«Ադրբեջանի նախագահը կառավարում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը»,- այս մասին ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առկա իրավիճակին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տեղեկատվական ակտիվություն կա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ։ Նախ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ առաջարկների մասին։ Լուկաշենկոն նշել է, որ այդ հարցը քննարկվել է դեռևս Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր։
Բելառուս առաջնորդը հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միասնական լուծում գտնել այդ հարցի համար՝ գնալով փոխզիջումների։ Ընդ որում, Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ։ «Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացվել է 7 շրջան։ Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա տեղի է ունեցել Երևանում՝ ՀԱՊԿ հանդիպմանը)։ Սերժ, տուր այդ 5 շրջանը։ Ի՞նչ իմաստ ունի դրանք պահել, երբ դատարկ են։ Նա ասաց, եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կշրջափակեն Ղարաբաղը եւ այլն։ Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել)։ Նա ասաց. «Ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- շարունակել է պատմել Ա. Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի այդ պահվածքն իրեն զարմացրել է։ «Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական։ Դա Ղարաբաղի մասին չէ»,- հավելել է Բելառուսի նախագահը։ Սրան զուգահեռ՝ կադրային փոփոխություններ են տեղի ունենում ԼՂՀ կառավարությունում, այդ թվում առանցքային պաշտոնների հարցում։ Իսկ օրեր առաջ Բաքվում լրագրողների հետ զրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ադրբեջանական կողմն անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Լավրովը լրագրողներին պատմել էր, որ երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և հավելել է, թե ադրբեջանական կողմը ցանկանում է վերականգնել ու շարունակել բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ, և, որ Ադրբեջանը «կառուցողականորեն է տրամադրված»։
Սերգեյ Լավրովը նաև հույս էր հայտնել, որ հայկական կողմը կառավարությունը ձևավորելուց հետո պատրաստ է լինելու շարունակել ակտիվ շփումները։ Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, արձագանքել է այս տեղեկատվական ակտիվությանը՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրելով, որ Հայաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը, իսկ խաղաղ կարգավորման համար ջանքեր են պահանջվում բոլոր կողմերից։
Ստանիսլավ Տարասովի դիտարկմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ակտիվ բանակցային գործընթացը սկսվել է, ինտենսիվ աշխատանք կա: Նրա խոսքով, աչքի է զարնում այն, որ Բաքվից գալիս են դրական ազդակներ, Փաշինյանը եւս տրամադրված է բանակցությունների, Լավրովը, Զախարովան խոսում են նույն բանի մասին, նախարարները վերջին ամիսներին հանդիպել են երեք անգամ և երկար զրույցներ ունեցել։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Արցախյան կարգավորման հարցից դուրս են եկել տարածքների ,,գրավման,,մեղավորները՝Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը,սակայն տարածքներ կորցրած Հեյդար Ալիևի ,,աբիժնիկ,,որդին դեռ ղեկավարում է ,որը հույս ունի ,,մաքրել,,արատավորված հոր անունը:Հետևաբար հարցի լուծումը կձգձվի մինչև Իլհամի պաշտոնից հեռացումը….