Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ մթնոլորտում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հարություն Մելքոնյանը

Դեկտեմբեր 18,2018 12:19

Անցկացվեց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի կոնֆերանսը, որի օրակարգում մեկ հարց էր՝ նախագահի արտահերթ ընտրություն: Կոնֆերանսին հրավիրված 40 պատվիրակներից ներկա էին 37-ը: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին ընթացիկ տարում կյանքին հրաժեշտ տված ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի եւ մյուս գործընկերների հիշատակը, որից հետո անցան օրակարգային միակ հարցին: Առաջադրվել էր երկու թեկնածու՝ մոսկվաբնակ գործարար, նախկին հանդբոլիստ Արսեն Խաչատրյան եւ Հարություն Մելքոնյան:

Առաջին թեկնածուի ելույթի հենց սկզբից պարզ դարձավ, որ նա նախատեսում է խոսափողը զբաղեցնել առնվազն երկու ժամ: Դա բուռն բանավեճերի առիթ դարձավ, ուստի կոնֆերանսը քվեարկությամբ որոշեց նախագահի թեկնածուներին իրենց ծրագրերը ներկայացնելու համար տրամադրել մինչեւ 20 րոպե:

Արսեն Խաչատրյանը խիստ քննադատության ենթարկեց հանդբոլի ֆեդերացիայի վերջին 20 տարվա աշխատանքը՝ նշելով, որ այդ ամբողջ ընթացքում մարզաձեւը Հայաստանում բոլոր առումներով նահանջ է ապրել եւ ներկայացրեց մարզաձեւը վերածնելու իր պատկերացումները, ընդհուպ մինչեւ պետությունից հատկացվող բյուջեի առնվազն եռապատկում իր ընտրվելու դեպքում: Նա հատկապես դժգոհեց ֆեդերացիայի՝ 20 տարվա հնություն ունեցող գործող կանոնադրությունից, որը ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն է:

Հարություն Մելքոնյանը ներկայացրեց ֆեդերացիայի կատարած աշխատանքները, շնորհակալություն հայտնեց մարզային ֆեդերացիաների նախագահներին, մարզադպրոցների տնօրեններին, մարզիչներին, որոնք երկրի ծանր իրավիճակներում հանդբոլի խմբեր են պահել ու այսօր այնտեղ զբաղվում են մարզաձեւով: Նա նաեւ հանձն առավ, որ ընտրվելու դեպքում իր առաջին քայլը կլինի ֆեդերացիայի հանձնարարությամբ կանոնադրությունը փոխելը եւ ՀԿ-ների մասին օրենքի պահանջներին համապատասխանեցնելը: Հարություն Մելքոնյանը, նշելով, որ ծրագիր ներկայացնելը եւ ելույթ ունենալը միանգամայն տարբեր բաներ են, պատվիրակներին եւ հյուրերին ներկայացրեց ֆեդերացիայի հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները, որ պատրաստվում է իրականացնել ընտրվելու դեպքում:

Կրքերը բորբոքվեցին նախագահի ընտրությունը բաց թե փակ քվեարկությամբ կազմակերպելու շուրջ: Կոնֆերանսի նախագահողը տեղեկացրեց, որ ֆեդերացիայի կանոնադրությամբ նախագահն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Նա վկայակոչեց նաեւ վերադաս հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնադրության այն հատվածը, որտեղ գրված է՝ որպես կանոն ֆեդերացիայի նախագահի քվեարկությունն անցկացվում է բաց քվեարկությամբ: Տեղեկացրեց նաեւ, որ կա այնպիսի կետ, ըստ որի կոնգրեսի պատվիրակների պահանջով քվեարկությունը կարող է կազմակերպվել փակ: Իսկ այս դեպքում կողմնորոշվելու միակ տարբերակը այդ հարցը կոնֆերանսում քվեարկության դնելն է: Այստեղ տեսակետները սկզբունքորեն հակադարձ էին, ինչի արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի չեկան: Ստեղծվեց խառնաշփոթ իրավիճակ: Ի վերջո, քվեարկությամբ որոշվեց նախագահի ընտրությունն անցկացնել բաց եւ ձայների մեծամասնությամբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հարություն Մելքոնյանը:

Մյուս թեկնածուն՝ Արսեն Խաչատրյանը, հայտարարեց, որ բողոքարկելու է կոնֆերանսի ընդունած որոշումը եւ դիմելու է դատախազություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մանկութեանս տարիներին (ու հիմա՛ էլ) այս մարզաձեւն ինձ համար կոչւում էր «Ձեռքի գնդակ» (ես, բառիս բուն իմաստվ հայախօս ընտանիքում եմ մեծացել)։ Բայց քանի որ Հայաստանը Ռուսաստանի գաղութ էր (եւ առայժմ է՛), մարզաձեւը սկսեցին կոչել «գանդբոլ»։ Վերջին տարիներին հայաստանցիները մի քիչ «քաղաքակրթուեցին ու զարգացան», ու հիմա «հանդբոլ» են ասում։

    Ասածս ի՞նչ է. ուզում է 10 հատ էլ թաւշեայ յեղափոխութիւն լինի, միեւնոյն է, դեռ երկա՜ր տարիներ քաղաքակրթական առումով թշուառութիւնն այս ազգից անպակաս է լինելու։ 😊 (շատ չնեղուէք ասածներիցս)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31