնց թողտվությամբ Հայաստանը ընկղմվել էր պուտինյան Ռուսաստանի կողմից ստեղծված ճահճի մեջ։
«Ամենաբարյացակամ» արձագանքը, որին այսօր արժանանում է Հայաստանն իր «ավանդական դաշնակիցների» այդ կոնգլոմերատի կողմից, անբարյացակամ անտարբերությունն է եւ լռությունը։ Պաշտոնական մակարդակում գոնե այդպես է՝ մեկ բացառությամբ, որին դեռ կանդրադառնանք։ Իսկ «անկախ» մամուլը եւ ավելի «անկախ» փորձագետներն անթաքույց ձեւով եւ առանց բարդույթների ուղղակի դժգոհություն են արտահայտում Հայաստանում ամբողջ քաղաքական գործընթացի նկատմամբ՝ մեծ հաշվով «լրացնելով», պարզաբանելով եւ բովանդակություն հաղորդելով նրանց պաշտոնական լռությանը։

Հայաստանի քաղաքացիներն ազատ ընտրություններին մանդատ են տվել քաղաքական թիմի, որը պետք է հաղթահարի անցած քսան տարվա «ժառանգությունը»՝ քաղաքական ավերակները, որը մնացել է նախկինից, այդ թվում՝ արտաքին քաղաքականությունում։

Ըստ այդմ, կա կոնսենսուս, եւ հայտարարվել է, որ չեն լինելու «աշխարհաքաղաքական ռեւերսներ», այսինքն՝ Հայաստանը չի լուծարելու որեւէ պայմանագիր ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում, սակայն փոխելու է դե ֆակտո հարաբերությունները, «նոր շունչ է հաղորդելու» դրանց, մի բան էլ՝ «ընդլայնելու եւ խորացնելու» է այդ հարաբերությունները։

Արդյո՞ք խնդիրն իրատեսական է, լուծելի է, եւ մեր «դաշնակիցները» պատրաստ են ականջալուր լինելու Հայաստանի փաստարկներին, որ դա «բխում է բոլորի շահերից», դրանից «լավ կլինի բոլորին» եւ այլն։

Բելառուսի բռնապետ Լուկաշենկոն Հայաստանի փոխարեն առաջինը «շուռ տվեց սեղանը»։ Այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը Հայաստանին բազմաթիվ անպարկեշտ առաջարկություններ են արվել Մոսկվա-Բաքու դուետի կողմից՝ «շրջանների վերաբերյալ», իսկ Երեւանը միայն «հրաժարվել է», անաղմուկ, գաղտնի, հեզ եւ «սեփական երգի կոկորդին կանգնելով», ինչի մասին ասվում էր բազմիցս՝ սկսած 2010-ից։ Հայաստանը միայն «հրաժարվում էր», բայց ոչ թե «սեղանը շուռ տալիս» այդ առաջարկությունն անողների վրա, քանզի դրանք առաջարկություններ չէին, այլ ինքնասպանության հրավեր։

«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի՝ դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւը)… Ես նրան ասացի, Նիկո՛լ, արի բոլոր կետերը դնենք «ի»-երի վրա՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստա՛նը… Եվ ես նրան՝ էդ ինչու լեզուդ մտցրեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա… վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայե՛լը, իսկ երրո՞րդ՝ Թուրքիա՛ն, եւ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել»,- պատմել է Լուկաշենկոն ռուս լրագրողներին Մինսկում:

Վստահաբար, դրա վերաբերյալ պատասխանը Երեւանից կտրվի, եւ Լուկաշենկոն էլ, իր Վլադիմիր Վլադիմիրովիչով հանդերձ, իրենց «լեզուները կմտցնեն» որտեղ պետք է, եւ կյանքը դեռ ցույց կտա, թե ում լեզուն՝ որտեղ, դա հարց էլ չէ։ Սակայն հարցը մնում է բաց. մենք ի՞նչ խնդիր ենք լուծում՝ մնալով այս քաղաքական աղբանոցում, իսկ քաղաքական աղբը համարելով «դաշնակից»։ Ո՞վ է ասել, որ այստեղ «մեր շահերը համընկնում են»։ Որտե՞ղ եք դա տեսնում։

Իհարկե, տեսականորեն կարելի է նաեւ թումանյանական «Տերն ու ծառայի» Սիմոնի նման շարունակել պնդել, թե «պայմանը պայման է», եւ անել, ինչ ուզում ես՝ սեւը բերելով «տերերի» գլխին, եւ շարունակել հարցնել, թե «բարկանո՞ւմ ես, աղա ջան», սակայն պետք է ընդունել, որ գործ ունենք ոչ թե այդ հեքիաթի գեղջուկ խաբեբայի, այլ ամբողջապես քրեական մտածողությամբ, միջնադարյան մոնղոլների բարքերով առաջնորդվող աչքածակ մի շրջանակի հետ, որը սովոր է մերձավորին «փուռը տալ», որպեսզի իրեն «փուռը չտան», եւ երրորդ տարբերակն իրենց համար անպատկերացնելի է։ Եվ նրանց շահերն են իրար հետ համընկնում գոնե մի հարցում, որ իրենց հարցերն Ադրբեջանի հետ լուծվում են իրենց պատանդ հանձնված, պատանդի կարգավիճակում մնացած Հայաստանի շահերի հաշվին։

