Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեկամությունն» ինձ ընդունեց բարեկամաբար»

Դեկտեմբեր 18,2018 15:43

Հարցազրույց վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի նորանշանակ տնօրեն Արթուր Դանիելյանի հետ

– Վերջին շրջանում մշակութային դաշտում փոփոխությունները, մասնավորապես՝ թատրոնների նոր ղեկավարների նշանակումները, միանշանակ չընդունվեցին կոլեկտիվների կողմից: Մինչ օրս էլ շարունակվում են դժգոհությունները: Ձեզ ինչպե՞ս ընդունեց «Բարեկամությունը»:

– «Բարեկամությունն» ինձ ընդունեց բարեկամաբար, ջերմ՝ սկսած գեղարվեստական ղեկավար, անվանի խորեոգրաֆ Նորայր Մեհրաբյանից, անսամբլի արտիստներից մինչեւ ադմինիստրատիվ աշխատողները: Ի դեպ, վերջերս անսամբլը հիանալի ելույթ ունեցավ Սպիտակի մշակույթի տանը: Կարճ ժամանակ է, ինչ աշխատում եմ կոլեկտիվի հետ եւ առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:

– Դուք մասնագիտությամբ երաժիշտ եք: Կուզեինք իմանալ՝ մինչ այս աշխատանքը որտե՞ղ եք ստեղծագործական գործունեություն ծավալել, գուցե նաեւ ադմինիստրատիվ աշխատանք եք վարել:

– Աշխատել եմ Մեցցո-պիանո ՀՈԱԿ-ի տնօրեն, գործառույթներս բազմաթիվ էին, առանձնացնեմ միայն մեկը. լարային կվինտետը, որը իսկապես սպասված հյուր է եղել Աջափնյակի վարչական շրջանի միջոցառումներին, եւ ոչ միայն, ծավալել է բուռն ստեղծագործական-բեմական կյանք, այսօր էլ շարունակում է գործել: Շուրջ տասը տարի դասավանդում եմ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում եւ այժմ էլ համատեղելու եմ մանկավարժական գործունեությունս: Շվիահար սաներս մասնակցել են քաղաքային եւ միջազգային մի շարք մրցույթների ու փառատոների (նկատի ունի նաեւ Գյումրիի Վերածնունդ փառատոնը):

– 30 տարին բոլորած «Բարեկամություն» անսամբլը վաղուց ճանաչված ու սիրված է ոչ միայն հանրապետությունում, այլեւ արտասահմանում եւս: Այս գործում, բնականաբար, իրենց ներդրումն ունեն նաեւ նախկին տնօրենները, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել են: Դուք ի՞նչ ծրագիր, հայեցակարգ եք մշակել անսամբլի հետագա գործունեության համար:

– Երաժշտի մասնագիտությունս թույլ է տալիս տեսնելու, հասկանալու մշակույթի այլ ոլորտների ոչ միայն գործունեությունը, այլեւ խնդիրները եւ դրանք լուծելու օպտիմալ ճանապարհը: «Բարեկամությունն» իր տեսակով միակ անսամբլն է, որը հայկական ազգային պարը ներկայացրեց դասական, խորեոգրաֆիկ ոճով եւ Նորայր Մեհրաբյանի ջանքերով է, որ բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Մեր պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի, Մանսուրյանի, Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ամիրխանյանի եւ մյուս ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունների եւ մշակումների հիման վրա: Ժողովրդական երաժշտության վրա իրականացված ազգային պարերից անսամբլը հանդես է եկել նաեւ ժամանակակից համարներով, օրինակ՝ Էլթոն Ջոնի, Կարլ Օրֆիի եւ մյուս հռչակավոր ստեղծագործողների երաժշտություններով: Անսամբլի պարացանկում են Գրիգոր Հախինյանի «Լոռեցի Սաքո», «Ավե Մարիա» ներկայացումները, «Հիսուս Քրիստոս սուպեր աստղ», «Գրիգոր Լուսավորիչ», «Լիլիթ» ռոք օպերաները եւ այլն: Անսամբլը բազմաթիվ ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում, մասնակցել պետական տոներին ու հոբելյաններին նվիրված միջոցառումներին ու համերգներին: Հասկանալի է, որ պահպանելով նման ծանրակշիռ ժառանգությունը, պետք է անել ավելին: Այս պահին թույլ տվեք փակագծեր չբացեմ, միայն տեղեկացնեմ, որ Նորայր Մեհրաբյանը ձեռնամուխ է եղել 2019-ին հանդիսատեսին ներկայացնել ոչ միայն իր, այլեւ հրավիրված խորեոգրաֆների աշխատանքներ, ապրիլի 29-ին Պարի միջազգային օրը «Բարեկամությունը» կնշի Ստեփանակերտում՝ համերգային մեծ ծրագրով…

– Ձեր թվարկած ծրագրերի ոչ լրիվ ցանկը ուղիղ համեմատական է տնօրենի գործառույթների շրջանակում միշտ իր ծանրակշիռ տեղն ունեցող ֆինանսատնտեսական բաղադրիչին…

– Այդ ամենը հասկանալով հանդերձ եմ ստանձնել պաշտոնը եւ անելու եմ ամեն ինչ…

– Բացի տաղանդավոր գեղարվեստական ղեկավարից ու գործունյա տնօրենից, ոչ միայն «Բարեկամությանը», այլեւ պարային պետական կոլեկտիվներին անհրաժեշտ է համապատասխան բեմ: Քանիցս բարձրացրել ենք այդ հարցը, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահն ու օպերային թատրոնը պարային կոլեկտիվների ելույթների համար անհարմար են: Օրինակ՝ այսօր ունեք տոնական համերգ «Արամ Խաչատրյանում», իսկ դա նշանակում է, որ արտիստները համարից համար զգեստափոխվելուց հետո նկուղային հարկում գտնվող հարդարման սենյակներից նեղ աստիճաններով պետք է բարձրանան կուլիսներ ու հեւալով մտնեն բեմ…

– Անկասկած կան նման դժվարություններ: Նոր կառավարության ձեւավորվելուց հետո անշուշտ կբարձրաձայնենք խնդիրների մասին, գլխավորն, իհարկե, պարային կոլեկտիվների համար համապատասխան պայմաններով բեմն է:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

18.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31