Ուստի ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանն «ընդլայնել եւ խորացնել հարաբերություններն» այս քաղաքական աղբանոցի հետ, եւ ամենակարեւորը՝ որ ի՞նչ անի, եւ որ ի՞նչ լինի, մենք պատրա՞ստ ենք շարունակել դաշնակից համարել նրանց, ովքեր զինում են մեր հակառակորդին։

Հայաստանը քաղաքական հեղափոխությունից եւ արտահերթ ընտրություններից հետո հայտարարում է, որ առջեւում տնտեսական հեղափոխությունն է, եւ դա տրամաբանական է։ Սակայն պարզ չէ, թե նման «շրջապատով» եւ «բարեկամ-դաշնակիցներով» ինչպե՞ս է դա ստացվելու։ Տնտեսական հեղափոխությունը հեշտ բան չէ, եւ ավելորդ է ասել, որ այդ մեր «բարեկամները» միտք չունեն մեզ «անցումային բարձիկ» ապահովելու։ Ավելին, Հայաստանի խոցելիությունն այդ անցման ընթացքում նրանք կազմ-պատրաստ են ուղղելու ընդդեմ Հայաստանի, ընդդեմ Հայաստանում ցանկացած փոփոխության, որը մեր երկրին կտարբերի այդ միջնադարյան գողապետություններից եւ գողատնտեսություններից։ Նրանք՝ «մեր դաշնակից» բռնապետությունները եւ Ադրբեջանը միասին, դարձել են Հայաստանի համար սպառնալիքի գլխավոր աղբյուրը, նույնիսկ իրենց «հոգեհարազատ» Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, իսկ հիմա այսպես շարունակվել չի՛ կարող։ Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց հեղափոխությունը պետք է դաշնակիցներ ունենա, իսկ այսօր մենք ունենք այնպիսի «դաշնակիցներ», որոնց հետ մեզ այլեւս թշնամիներ պետք չեն։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

18.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Գիտէք ինչ, դուք էք որ խորապէս ստորագնահատում ձեր ժողովուրդի խելքի մակարդակը:
     
    Հիմնական մէջբերում՝
    « Հայաստանի քաղաքացիներն ազատ ընտրություններին մանդատ են տվել քաղաքական թիմի, որը պետք է հաղթահարի անցած քսան տարվա «ժառանգությունը»՝ քաղաքական ավերակները, որը մնացել է նախկինից, այդ թվում՝ արտաքին քաղաքականությունում։  »
     
    Սակայն ընտրութեան պահին նախորդող բազմաթիւ ամիսներու ընթացքին, ներառեալ ամբողջ ընտրարշաւը, մինչեւ քուէարկութեան վերջին պահը, նոր քաղաքական թիմը երբեւիցէ յայտնե՞ց թէ էական փոփոխութիւններ է կատարելու՝արտաքին քաղաքականությունում: Ոչ:

    Այսքանը արդէն բաւարար է չէզոքացնեքու համար ձեր վերոնշեալ սխալ հաստատումը:

    Բայց դեռ աւելին, ընդհակառակն, Փաշինյանը, իր խօսքերով եւ վարքագծով, բազմիցս յայտնեց, կրկնեց ու վերահաստատեց թէ այդ ոլորտում չե՛ն լինելու այդպիսի էական փոփոխութիւններ:
     
    Հետեւաբար, ընտրական մանդատի վերոնշեալ ձեր արժեւորումը բացայայտօրէն սխալ է: Իրականութիւնը հակառակն է: Քաղաքացիները այդքան մեծ թիւով քուէներ շնորհեցին նոր քաղաքական թիմին, մինչ ուրիշներ ալ ընտրութեան օրը տունը մնացին, քանի որ նոր քաղաքական թիմը յստակօրէն հաւաստիացուցած էր որ արտաքին քաղաքականությունը պահելու է, էապէս, անփոփոխ:
     
    Ձեր այս յօդուածին հիմքը, բացայայտօրէն սխալ է: Ճիշդ չէք անում, Պարոն Մեհրաբյան: Այս նիւթով, բնաւ չէք օգնում Փաշինյանին, այլ նպաստում էք իր ամենաբարի ջանքերու ամենաաղետալի հետեւանքներու հաւանականութեան:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

  2. avag says:

    Աստված տա, ռուսները շատ արագ իրանց զորքերը հանեն Հայաստանից:
    Օրհնվի էտ օրը

  3. Brinjao says:

    Avag, աստված չկա, որ տա կամ չտա: Կան միայն զորքեր եւ պետական շահեր: Եթե շատ եք ուզում, որ Հայաստանի բացահայտ թշնամիների թիվը շատ արագ մեկով ավելանա՝ կարող եք «դուխով» դուրս հրավիրել ռուսական զորքերին: Միայն մի մոռացեք, որ մի գեղեցիկ օր այդ նույն զորքերը կարող են շատ արագ հետ վերադառնալ՝ բայց արդեն թուրքերի հետ միասին: Հայաստանը շատ արագ «ազատագրելու» առիթ միշտ էլ կգտնվի՝ լինի դա 1920 կամ 2020 թվականին…

  4. Սահակ Շահմուրադյան says:

    Ռուսաստանը վաղուց պետք է վերջ տար իր ներկայությանը ոչ միայն Հայաստանում այլ ողջ Անդրկովկասյան տարածշրջանում: Սակայն նրանց 200 ամյա ներկայությունը տարածաշրջանում և Ռեյգանի խոսքով ԽՄ սատանայական կայսերության 75 ամյա տիրապետությունը Կովկասյան և Միջին Ասիական տարածաշրջանների հանրապետություններում այնպիսի քաղաքական և մշակությաին տիրապետության պայմաններ էր ստեղծել այդ ժողովուրդների համար որ ԽՄ չարաբաստիկ կասերության փլուզումից հետո նշյալ հանրապետությունների հասարակությունը դեռ պատրաստ չեր ազատվել ռոսական տիրապետության ճիրաններից: Սակայն այսօր Հայստանի հասարակությունը գիտակցում է իր քաղաքական իրավունքներին և պատրաստ է վերջ տալ Ռուսաստանի ներկայությանը Հայստանում և այն կառուցել նոր հարաբերությունների հիմնա վրա:

    • Brinjao says:

      Իսկ Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը չպե՞տք է վերջ տան իրենց ներկայությանը այդտեղ: Միայն Ռուսաստա՞նն է պարտավոր նման հիմարություն անել: Եթե ռեյգանական պրիմիտիվ քարոզչությունը ծամելու փոխարեն ուսումնասիրեիք տարածաշրջանի վերջին 300 տարվա պատմությունը, ապա լրիվ պարզ կլիներ, որ հայերը ուղղակի երազում էին հայտնվել ռուսական տիրապետության «ճիրաններում», աղաչում-պաղատում էին ռուսներին շուտափույթ մտցնել իրենց քաղաքական եւ մշակութային ոլորտը: Իհարկե՝ ինչպես եւ բոլոր կայսրությունները, Ռուսաստանը գրավեց տարածաշրջանը ոչ թե հայերի գեղեցիկ աչքերի համար, ոչ թե մեզ մահմեդականների լծից ազատագրելու համար, այլ սեփական շահերը առաջ տանելու, իր ծավալապաշտական ախորժակը բավարարելու համար: Բայց անհերքելի պատմական փաստ է եւ այն, որ հայ ժողովուրդը եւս կարողացավ դրանից շոշափելի օգուտ ստանալ: Անուղղակի կերպով, իհարկե, միգուցե եւ ի հեճուկս ռուսների, բայց ներկայիս անկախ Հայաստանը շատ բանով պարտական է հենց ռուսական գաղթատիրությանը: Սա լոկ որպես պատմական փաստ: Իսկ Ռուսաստանի հետ այժմյան հարաբերությունները պետք է վարել խիստ զգույշ, հանգիստ, հավասարակշռված, առանց ավելորդ քնարական զեղումների ու հակառուսական քարոզչական հիմարությունների: Պետք է բոլոր դեպքերում հաշվի առնել, որ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից ձեռնտու չէ հենց Հայաստանին…

  5. Ռուսաստանը վաղուց պետք է վերջ տար իր ներկայությանը ոչ միայն Հայաստանում այլ ողջ Անդրկովկասյան տարածշրջանում: Սակայն նրանց 200 ամյա ներկայությունը տարածաշրջանում և Ռեյգանի խոսքով ԽՄ սատանայական կայսերության 75 ամյա տիրապետությունը Կովկասյան և Միջին Ասիական տարածաշրջանների հանրապետություններում այնպիսի քաղաքական և մշակությաին տիրապետության պայմաններ էր ստեղծել այդ ժողովուրդների համար որ ԽՄ չարաբաստիկ կասերության փլուզումից հետո նշյալ հանրապետությունների հասարակությունը դեռ պատրաստ չեր ազատվել ռոսական տիրապետության ճիրաններից: Սակայն այսօր Հայստանի հասարակությունը գիտակցում է իր քաղաքական իրավունքներին և պատրաստ է վերջ տալ Ռուսաստանի ներկայությանը Հայստանում և այն կառուցել նոր հարաբերությունների հիմնա վրա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31